
Երբեմն լինում են իրավիճակներ, երբ մենք կասկածի տակ ենք դնում Սուրբ Հոգու ներկայությունը մեր կյանքում։ Մենք կարծում ենք, թե Նա լքել է մեզ, մինչդեռ.․․․
- Մենք անցնում ենք հավատքի փորձության ընթացքով։
- Մեզ է այցելել հոգնածության ուժասպառությունը։
- Սխալ մտքերի արդյունքում վախերի ու տագնապների մեջ ենք հայտնվել։
- Անվստահ ենք եղել որոշումների կայացման հարցում։
- Եվ այլ պատճառներ։
Ոմանք կարծում են, թե Աստված կարող է հանկարծ անհետանալ իրենց կյանքից և հետո կրկին հայտնվել։
Սիրելի՛ բարեկամ, ուզում եմ վստահեցնել քեզ, որ դա բոլորովին էլ այդպես չէ։ Եթե «չես զգում» Աստծու ներկայությունը, ապա դա նրանից չէ, որ Նա ներկա չէ քո կյանքում։ Զգացողությունը անհերքելի ու ճշմարիտ փաստ չի կարող լինել։ Զգացողությունը միշտ չէ, որ արտացոլում է իրականությունը կամ ճշմարտությունը։ Մեր զգացողությունները կարող են ստել ու մոլորեցնել մեզ։ Այլ կերպ ասած՝ այն, ինչ զգում ենք, երբեմն իրականության կեղծ արտահայտությունն է։
Մի առիթով Սմիթ Վիգլսվորթն ասել է. «Ես չեմ շարժվում ըստ իմ տեսածի։ Ես չեմ շարժվում ըստ իմ զգացածի։ Ես շարժվում եմ միայն նրանով, ինչին հավատում եմ»։ Եվ սա հենց այն է, ինչին հավատում էր Պողոս առաքյալը և ինչ սովորեցնում էր եկեղեցուն. «Չգիտե՞ք, որ դուք Աստծու տաճար եք, և Աստծու Հոգին բնակվում է ձեր մեջ (Ա Կորնթացիս 3.16)։
Սա նշանակում է, որ եթե դու ընդունել ես Քրիստոսին՝ որպես քո կյանքի Տեր ու Փրկիչ, եթե դու Նրա Մարմնի՝ Եկեղեցու մի մասնիկն ես, ապա Աստված միշտ ներկա է քո ներսում։ Ցանկացած օրվա ցանկացած պահին Աստծու Հոգին քո ներսում է։ Երբ արթնանում ու բացում ես աչքերդ, Նա արդեն ներկա է։ Նա չի լքում քեզ անգամ այն ժամանակ, երբ դու քնած ես։ Նրա ներկայությունը քեզ հետ է և քո մեջ։ Այն չի անհետանում։ Այն հաստատված է քո մեջ օրը 24 ժամ և շաբաթը 7 օր։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ես հրավիրում եմ քեզ հավատալու Տեր Հիսուսի Խոսքերին և Աստծու Հոգով գրված Աստվածաշնչի յուրաքանչյուր ճշմարտությանը։ Ես հորդորում եմ քեզ հավատալու այն փաստին, որ Աստծու Հոգին քո ներսում է բնակվում, քանի որ Աստծու Խոսքն է ասում, որ դու Սուրբ Հոգու տաճար ես։ Նա քեզ դարձրել է Իր տունը, Իր բնակվելու վայրը, Իր տաճարը։ Նա քո ներսում է և քեզ երբեք չի լքի, եթե ինքդ չհրաժարվես Նրանից։
Առաջարկում եմ աղոթել միասին այս աղոթքով. «Իմ երկնային Հա՛յր, շնորհակալ եմ, որ հիշեցրիր ինձ այսօր, որ Սուրբ Հոգին իմ մեջ է բնակվում և որ ինձ դարձրել ես Քո Հոգու տաճարը։ Ես հավատքով ընդունում եմ Քո Խոսքի ճշմարտությունը, որ Դու միշտ իմ ներսում ես՝ այն պահից սկսած, երբ որոշում կայացրի թողնելու աշխարհի կյանքը և ապրելու Քեզ համար ու Քո սկզբունքներին համահունչ կյանքով։ Հավատում եմ, որ Դու գիտես իմ մասին ամեն բան և որ Դու ընդունում ես ինձ ու օգնում, որպեսզի ամեն օր փոխվեմ ու դառնամ Քո կամքի համեմատ մարդ և Քո գործի համար ապրող մշակ։ Շնորհակալ եմ Քո հոգատարության ու սիրո համար։ Աղոթում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»։
Եվ վերջում ուզում եմ շնորհավորել բոլոր մայրերին, քույրերին ու աղջիկներին մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ Դուք իրական օրհնություն եք մեզ համար և իրապես գեղեցկացնում եք մեզ շրջապատող աշխարհը։ Տերը զորացնի և օրհնի ձեզ առատապես։ Իմ աղոթքն այսօր հատուկ ձեզ համար է։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:

Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը