Սիրելի՛ բարեկամ, մենք պետք է հստակ գիտակցենք, որ մեր երկնային Հայրը չունի մարդկային մոտեցումներ և չի մտածում, խոսում կամ վարվում այնպես, ինչպես մարդն է դա անում։ Նա Աստված է՝ ամենագետ, անկրկնելի և անգերազանցելի Իր իմաստության մեջ ու մոտեցումների հարցում։ Այն, թե ինչպես է Նա տեսնում իրավիճակը, միջամտում և վերաբերմունք ցուցաբերում, միշտ արդար է և բխում է Նրա սիրուց ու սրբությունից։
«Այլ ինչպես երկինքն է բարձր երկրից, այնպես էլ Իմ ճանապարհները բարձր են ձեր ճանապարհներից, և Իմ խորհուրդները՝ ձեր խորհուրդներից» (Եսայիա 55.9):
Քո շրջապատը և, հատկապես, ինտերնետային միջավայրը քեզ տարբեր միջոցներ, քայլեր ու բանաձևեր կարող է առաջարկել, թե ինչպես ճիշտ ապրել կյանքը և հաջողության հասնել ընտանեկան հարաբերություններում, մասնագիտական ոլորտում, զգացմունքային հարցերում և այլն։ Հեռուստատեսային շոուները և ամսագրերը, տարբեր կայքեր և տեսանյութեր փորձում են մեր ուղեղների մեջ ձևավորել «կատարյալ և հաջողված» կյանքի մոդելը։ Ոմանք առաջարկում են երջանիկ ամուսնության 10 անսխալական քայլերի բաղադրատոմս կամ 15 քայլ, որոնք տանում են դեպի անձնական կյանքի կարգավորում և այլն։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, իրականում, եթե այդ ամենը լիներ ճշմարիտ և կիրառության մեջ օգտակար, ապա մեր շրջապատում չէինք տեսնի հուսահատ ու ճնշված մարդկանց, իսկ ամուսնալուծությունների թիվը գնալով կնվազեր։
Հարաբերությունների բժշկության միակ գործող ճանապարհը մեր կյանքի իրավիճակներին Տեր Աստծո տեսանկյունից նայելն է և Նրա առաջարկած լուծումները կիրառելը։ Քո իրավիճակի մեջ Տեր Աստծու տեսանկյունն ընդունելը նշանակում է հավատալ այն իրողություններին, որ Աստված է բացահայտում Իր Խոսքի մեջ, և գործել ըստ Նրա տված ցուցումների։
Մեր կյանք այցելած խնդիրների, դժվարությունների և անգամ արհավիրքների պարագայում մենք պետք է սովորենք մնալ հանդարտ և, վստահելով Աստծուն մեր բոլոր հոգսերը հանձնենք Նրան (տե՛ս Եսայիա 30.15 խոսքը):
Որպես Աստծու զավակ դու մուտք ունես Նրա ներկայության մեջ և կարող ես ցանկացած պահի օգնություն ստանալ, եթե համարձակորեն մոտենաս Նրա շնորհքի գահին։
«Ուրեմն Նրա շնորհի աթոռին համարձակությամբ մոտենանք, որպեսզի ողորմություն ստանանք ու շնորհ գտնենք մեզ օգնության պատեհ ժամին» (Եբրայեցիս 4.16):
Քո բոլոր դժվարությունների մեջ առաջին հերթին խորհրդակցի՛ր քո երկնային Հոր հետ։ Նախ Նրանից խորհուրդ հարցրո՛ւ։ Նրա կամքը փնտրի՛ր, քանի որ Նրա մտածումները խիստ տարբերվում են քո մտածումներից։ Նա լավագույն ելքը կառաջարկի քեզ և քո ուսերից կվերցնի հոգսերի ու անհանգստության ծանր բեռները։ Եթե վստահես Տեր Աստծուն և քո կյանքի բարդագույն իրավիճակներին նայես Նրա տեսանկյունից, ապա քեզնից իսպառ կհեռանան վախերն ու տագնապները։ Դու վստահ կլինես, որ, ինչով էլ անցնես, Տերը քեզ հետ է։ Ամենակարողը վերահսկում է քո և քո սիրելիների կյանքը։
Աստված լավագույնս գիտի՝ ինչպես մխիթարել քեզ։ Նա գիտի՝ ինչպես լուսավորել քո կյանքի խավար իրավիճակները և ճիշտ ուղու վրա կանգնեցնել քեզ։ Վստահի՛ր Նրան ու ճիշտ որոշումներ կկայացնես քո կյանքում։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը