August-15 (2)

Գլխավոր | Հրաշքներ | Երբ իմ «երազանքները» չեն իրականանում…

Երբ իմ «երազանքները» չեն իրականանում…

Երբևէ ապրե՞լ ես խորը հիասթափություն։ Իմ կյանքի ընթացքում ես շատ անգամներ եմ նման զգացողություն ունեցել։ Հաճախ իմ կյանքի իրադարձությունները շատ հեռու էին իմ պատկերացրած ու ակնկալած իրողություններից։ Այդ ամենն ինձ ժամանակի ընթացքում սովորեցրեց իմ բոլոր ձախողումների մեջ տեսնել Աստծո օգնական ձեռքը և Նրա պատրաստած ելքերն ու անակնկալ լուծումներն իմ կյանքի բարդագույն խնդիրների համար։ Աստծու հետ իմ ընթացքին զուգահեռ իմ կյանքում հիասթափություններին ու հուսահատությանը փոխարինեցին ճանաչողությունն ու Աստծու ծրագրին վստահելը։

Սիրելի՛ բարեկամ, իսկ ի՞նչ է դա նշանակում։ Որպեսզի ավելի պարզ լինի ասածս, բերեմ մի օրինակ։ Ժամանակին ներգրավված էի մի ծառայության մեջ, որը սկսել էի զրոյից ու Աստծու օգնությամբ հասել էի մի տեղ, երբ այն բավականին մեծ ու դրական ազդեցություն էր թողնում մարդկանց կյանքերի վրա։ Հետո ինչ-ինչ պատճառներով փակվեցին բոլոր դռները։ Դա իմ կյանքի ամենածանր պահերից մեկն էր։ Սակայն նախորդ հիասթափությունների փորձառությունն ինձ հուշում էր այդ ամենի մեջ որոնել Աստծո ծրագիրն ու հուսալ Նրա զորացնող ձեռքի օգնությանը։ Երբ դու ծանր իրավիճակներում չես կենտրոնանում հիասթափության պատճառների վրա, սկսում ես տեսնել Տեր Աստծո կողմից քեզ համար բացված նոր հնարավորությունները։ 

Իրականում, հիմա ես հասկանում եմ, որ այդ ամենն Աստծու կատարյալ ծրագրի մի մասն էր, որովհետև ես սկսեցի կենտրոնանալ այլ ծառայությունների վրա, որոնք է՛լ ավելի արդյունավետ կերպով ինձ հնարավորություն տվեցին գործելու հանուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Արքայության։ Եվ հենց «Քո հրաշքն՝ ամեն օր» գրառումները այդ ամենից հետո բացված նոր հնարավորությունների մի մասն են կազմում։

Ես ավելի շատ ժամանակ ունեցա մեր եկեղեցու կառուցվածքի ու ծառայությունների հղկման համար, նոր ծառայողների բարձրացման և նոր դասընթացների մշակման համար։ Այն ամենը, ինչն ինձ ճնշում էր, իրականում նոր լիցք, պտղաբերություն և զորավոր ընթացք հաղորդեց հանուն Աստծու իմ ծառայությանն ու նվիրմանը։ Աստված դեպի բարին է դարձնում ամեն բան, որ կատարվում է մեր կյանքում, եթե միայն մենք Նրան սիրող մարդիկ լինենք։

Երբեմն մենք ստիպված ենք լինում կանգնած մնալ կարմիր լույսի տակ՝ սպասելով, մինչ Աստված կմաքրի ու կազատի այն ճանապարհը, որով մենք ուզում ենք ընթանալ։ Բայց Նա կարող է հենց այդ ժամանակ դադարեցնել երթևեկությունը մեկ այլ փողոցում և մեր ճանապարհի բոլոր լույսերը կանաչ դարձնել, որպեսզի մենք անխափան կերպով ընթանանք դեպի մեր կյանքի այն նպատակների իրականացումը, որոնք բխում են Իր կամքից։

Այդ նոր ճանապարհը այլ հնարավորություններ է բացում մեր առջև՝ նոր աշխատանք, նոր ծառայություններ, նոր հարաբերություններ և այլն։ Բայց շատ հաճախ մենք դրանով մեծ արագությամբ ընթանալու փոխարեն նախընտրում ենք մեր աչքերը սևեռած պահել այն նախնական ծրագրերի ու երազանքների վրա, որոնց ճանապարհին Աստված կարմիր լույս է վառել։ Մենք տեսնում ենք միայն արգելքները և չենք նկատում մեր առջև բացված գերբնական ու արտասովոր հնարավորությունները։

Աստվածաշունչը Եսայիա 55․8 խոսքում հուշում է մեզ, որ Աստծո մտածելակերպը հիմնովին տարբերվում է մեր ընկալումներից․ «Արդարև, Իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, և ձեր ճանապարհներն Իմ ճանապարհները չեն,- ասում է Տերը»։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տերը գիտի ու տեսնում է ամեն ինչ: Հնարավոր է՝ դու ճշգրիտ պատկերացումներ ունես քո երազանքի իրականացման կերպերի մասին։ Գուցե մտածում ես, որ ամեն անգամ բաց ես թողնում քո առջև բացված հնարավորությունները:

Առաջարկում եմ քեզ ուշադրությունդ «կարմիր լույսերից» շեղել և փնտրել քո կյանքի ճանապարհներին վառվող «կանաչ լույսերը», նույնիսկ եթե դրանք այնքան էլ չեն համապատասխանում քո երազանքներին, պատկերացումներին ու սպասումներին:

Գուցե դա նոր աշխատանքի հնարավորությունը լինի, գուցե ծառայության կամ հարաբերությունների ոլորտում նոր ու անակնկալ բացվող դռներ լինեն․․․․ Ինչևէ, փորձիր հայացքդ կտրել քո կյանքի «կարմիր լույսերից» և ուշադրություն դարձնել մեկ այլ ճանապարհի վրա վառվող «կանաչ լույսերին»:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: