August-12

Գլխավոր | Հրաշքներ | Երբ մեղավորության զգացումը խանգարում է քո աղոթքին․․․

Երբ մեղավորության զգացումը խանգարում է քո աղոթքին․․․

Սիրելի՛ բարեկամ, ուզում եմ այսօր հստակ իմանաս, որ Աստծո սերն ավելի մեծ է և զորեղ, քան քո գործած մեղքերն ու կայացրած սխալ որոշումները: Աստված սիրում է քեզ։ Տերն ուզում է ազատել քեզ քո ուսերին և քո սրտին ծանրացած մեղավորության զգացումից։ Գողգոթայի խաչի վրա Տեր Հիսուս Քրիստոսի զոհը հիմք է, որի վրա Տերը կառուցում է քո ներումը և մեղքի գերությունից իսպառ ազատագրումը։ Եվ այս ամենը քո կյանքում իրականացած տեսնելու համար միայն մեկ ճանապարհ գոյություն ունի։ Եվ այդ ճանապարհի անունն է ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ։

Այնուամենայնիվ, երբեմն դու կարող ես այսպիսի մտքեր ունենալ. «Ես արդեն շատ անգամ եմ այդ նույն սխալը գործել», «Այս անգամ Աստված արդեն հաստատ հրաժարվել է ինձնից» կամ «Ես չեմ կարող մեղքի այս զգացումով կանգնել Աստծո սուրբ ներկայության մեջ»:

Մի՛ ընդունիր թշնամու այս ստությունները։ Աստված երբե՛ք չի մերժում ապաշխարության փափագ ունեցող մարդուն։ Ճիշտ հակառակը․ Տերը փնտրում է այնպիսի մարդկանց, որոնք ուզում են փոխել իրենց կյանքի մեղավոր ընթացքը և սովորել ապրել սրբության կյանքով։ Աստված փնտրում է նման մարդկանց, որպեսզի զորացնի Նրանց և սովորեցնի Քրիստոսի նվիրյալ և հավատարիմ աշակերտ լինելու գաղտնիքները։

Ահա, թե ինչ է ասում Աստված Իր Սուրբ Խոսքի մեջ․ «Մոտեցե՛ք Աստծուն, և Նա կմոտենա ձեզ։ Մեղավորնե՛ր, մաքրե՛ք ձեր ձեռքերը, երկմտողնե՛ր, մաքրե՛ք ձեր սրտերը» (Հակոբոս 4.8

Աղոթքով գնա՛ Նրա առջև և կիսվի՛ր Նրա հետ քո հոգսերով, քո պայքարներով, ցավով և հիասթափություններով… Եթե դու քայլ անես փնտրելու Նրան և ընդունելու Նրա ներումը, փափագես լինել Նրա ներկայության մեջ, ապա առավել քան համոզված եմ, որ Աստված Ինքը կմոտենա քեզ: Նա թույլ կտա, որ դու գտնես Իրեն, գտնես ճիշտ հոգևոր առաջնորդ և Աստվածաշնչի հիմքի վրա գործող եկեղեցի։ (տե՛ս Երեմիա 29.13 խոսքը)։ 

Աստված սիրում է քեզ, և Նա չի ուզում, որ դու ճզմվես մեղքի ծանրությունից: Քո գործած մեղքերը չեն որոշում քո ինքնությունը։ Մոտեցի՛ր Նրան խոնարհությամբ և ստացի՛ր Նրա սիրառատ ողորմությունն ու շնորհը: Գտի՛ր ճշմարիտ եկեղեցի։ Դարձի՛ր Քրիստոսի նվիրյալ և հավատարիմ աշակերտը։ Աճի՛ր հոգևորապես։ Հասունացի՛ր որպես հոգևոր մարդ։ Եվ ո՛չ միայն կթոթափես քո ուսերին ծանրացած մեղավորության բեռները, այլև շատ շատերին կօգնես նույնն անելու հարցում։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, աղոթի՛ր ինձ հետ միասին այս աղոթքով․ «Տե՛ր, ամեն անգամ, երբ ես սխալվում եմ, սայթաքում և ընկնում մեղքի մեջ, օգնի՛ր ինձ, որ չհետաձգեմ ապաշխարությունս և անմիջապես մոտենամ Քեզ։ Օգնի՛ր, խնդրում եմ, որ ոչ թե փախչեմ ամոթից ու թաքնվեմ Քեզնից, այլ ավելի ու ավելի մոտենամ Քեզ։ Քո Խոսքն ասում է, որ եթե մոտենամ Քեզ զղջման և ապաշխարության քայլերով, ապա Դու էլ ինձ կմոտենաս: Իմ բարի և ողորմած, սիրող ու ներող Տե՛ր, շնորհակալ եմ Քո Սուրբ Խոսքի համար, որը զորացնում է ինձ և առաջնորդում դեպի այն կյանքը, որը հաճելի է Քեզ: Շնորհակալ եմ Տեր Հիսուս Քրիստոսի խաչի զոհի համար, Քո ներման համար և իմ կյանքում արած բազում ողորմություններիդ համար: Աղոթում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: