
«Աստված զորավո՛ր է» արտահայտությունն այնքա՜ն տարածված ու հաճախ օգտագործվող արտահայտություն է, որ այսօր այն գուցե կորցրել է իր նշանակությունը քեզ համար, կորցրել է քո կյանքում թողած իր երբեմնի զորավոր ազդեցությունը։
Սիրելի՛ բարեկամ, ի՞նչ ենք մենք պատկերացնում, երբ խոսում ենք զորության մասին։ Գուցե մի հզոր ուժ կամ անկոտրում մղո՞ւմ։ Եվ քանի որ Աստծու զորությունը շատ կողմեր ունի, այդ պատճառով էլ առաջարկում եմ, որ առաջիկա յոթ օրերին միասին բացահայտենք Տիրոջ զորության այդ կողմերը։
Ահա դրանցից մեկը, որի մասին մեզ հայտնում է Աստվածաշնչի առաջին գիրքը. Աստված ամենակարող է։
«Երբ Աբրամն իննսունինը տարեկան եղավ, Տերը երևաց Աբրամին և ասաց նրան. «Ես եմ Ամենակարող Աստվածը, Իմ առա՛ջ քայլիր և կատարյա՛լ եղիր։ Ես Իմ ուխտն եմ դնելու Իմ ու քո միջև և անչափ բազմացնելու եմ քեզ» (Ծննդոց 17․1-2)։
Ահա՛, թե ինչպես է Աստված ներկայանում Աբրահամին, երբ նրան տեղեկացնում է այն զորավոր ապագայի մասին, որը սպասվում էր նրան։ Նա Ամենակարող Աստվածն է։
Ինչպե՞ս կարող էր Աբրահամի նման ծեր մեկը ազգերի հայր դառնալ, որի սերունդների թիվը համեմատվելու էր երկնքի աստղերի հետ (տե՛ս Ծննդոց 15.5 խոսքը):
Իրականում, Աստված անձամբ էր արել այս զարմանալի «ընտրությունը». գրեթե մեկ դար ապրած տարեց մի տղամարդ պետք է խոստման որդի ունենար, որը անթիվ ու անհամար սերունդ էր ապահովելու։ Եռանդով ու ուժով լի բոլոր մարդկանցից Աստված հենց այս ծեր մարդուն գերադասեց։
Աստված տկարներին գերադասում է ուժեղներից, որպեսզի ցույց տա Իր փառքը, որպեսզի մենք հասկանանք Նրա ամենակարողությունը և միայն Նրան տանք ողջ փառքը. «Բայց Աստված ընտրեց նրանց, որոնց այս աշխարհում հիմարներ են կարծում, որպեսզի իմաստուններին ամաչեցնի, իսկ աշխարհի տկարներին Աստված ընտրեց, որպեսզի հզորներին ամաչեցնի» (Ա Կորնթացիս 1.27)։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված այսօր քեզ կանչում է դառնալու Իր աշակերտը, Իր կամքը կատարող ծառան, և գուցե դու ինքդ քեզ ասում ես.
- Ես այնքա՜ն տկար եմ։
- Ես շատ սխալներ ունեմ։
- Ես արժանի չեմ։
- Ինձնից ավելի զորավորներն ու խելացիները կան։
- Եվ այլն․․․
Կարծում ես՝ Աստված սխալվե՞լ է քեզ ընտրելու հարցում։ Կամ արդյոք Նա ընդհանրապես սխալվո՞ւմ է Իր ընտրություններում։ Ո՜չ, իհարկե ո՛չ… Թո՛ւյլ տուր, որ Աստված զարմացնի քեզ Իր ամենակարողության զորությամբ։ Տերը ուզում է փառավորվել քո կյանքում և քո միջոցով։
Աբրահամի նման դու նույնպես բարձրացրու աչքերդ դեպի աստղաշատ երկինքն ու ինքդ քեզ հիշեցրու, որ Աստծու համար չկա անհնարին ոչինչ։ Անկախ քո տկարություններից ու թերություններից, քո մասին ունեցած քո իսկ պատկերացումներից, քո տարիքից ու ընտանեկան կարգավիճակից, քո անցյալից կամ բնավորության գծերից՝ Աստված կամենում է զորավոր կերպով օգտագործել քեզ Իր փառքի համար, քանի որ Նա ամենակարող Տեր է։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:

Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը