February-9

Գլխավոր | Հրաշքներ | Երբ Աստծուն Տեր ես կոչում․․․

Երբ Աստծուն Տեր ես կոչում․․․

Կավե անոթը չի կարող որոշել, թե ինչպիսի ձև ինքը պետք է ունենա և ինչ տեսք պետք է տա իրեն բրուտը։ Չափազանց կարևոր է, որ մենք հասկանանք, որ Աստված մեզնից յուրաքանչյուրի համար Իր ծրագիրն ունի։ Եվ Նա չի հարմարվելու մեր քմահաճույքներին ու նախընտրություններին։ Երբեմն մենք փորձում ենք հակառակվել Աստծու կամքին ու մեր կյանքերի համար Նրա նախանշած ընթացքին։ Այդ ամենի արդյունքում էլ հայտնվում ենք մի վայրում, որտեղ կոտրված ենք, փշրված, իսկ մեր սրտում ասես մի աննկարագրելի դատարկություն լինի։

Սիրելի՛ բարեկամ, Աստվածաշնչում կարդում ենք, որ Աստծու կամքը բարի է, հաճելի և կատարյալ (տե՛ս Հռոմեացիս 12.2 խոսքը)։ Սակայն մարդը փորձում է ինքն իր մարդկային հաշվարկներով, իմաստությամբ ու ցանկություններով կարգավորել իր կյանքը։ Այդպիսին կարող են լինել անձնական կյանքին վերաբերող որոշումները, երբ գիտես, որ Աստծու կամքին հակառակ է, բայց շատ ես ուզում, որ ստացվի քո պատկերացումը։ Կարող է լինել աշխատանքային ու ֆինանսական հարց, որի կարգավորումը փորձում ես իրականացնել Աստծու սկզբունքներին հակառակ և օգուտ կամ շահ ստանալ։ Կարող է նաև լինել մարդու կյանքի ցանկացած այլ ոլորտի խնդիր, որը մենք փորձում ենք ինքներս լուծել մեր պատկերացումներով, որոնք հակառակ են Աստծու կամքին ու Աստծու Խոսքի սկզբունքներին։ 

Սակայն, ինչպես բրուտը գիտի, թե ո՛րն է լավագույնը իր ձեռքերի շնորհիվ կերտվող կավե ամանի պարագայում, այնպես էլ Աստված գիտի մեր կյանքի լավագույն ուղին։ Նա սիրում է մեզ հայրական հոգատարությամբ ու անսահման սիրով։ Ուղղակի մենք պետք է հնազանդվենք ու հանձնվենք Նրա հմուտ ձեռքերի մեջ և սպասենք ու վստահենք Նրա անսահման իմաստությանը։

«․․․նա դարձյալ մի ուրիշ անոթ շինեց, ինչպես որ հաճելի էր բրուտի աչքին» (Երեմիա 18.4

Մեր կյանքի դժվարին իրավիճակներում է, որ Աստված զորավոր գործեր է անում մեր ներսում Իր ուզած անձնավորությունը կերտելու համար։ Եթե քո կյանքի որևէ ոլորտում շեղվել ես Աստծու կամքից և գնում ես քո ցանկությունների ու պատկերացումների հետևից, ապա ապաշխարի՛ր որքան հնարավոր է շուտ, խոստովանի՛ր քո անհնազանդությունը և վերադարձի՛ր հմուտ Վարպետի ձեռքերի մեջ։ Նա կարո՛ղ է վերականգնել քեզ և քեզնից մի հրաշալի փառքի անոթ կերտել Իր Արքայության համար։ 

Աստված Երեմիային բրուտի տուն ուղարկեց, որպեսզի նա մարդկանց փոխանցի Աստծու կամքին հանձնվելու կարևորությունը։ Մարդիկ հաճախ Տեր Աստծուց օգնություն են խնդրում, սակայն չեն կամենում հնազանդվել Աստծու կամքին։ Անհնազանդ կավը չի՛ կարող դիմանալ բրուտի ճախարակի պտույտներին։ Այն անընդհատ փլուզվելու է և, ի վերջո, մի կողմ է նետվելու։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ե՛կ սովորենք Տեր Աստծու բարի, հաճելի և կատարյալ կամքը մեր ցանկություններից ու պատկերացումներից վեր դասելը։ Ե՛կ սովորենք Նրան վստահելն ու Նրա ձեռքերի մեջ հնազանդ կյանքով ապրելը։ Սա մի հրաշալի օրհնություն ու թարմություն է բերելու քո կյանքի մեջ, որից այդքա՜ն հոգնել ես։ Սակայն այն նաև քեզնից խոնարհություն, հեզություն, համարձակություն, ջանք և Աստծու ծրագրերին վստահելու հավատք է պահանջելու։ 

Աղոթում եմ քեզ համար, որ այսօր և այսուհետ չմերժես Սուրբ Հոգու քաղցր մղումները, որոնք Նա պարբերաբար ուղարկում է քո սրտի մեջ։ Ե՛կ վստահենք Աստծուն։ Ե՛կ թույլ տանք, որ Նա կերտի մեզ նորովի՝ Իր կամքի համաձայն։ Կարևորը կավե անոթի տեսքը չէ։ Կարևորն այն է, որ այդ անոթը Տեր Աստծու ձեռքերում ձևավորվի և ծառայի այն նպատակին, որի համար արարվել է։ Սա՛ է իրական երջանկությունը, և սա՛ է Աստված ուզում անել քո կյանքում․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: