Novmeber-24 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Զորավոր՝ Իր սիրո մեջ

Զորավոր՝ Իր սիրո մեջ

Այսօր ավարտում ենք Աստծո զորության տարբեր կողմերը բացահայտելուն ուղղված ուղերձների մեր հերթական շարքը։ Սակայն, թերևս, լավագույն բացահայտումն այսօր ենք անելու։

Սիրելի՛ բարեկամ, Աստվածաշունչը շեշտում է, որ Աստված Տեր Հիսուսի միջոցով ցույց տվեց Իր սերը. «Սերը նրանով ճանաչեցինք, որ Հիսուսը Իր կյանքը տվեց մեզ համար, մենք էլ պարտավոր ենք մեր կյանքը տալ մեր եղբայրների համար» (‭‭Ա Հովհաննես‬ ‭3.16‬

Աստված զորավոր է Իր սիրո մեջ։ Նա մարմին հագավ ու աշխարհ եկավ որպես Որդի՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսը։ Աստծու սերն, իրապե՛ս, ամենակարող է։ Նա Իր Որդուն զոհաբերեց հանուն մեզ․․․ Իր միակ Որդու կյանքով վճարեց այն գինը, որի շնորհիվ մենք՝ Նրան հավատացողներս, փրկագնվեցինք մեղքի անեծքից, հաշտվեցինք Աստծու հետ և կրկին միացանք Աստծու ընտանիքին՝ որպես սիրելի և ընդունված զավակներ։ 

Իր այս արտասովոր ու գերբնականորեն զորեղ արարքով Աստված 

  • Մեզ ներում շնորհեց, 
  • Վերականգնեց մեր խաթարված հարաբերությունը, 
  • Ազատագրեց մեզ,
  • Մխիթարեց
  • Եվ երկնային կյանքի պարգևը մեզ շնորհեց։

Այսօր Նա ցանկանում է ամուր հաղորդակցություն և սերտ հարաբերություն հաստատել քեզ հետ Իր՝ այդ անսահմանորեն մեծ սիրով, բայց ոչ միայն քեզ հետ… Նրա կամքն է, որ դու քո շրջապատի մարդկանց մեջ տարածես այդ սերը, քանի որ Աստված Իր սերն Իր մյուս զավակներին հասանելի դարձնելու հարցում քո կարիքն ունի։ 

Իրական սիրո մասին Տեր Հիսուսի թողած օրինակով Նա քաջալերում է քեզ, որ դու էլ քո՛ կյանքը դնես ընկերներիդ ու հարազատներիդ համար։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, վստահեցնում եմ քեզ, որ այդ պահանջը քո «մահանալու» մասին չէ, ինչպես Տեր Հիսուսի դեպքում էր, քանի որ Նա արդեն իսկ դա արել է Գողգոթայի խաչի վրա։ Քո կյանքը մյուսների համար դնելու պատվիրանը ավելի շատ մյուսների փրկությունը քո անձից ու քո շահից վեր դասելու մասին է։ Եվ այս հարցում Տեր Հիսուսը մեր լավագույն օրինակն է։ Նա միշտ ուրիշներին օգնելն ու փրկելն Իր անձից ավելի էր կարևորում։ 

«Քո կյանքը դնելը» նշանակում է. 

  • Հույս փոխանցել քեզ շրջապատող մարդկանց, 
  • Օգնել կարիքավորներին, 
  • Եղբայրներիդ ու քույրերիդ կողքին լինել նրանց փորձության ու դժվարության ժամանակներում, 
  • Առատաձեռնորեն զոհաբերել հանուն Աստծու Արքայության գործի, 
  • Մնալ հավատարիմ անգամ կյանքի ամենածանր իրավիճակներում, 
  • Ամե՛ն ժամանակ սիրել և այդ սերն ապացուցել զոհաբեր կյանքի վկայություններով։ 

Կյանքը դնելն ամե՛ն բանում Տեր Հիսուսին նմանվելն է։ Եթե իրապես հնազանդվես այս պատվիրանին ու ապրես այս զորեղ սիրո մեջ, ապա նաև քո սիրո միջոցով մարդիկ կտեսնեն Աստծու ամենակարողությունը։ 

Առաջարկում եմ միասին միաբանվենք այս աղոթքով և խնդրենք մեր բարի ու ողորմած Աստծուն, որպեսզի օգնի մեզ, որ դառնանք Նրա սիրո հեղման անոթները մյուսների կյանքում. «Ամենակարո՛ղ Տեր, մի՞թե մարդը կարող է չտեսնել Քո անսահման մեծ սերն ու չփառաբանել Քեզ Քո մեծության համար։ Խնդրում եմ, որ օգնես ինձ, որպեսզի սովորեմ սիրել մարդկանց Քո զոհաբեր սիրով և իմ կյանքը դնեմ իմ շրջապատի մարդկանց համար, ինչպես Դու դա արեցիր ինձ համար և անգամ՝ հանուն ինձ կրեցիր խաչի անասելի տառապանքներն ու մահը։ Օգնի՛ր ինձ, խնդրում եմ, որպեսզի իմաստություն և համարձակություն ունենամ Քո Սուրբ Հոգու օգնությամբ փրկության Բարի Լուրն իմ շրջապատի մարդկանց փոխանցելու հարցում։ Աղոթում և խնդրում եմ Տեր Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Ամե՛ն»։ 

Հիասքանչ օր եմ քեզ մաղթում Աստծո քաղցր ներկայության մեջ և աղոթում եմ, որ վայելես Նրա զորավոր սերը քո կյանքում։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: