July-11

Գլխավոր | Հրաշքներ | Զորացրո՛ւ քո հավատքը

Զորացրո՛ւ քո հավատքը

«… Գրեցի ձեզ, երիտասարդնե՛ր, որովհետև դուք զորավոր եք, և Աստծու Խոսքը բնակվում է ձեր մեջ, և դուք հաղթեցիք չարին» (‭‭Ա Հովհաննես‬ ‭2.14‬)։

Սիրելի՛ բարեկամ, քո մարմինը մարզվելու և ֆիզիկական ակտիվության կարիք ունի։ Ֆիզիկական վարժանքները շատ օգտակար են։ Սակայն քո հավատքը նույնպե՛ս վարժանքի կարիք ունի։ Հավատքը վարժեցնելը ոչ պակաս օգտակար է։ 

Այսպիսով, ինչպե՞ս ես դու վարժեցնում ու ամրացնում քո հավատքը։ Ահա մի թվարկում, որն իր մեջ, իհարկե, ոչ բոլոր հոգևոր վարժանքներն է ներառում, սակայն պարունակում է բավականին օգտակար խորհուրդներ հավատքի ամրացման համար…

  • Աստծո Խոսքը կարդալը և բարձրաձայն դավանելը։ 
  • Ինքնաճանաչողությունը՝ Աստծո զավակ լինելու ինքնության գիտակցումը։
  • Որոշումներ կայացնելիս հաստատակամորեն Աստծուն վստահելը։ 
  • Հոգևոր երգերով Աստծուն փառաբանելը։ 
  • Եկեղեցու հոգևորապես առողջ անդամների հետ հաղորդակցության մեջ լինելը։ 
  • Պարբերաբար աստվածաշնչյան ճշմարիտ վարդապետության վրա հիմնված ուսուցում կամ քարոզ լսելը։ 
  • Օրվա ընթացքում աղոթքին ժամանակ հատկացնելը։ 
  • Աստծո Խոսքի շուրջ աղոթքով մտորելը։
  • Շարունակաբար Սուրբ Հոգուն խնդրելը, որ Նա խոսի քեզ հետ և առաջնորդի քեզ քո բոլոր գործերում։
  • Ավետարանի Բարի Լուրը մյուսներին փոխանցելը։
  • Քո կյանքում Աստծո ողորմություններին ու շնորհներին Նրա կամքին քո հնազանդությամբ արձագանքելը։
  • Եվ այլն։

Որքան ավելի ես հաստատվում Աստծուն վստահելու մեջ, այնքան ավելի դիմացկուն ու հոգևորապես պատրաստ ես լինում դիմակայելու գալիք օրվա դժվարություններին, նոր մարտահրավերներին ու կյանքի փորձություններին։ 

Երբ քո կյանքի ճանապարհներին բախվես այնպիսի խոչընդոտների, որոնք նման են Դավթին դիմակայող հսկա Գողիաթին, ճիշտ Դավիթի նման դու էլ կարող ես դրանց տապալել Զորաց Տեր Աստծո զորավոր անունով։ Աստվածաշունչը վկայում է, որ Դավիթը նախապես վարժված մեկն էր՝ հրաշալիորեն տիրապետում էր պարսատիկի նետմանը, մարտնչել էր արջերի ու առյուծների դեմ և համարձակորեն դիմակայել էր վտանգ պարունակող բազմաթիվ իրավիճակների (տե՛ս Ա Թագավորաց 17.34-36 հատվածը)։ Եվ երբ սկսվեց Գողիաթի հետ մենամարտը, Աստված հրաշալիորեն օգտագործեց Դավթին անհաղթելի թվացող հսկային տապալելու համար։ 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, ի՞նչ ես կարծում՝ ինչպիսին կլինի քո հոգևոր կյանքը, եթե նախապես ժամանակ տրամադրես ու ջանքերդ ուղղես հավատքիդ ամրացմանն ու հավատքի վարժանքների մեջ հմտանալուն։

Հրաշալի և նոր որոշումներով ու նոր թարմությամբ լեցուն օր եմ մաղթում քեզ։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: