Սիրելի՛ բարեկամ, գուցե քո անցյա՞լն է խանգարում քեզ առաջ ընթանալ։ Երբեմն հանդիպում ենք աստվածաշնչյան այնպիսի հատվածների, որոնք ավելի հեշտ է ընթերցել, քան ապրել ու կիրառել մեր կյանքում։ Նման հատվածներից է Փիլիպպեցիս 3.13-14 խոսքը. «Հետևում եմ նպատակակետին՝ Հիսուս Քրիստոսով դեպի վեր՝ երկինք՝ Աստծու կողմից կոչվելու մրցանակին։ Եղբայրնե՛ր, ես ինձ չեմ համարում, որ հասել եմ, բայց մի բան կա. հետևում թողածը մոռանալով՝ դեպի առջևում եղածներն եմ ձգտում» (Փիլիպպեցիս 3․13-14):
Այս հատվածը կարող ենք հակիրճ ներկայացնել այսպես՝ այսօր ես որոշում եմ մոռանալ այն ամենն, ինչ անցյալում է, և առաջ ընթանալ դեպի այն ամենն, ինչ սպասում է ինձ իմ ապագայում:
Այս խոսքերը ասես օրինակ են մեզ համար, որ մենք էլ Պողոս առաքյալի նման կարողանանք ասել․ «Ես որոշում եմ մոռանալ անցյալը և այլևս չեմ ապրելու դրա ծանրության ներքո: Այն, ինչ եղել է, արդեն անցյալ է։ Որքան էլ անցյալը ցավոտ լինի, ես ոչինչ չեմ կարող փոխել։ Սակայն կարող եմ անցյալը մի կողմ դնելով՝ դեպի առաջ ընթանալ»:
Իրականում, ցավոք սրտի, այս ամենն իրագործելու համար միայն այս խոսքերը ընթերցելը բավարար չէ։ Որպեսզի ավելի լավ հասկանանք ասվածը, թույլ տուր մի օրինակ բերել։ Պատկերացրու, որ ճաշ պատրաստելու ժամանակ պատահաբար դանակով վնասում ես ձեռքդ։ Այդ ժամանակ նախ լվանում ես կտրված տեղը, ախտահանում այն և վիրակապ դնում վերքի վրա, որպեսզի այն նորից չբացվի և ժամանակի ընթացքում սկսի լավանալ: Չեմ կարծում, թե այս ամենից հետո հաճախակի կսկսես սեղմել վնասված հատվածի վրա։ Ինչո՞ւ։ Մի շատ պարզ պատճառով՝ քանի որ այն դեռ ցավում է:
Եթե վերքին դիպչես նախքան սպիի ամբողջական ձևավորումը, թեև այն կարող է «բուժված» թվալ, սակայն ավելի խորը շերտերում բուժման գործընթացը դեռ ավարտված չէ, ապա այն կարող է թարմանալ: Սակայն, երբեմն մենք հենց դա ենք անում մեր անցյալի հետ: Մենք դիպչում ենք ու սեղմում դեռ չլավացած վերքերը, երբ խոսում ենք ու կենտրոնանում անցյալի իրադարձությունների վրա։
Անցյալը երբեմն մեզ փակուղի է մտցնում։ Եվ որքա՜ն դժվար է դադարել խոսել այն իրավիճակների մասին, որոնց մեջ մենք շարունակում ենք մնալ արգելափակված:
Անցյալ, որը դեռ շարունակում է քեզ ցավ պատճառել. աշխատավայրում քո մտերիմ գործընկերը, որը մեջքիդ հետևում կատարված խաբեությամբ առաջխաղացում է ստացել, քո ֆինանսական վիճակը, որն անկում է ապրել, եկեղեցու ծառայողը կամ պատասխանատու մեկը, ում բացահայտված գաղտնի կյանքը գայթակղության առիթ է դարձել, կամ ավելի վատ՝ անձնական ողբերգություններ, որոնք տեղի են ունեցել մանկահասակ տարիքում կամ ընտանեկան ու անձնական հարաբերություններում։
Այս ամենն արդեն անցյալում է, և դու կարծում ես, թե մոռացել ես դրանց մասին։ Սակայն երբ որևէ բան հիշեցնում է քեզ այդ ցավոտ իրադարձություններից մեկի մասին, այն դեռ շարունակում է քեզ ցավեցնել և գրավում է քո ողջ մտասևեռումը։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ուզում եմ քեզ վստահեցնել, որ եթե զգում ես այդ ցավը, ապա քո անցյալի բժշկման գործընթացը սկսվել է, բայց դեռ չի ավարտվել։ Ե՛կ անցյալի մեր վերքերի բժշկությունը նույնպես վստահենք մեր Տեր Աստծուն՝ հավատալով, որ Նա արդեն իսկ վերցրել է մեր վերքերն Իր վրա և կրել դրանց տառապանքը իմ և քո փոխարեն։ Տեր Հիսուսն ուզում է ազատել քեզ քո անցյալի կապանքներից ու վատ հիշողություններից:
Առաջարկում եմ հենց հիմա միասին աղոթել հետևյալ աղոթքով. «Սուրբ Հոգի՛, խնդրում եմ՝ օգնիր ինձ, որ դադարեմ անցյալով ապրել: Դա այնքա՜ն ուժգին է ինձ ձգում, որ ես հաճախ եմ տրվում այդ գայթակղությանը:Գիտեմ, որ երբ ես կենտրոնանում եմ իմ անցյալի վրա, բավականին դժվար է դառնում արդյունավետ կերպով առաջ շարժվելը: Տե՛ր, խնդրում եմ՝ բժշկի՛ր իմ անցյալի վերքերը, որպեսզի կարողանամ ապրել հենց այն հաղթական կյանքով, որը Դու ես ծրագրել ինձ համար։ Կյանքով, որը բաղկացած է ներկայից և միտված է դեպի ապագա հաղթանակները։ Աղոթում ու խնդրում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը