Երբ Աստված խոսք է ուղարկում, անհնար է, որ այն չունենա որևէ նպատակ կամ ազդեցություն։ Սրա մասին Եսայիա մարգարեն մեզ հետևյալն է փոխանցում. «…այնպես էլ կլինի Իմ բերանից դուրս եկած խոսքը. նա ապարդյուն չի վերադառնա Ինձ մոտ, այլ կկատարի Իմ փափագը և հաջողություն կունենա այն բանում, ինչի համար Ես ուղարկել եմ նրան» (Եսայիա 55․11)։
Սիրելի՛ բարեկամ, մի պահ փորձիր պատկերացնել Աստծու ձայնը։ Այդ ձայնը տիեզերքն է արարել։ Աստծու շուրթերից դուրս եկած խոսքերը մեծ զորություն ունեն իրենց մեջ, քանի որ, ինչպես Հովհաննես առաքյալն է գրում, «Սկզբում էր Խոսքը, և Խոսքն Աստծու մոտ էր, և Խոսքն Աստված էր» (Հովհաննես 1․1):
Երբ Աստված խոսում է, մարդը ոչ միայն լսում է Աստծո խոսքը, այլև տեսնում, քանի որ Նա անում է այն ամենն, ինչ ասում է․
- Նրա Խոսքն արարում է կյանք և բերում օրհնություններ (տե՛ս Բ Օրինաց 28․2 և 28․15 խոսքերը)։
- Նրա շուրթերից դուրս եկած յուրաքանչյուր խոսք, անկասկած, իրականություն է դառնալու։ Այն, ինչ Աստված ասում է, իրագործում է առանց ձախողումների։
- Նրա ասած յուրաքանչյուր խոսք ճշմարտություն է։ Նա մարդ չէ, որ ստի, որ ասի ու չանի (տե՛ս Թվոց 23․19 խոսքը)։
Աստված մեզ Իր Խոսքն է պարգևել, որը կենդանի է և զորավոր։ Այն ավելի զորեղ է, քան երկսայրի սուրը, ինչպես գրված է Եբրայեցիս 4․12 խոսքում։ Սակայն, որպեսզի այն քո կյանքում իր գործն անի, Աստված պատվիրում է ոչ միայն հիանալ Իր Խոսքով, այլև մտորել ու խորհրդածել դրա շուրջ։ Այդ դեպքում այն կնիք կդառնա, որը դրված է քո սրտի վրա։ Սուրբ Հոգին կառաջնորդի քո կյանքը, եթե քո կյանքի իրավիճակներում և որոշումներ կայացնելիս ասես «գրված է…» խոսքերը։
Այո՛, երբ մենք երկընտրանքի առաջ ենք կամ անցնում ենք դժվարին ժամանակներով, պետք է հիմնվենք Աստծու Խոսքի վրա։ Այն զորավոր է։ Աստծու Խոսքը մարմնավոր զենք չէ, այլ հոգևորապես է զորավոր (տե՛ս Բ Կորնթացիս 10․4 խոսքը)։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, հրավիրում եմ քեզ աղոթելու ինձ հետ միասին այս աղոթքով․ «Ամենակարող Տե՛ր, շնորհակալ եմ Քո կենդանի Խոսքի համար, որը երկսայրի սրից էլ զորեղ է։ Շնորհակալ եմ, որ այսօր հիշեցնում ես, որ ինձ՝ Քեզ հավատացող ու Քո կամքին հնազանդվելու մեծ փափագ ունեցող Քո զավակին արտոնություն ես պարգևել կիրառելու Քո զորավոր Խոսքն իմ կյանքում։ Շնորհակալ եմ Քո Խոսքի միջոցով ինձ հավատք փոխանցելու և դրան հնազանդվելու պարագայում այս երկրային կյանքում ինձ Քո իշխանությամբ օժտելու համար։ Շնորհակալ եմ և աղոթում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը