June-26

Գլխավոր | Հրաշքներ | Երբ խոչընդոտը օրհնություն է դառնում:

Երբ խոչընդոտը օրհնություն է դառնում:

Սիրելի՛ բարեկամ, Տեր Աստծու հետ ընթացքը երբեմն անկանխատեսելի է և զարմանահրաշ։ Թեև Նա խոստանում է միշտ մեր կողքին լինել և օգնել մեզ, երբ մենք հայտնվում ենք ծանր իրավիճակներում, դժվար է նախօրոք իմանալ, թե ինչպես և երբ է Նա օգնելու մեզ։ Իսրայելի ժողովուրդը դա զգաց Եգիպտոսից ու ստրկության տաժանակիր կյանքից ազատագրվելու ժամանակ: Աստված խոստացել էր նրանց առաջնորդել դեպի Ավետյաց երկիր։ Նրանք արդեն ճանապարհ էին ընկել և կանգնել էին մի անհաղթահարելի թվացող պատնեշի առջև։ Դա հեշտ հաղթահարելի մի խոչընդոտ չէր, այլ հենց ծովն էր խանգարում նրանց ընթացքին։

Այսպիսով, ժողովուրդը  հայտնվել էր փակուղում։ Մի կողմից ծովն էր, որը նրանց թույլ չէր տալիս առաջ ընթանալ, իսկ մյուս կողմից՝ եգիպտացիների բանակը, որ պատրաստվում էր հարձակվել նրանց վրա: (Աստվածաշնչյան այս պատմությունը կարող եք ընթերցել Ելից 14.9-16 հատվածում)։

Սակայն Աստված միջամտեց Մովսեսի միջոցով, և ծովը բաժանվեց երկու մասի՝ միջանցք բացելով Աստծու ժողովրդի՝ Եգիպտոսից դուրս գալու համար։ Այնուհետև ծովը կրկին փակվեց՝ խորտակելով փարավոնի զորքը, որն անմտորեն փորձում էր հետևել այն ուղուն, որով անցնում էր Աստծու ժողովուրդը։ Այսպիսով, անհաղթահարելի թվացող խոչընդոտը օրհնություն դարձավ Աստծո ժողովրդի համար: Ծովը, որը խոչընդոտ էր ազատագրության ճանապարհին, դարձավ այն միջոցը, որով Աստված փրկեց նրանց՝ խորտակելով թշնամական զորքը:

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, մի՛ վախեցիր քո կյանքի դժվարություններից ու քո ճանապարհին հանդիպած խոչընդոտներից։ Աստված ոչ միայն ի վիճակի է օգնելու քեզ հաղթահարել դրանք, այլև այդ արգելքները, ի վերջո, կարող են նույնիսկ օրհնություն դառնալ քեզ համար: Աստված զարմանահրաշ Տեր է, այնպես չէ՞։ Անկասկած, մեր կյանքի բոլոր խոչընդոտներին դեմ հանդիման բախվելիս ես և դու կարո՛ղ ենք վստահել Նրան: Թո՛ղ Աստված օրհնի քո օրը և քո կյանքի դժվարությունները փոխակերպի ու դարձնի Իր ուղարկած օրհնությունները:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: