Novmeber-22 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Զորավոր՝ Իր առատաձեռնության մեջ

Զորավոր՝ Իր առատաձեռնության մեջ

Վերջին մի քանի օրերին մենք Աստծու զորության տարբեր կողմերի մասին խոսեցինք, խորհեցինք ու աղոթեցինք։ Հույս ունեմ, որ այս ուղերձներն ինչ-որ կերպ օգնում են քո կյանքը փոխակերպելու հարցում։ 

Սիրելի՛ բարեկամ, այսօր ուզում եմ միասին մեր հայացքներն ուղղենք դեպի Տեր Աստծո առատաձեռնությունը։

«Որովհետև ինչ որ կարելի է իմանալ Աստծու մասին, նրանց հայտնի է, քանի որ Աստված նրանց հայտնեց։ Աշխարհի ստեղծումից ի վեր Նրա աներևույթ առանձնահատկությունը, Նրա մշտնջենական զորությունն ու աստվածությունը տեսանելի են ստեղծվածների միջոցով. …» (‭‭Հռոմեացիս‬ ‭1.19-20‬)։

Աստված ամենուր է։ Նա ներկա է Իր արարչագործության ցանկացած վայրում։ Իսկ ամենազարմանալին այն է, որ Նա ունակ է բնակվելու նաև մարդ արարածներից ոմանց մեջ։ Իհարկե, ոչ բոլորի, այլ միայն Նրան հնազանդ ու Նրան հավատացող մարդկանց մեջ։ Սակայն ողջ արարչագործությունը՝ բնությունն ու գիտության օրինաչափությունները խոսում են Տեր Աստծու գոյության և Նրա գործունեության մասին։ 

Քո հանդեպ Իր մեծ սիրուց դրդված՝ Աստված արարեց փարթամ ու պարարտ մի երկիր, որը լի է բազմազան ու տարատեսակ ռեսուրսներով, և դա արեց հանուն այն բանի, որ մարդուն տա այն ամենը, ինչի կարիքը մարդը կարող է ունենալ։ Սա ճշմարիտ է ինչպես Ադամի ու Եվայի պարագայում, այնպես էլ քո դեպքում՝ դու նույնպես ժառանգել ես Աստծու արարած այս բնությունը, ինչը խոսում է Նրա առատաձեռն, ստեղծագործ ու անսպառ էության մասին։ Անշուշտ, մարդն ամեն ինչ անում է, որպեսզի ապականի Աստծու ստեղծած բարի աշխարհը, սակայն դա արդեն այլ քննարկման թեմա է։

Աստծու առատաձեռն ու հոգատար բնույթի դրսևորման գագաթնակետը խաչի վրա Տեր Հիսուսի կատարած զոհաբերությունն է, որի շնորհիվ Նրան հավատացող յուրաքանչյուր ոք դառնում է այս զարմանալիորեն առատաձեռն ու չափազանց բարի Աստծու ժառանգը։ Այո՛, ինչպես Աստվածաշունչն է ասում՝ դու իսկապես կարող ես ունենալ կյանք և առատ կյանք, եթե հավատաս ու հնազանդվես Տեր Հիսուսին ու Նրա ուսուցումներին։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, քո կյանքի յուրաքանչյուր բնագավառում Աստված կամենում է առատաձեռն կերպով օրհնել քեզ։ Բ Օրինաց 28-րդ գլուխը հենց դրա՛ մասին է խոսում։ Աստված ամենակարող է քեզ օրհնելու ու կյանքդ  ամեն տեսակ օրհնություններով լցնելու հարցում։ 

Առաջարկում եմ միասին աղոթել ու գոհանալ Աստծուց Իր հոգատարության և առատաձեռնության համար․ «Ամենակարող Աստվա՛ծ, խնդրում եմ, ների՛ր ինձ, որ երբեմն կասկածի տակ եմ դնում Քո առատաձեռնությունը։ Հիմա ուզում եմ հայտնել Քեզ իմ շնորհակալությունը Քո Արքայության բարիքներն ու օրհնություններն ինձ համար հասանելի դարձնելու համար թե՛ հոգևոր, թե՛ մարդկանց հետ հարաբերությունների և թե՛ նյութական ոլորտներում։ Եվ շնորհակալ եմ այսօր կրկի՛ն ինձ հիշեցնելու համար, որ ամե՛ն բարի բան Քեզնից է, քանի որ ամե՛ն բան Քեզ է պատկանում։ Ես իմ գոհությունն ու փառաբանությունն եմ Քեզ ուղղում և շնորհակալ եմ, որ Դու այդքա՜ն մեծ, սիրող, բարի և ողորմած Աստված ես։ Աղոթում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»։ 

Երկրպագիր Աստծուն՝ ճանաչելով Նրա կամքն ու հնազանդվելով Նրա կամքին, և կտեսնես, թե ինչպես են Երկնքի դռները բացվում քեզ համար։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: