Սիրելի բարեկամ, երբևէ գնացե՞լ ես արևածագ դիմավորելու։ Ես մի քանի անգամ մասնակցել եմ արևածագը դիմավորելու հատուկ կազմակերպված խմբային նախաձեռնությունների։ Հիշում եմ առաջին անգամը իմ դպրոցի ավարտական երեկոյից հետո էր՝ հաջորդ առավոտյան։ Մի քանի անգամ էլ եկեղեցու կազմակերպած մանկապատանեկան ճամբարների ժամանակ եմ մասնակցել եմ արևածագը դիմավորելու արշավների։ Եթե անգամ արևածագ դիմավորելու նման հատուկ կազմակերպված նախաձեռնությունների չես մասնակցել, ապա հաստատ քո կյանքում եղած կլինեն այնպիսի օրեր, երբ արևածագից շուտ ես զարթնել ու հիացել արշալույսի զարմանահրաշ տեսարանով։
Արևածագի մեջ ոչ միայն աննկարագրելի գեղեցկություն կա, այլև նոր հույս, նոր օրվա սպասելիքներ ու ջերմության ակնկալիք։ Արևածագը ազդարարում է գիշերվա ավարտը։ Այս ամենը ինձ մեկ այլ ճշմարտություն է հուշում․․․ Ինչպես որ արևն է ծագում գիշերվա խավարից հետո, հավատում եմ, որ հենց ճիշտ այդպես կարիք ունենք, որպեսզի մեր կյանքերում ծագի մեր Տեր Հիսուս Քրիստոսի լույսը։ Նա ասել է. «Ես եմ աշխարհի լույսը. ով Իմ հետևից գա, նա խավարի մեջ չի քայլի, այլ կյանքի լույսը կընդունի» (տե՛ս Հովհաննես 8․12)։
Մենք Աստծո լույսի կարիքն ունենք, որպեսզի այն ծագի մեր կյանքի խավար ժամանակահատվածներում ու իրավիճակներում՝
Մեր փորձությունների ժամանակ,
Մեր հիվանդությունների վրա,
Մեր ձախողումների եւ սխալների մեջ,
Մեր կյանքի գորշացած ոլորտներում։
Մենք Քրիստոսի լույսի ծագելու կարիքն ունենք նույնիսկ այնտեղ, որտեղ մենք այդ լույսից խուսափում ենք։ Նրա լույսը պետք է կարողանա թափանցել այն տեղերը, որոնք մենք գաղտնի ենք պահում Աստծուց, հաճախ քանի որ վախեր ունենք այդ ամենը խոստովանելու և լույսի մեջ բերելու հարցում։ Երբեմն մենք փորձում ենք Ադամի նման թաքնվել Աստծուց։ Սրանք Ադամի խոսքերն են․ «Պարտեզում Քո ձայնը լսեցի և վախեցա, որովհետև մերկ էի, և թաքնվեցի» (Ծննդոց 3․10)։
Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, թո՛ւյլ տուր, որպեսզի Քրիստոսի լույսը ծագի քո կյանքի յուրաքանչյուր ոլորտում, նույնիսկ այն ոլորտներում, որտեղ խավարն ամենաթանձրն է։ Մի՛ վախեցիր։ Այդ լույսը սնուցող է ու վերականգնող։ Եվ եթե այն երևացնում է որոշ անմաքրություններ կամ աղտոտություններ, ապա դա այն պատճառով է, որ Աստված ցանկանում է մաքրել քո սիրտն ու քո մտքերը։ Նա ցանկանում է սուրբ ու անբիծ դարձնել քեզ։
Գուցե Նա լույսի մեջ բերի քո կյանքի դառնությունը, նախանձը, չներելը կամ վրեժխնդրությունը։ Պարզապես խնդրի՛ր Տիրոջը, որպեսզի Նա ների և Իր ծագեցրած լույսով ազատագրի քեզ այն ամեն խավարից, որ առկա է քո կյանքում։
Սիրելի բարեկամ, եթե դու դառնաս Տեր Հիսուսի հետևորդը, եթե դու գնաս հենց այն ճանապարհով, որով քեզ ուղղորդում է Տեր Հիսուսը, ապա երբե՛ք չես քայլի խավարի մեջ, այլ կընդունես կյանքի լույսը։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Արման Մանուկյան
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը