September17 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Երբե՛ք չհանձնվես ու չպարտվես․․․

Երբե՛ք չհանձնվես ու չպարտվես․․․

Սիրելի՛ բարեկամ, համացանցում ժամանակ առ ժամանակ մի նկար եմ հանդիպում, որը, կարծում եմ, քեզ էլ հանդիպած կլինի։ Ես այն շատ եմ սիրում։ Այդ նկարի մեջ մի փոքրիկ կատու իրեն է նայում հայելու մեջ։ Սակայն հայելու արտացոլանքի մեջ փոքրիկ կատվի փոխարեն զորեղ հայացքով մի առյուծ է երևում։ 

Այս նկարը քաջալերում է ինձ: Այն ինձ ստիպում է մտածել, որ ես էլ ոչ թե մի փոքր ու վախվորած էակ եմ, այլ կարող եմ լինել քաջ ու համարձակ մեկը: Եվ, բնականաբար, այդ ամենը ինքնաներշնչանք չէ, այլ ինձ զորացնող Քրիստոսի շնորհիվ է։ Նման մտածելակերպը օգնում է ինձ չփախչել իմ կյանք այցելած մարտահրավերներից և վստահ լինել, որ որքան էլ փորձությունը ծանր ու դժվարին լինի, ես չեմ հանձնվելու և չեմ պարտվելու։ 

Իրականում, եթե անկեղծ լինենք, ապա պետք է խոստովանենք, որ մենք առյուծներ չենք։ Սակայն կա Մեկը, Ում Աստվածաշունչը կոչում է Հուդայի Առյուծ։ Տեր Հիսուսն է իրական Արքան, Ով կրում է այդ անունը (տե՛ս Հայտնություն 5․5 խոսքը ): Եվ Նա կարող է զորացնել յուրաքանչյուր մեկին, ով հավատում է Իրեն, զորացնել և վախվորած մարդկանց դարձնել խիզախ առյուծներ։ Առյուծներ, որոնք երբե՛ք չեն հանձնվում, և որոնց անկարող են ծնկի բերել կյանքի դժվարություններն ու անգամ՝ արհավիրքները։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր իմ քաջալերանքն է քեզ՝ չհանձնվե՛ս ու չպարտվե՛ս:

  • Գուցե անցնում ես սգի միջով, որը կարծես ջախջախում է քեզ:
  • Գուցե պայքարի մեջ ես, որ ոտքի կանգնես ամուսնալուծությունից կամ շատ ծանր ընտանեկան վեճից հետո:
  • Գուցե պայքարում ես ինչ-որ կախվածության դեմ, որը թողնելը չափազանց դժվար է քեզ համար:
  • Գուցե քո ներքին վախերի ու տագնապային մտքերի դեմ ես պայքարում, և թվում է, թե երբեք չես կարողանալու դուրս գալ դրանց թակարդից․․․

Նույնիսկ եթե վերոնշյալ թվարկման մեջ չկա քո պայքարը, թույլ տուր կրկին քաջալերել քեզ ու հորդորել, որ երբե՛ք չհանձնվես ու չպարտվես։ Դու անպաշտպան և անօգնական չես: Ինչպես սաղմոսերգուն է ասում Սաղմոս 121․2 խոսքում․ «Իմ օգնությունը Տիրոջից է, որ արարեց երկինքն ու երկիրը»։

Քո երկրային դժվարությունների մեջ օգնությունը գալիս է Տիրոջից: Օգնությունը գալիս է Երկնքում բնակվողից: Ոչ թե պարզապես ինչ-որ մեկից, այլ հենց քո երկնային Հորից:

Իսկ Երեմիա 29․11 խոսքում կարդում ենք. «Որովհետև Ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը,- բարօրության խորհուրդներ և ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ»։

Քո կյանքը թանկ է Տեր Աստծու համար։ Քո ապագան սքանչելի է լինելու։ Թույլ չտա՛ս, որ պարտության մտքերը պաշարեն քեզ։
Բարձրացրու՛ գլուխդ… Քո Փրկիչն այստեղ է՝ հենց քո՛ կողքին:

Մի՛ ընկճվիր: Եվ երբե՛ք չհանձնվես և չպարտվես։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: