Novmeber-29 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Երանի՜ ողորմածներին

Երանի՜ ողորմածներին

Այսօր ևս շարունակում ենք «Տեր Հիսուսի ուսուցանած «երանիները»» անվանումը կրող մեր շարքը, որը հիմնված է Մատթեոս 5․3-12 հատվածի ուսումնասիրության վրա։ Անդրադառնանք Տեր Հիսուսի ուսուցանած երանիներից հինգերորդին․

«Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն կգտնեն» (Մատթեոս 5․7):

Սիրելի՛ բարեկամ, երեկ խոսեցինք արդարության հանդեպ հավատացյալ մարդու քաղցի ու ծարավի զգացողության կարևորության մասին։ Սա մի ներքին զգացում է, որը կապ ունի մարդու սրտի հետ։ Ինչպիսի՞ն է քո սիրտը։ Արդյոք սիրտդ սիրո՞ւմ է Տեր Աստծու կամքը, ուրախանո՞ւմ է, երբ այդ կամքն իրագործվում է այս երկրի վրա, և արդյոք տրտմո՞ւմ է, երբ այն անտեսվում է ու արհամարհվում․․․

Այս ամենը կապ ունի մարդու սրտի հետ։ Երանիների Իր ուսուցման մեջ Տեր Հիսուսը խոսում է նաև մեր սրտի վիճակի մի ավելի բարձր մակարդակի մասին։ «Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն կգտնեն»։ Ողորմած, ողորմություն, ողորմասիրտ բառերը նույնպես դարերի ու հազարամյակների ընթացքում փոխել են իրենց սկզբնական նշանակությունը։ Այժմ մարդիկ ողորմությունը ավելի շատ կարիքի ու ֆինանսի հետ են կապում, մինչդեռ ողորմության աստվածաշնչյան իմաստը շատ ավելի լայն է։

Ողորմածությունը կապ ունի ներման հետ։ Երանի՜ այն մարդկանց, որոնք հասկացել են, թե որքա՜ն է Աստված ներել իրենց, և իրենք էլ նույն վերաբերմունքն ունեն իրենց ցավեցրած ու վերքեր հասցրած այլ մարդկանց նկատմամբ։ 

Տեր Հիսուսը բազմաթիվ օրինակներով սովորեցնում էր Իր աշակերտներին այս ճշմարտությունը։ Օրինակ՝ երբ Պետրոսը հարցրեց, թե քանի՞ անգամ պետք է մարդը ների դիմացինին, Տիրոջ պատասխանը եղավ թագավորին ահռելի մեծ պարտք ունեցող մարդու պատմությունը, որը աղերսագին աղաչանքից հետո իր պարտքի ներումը ստացավ թագավորից, սակայն չցանկացավ ներել իր ծառայակցի՝ անհամեմատ ավելի փոքր պարտքը։ Ընթերցե՛նք Տեր Հիսուսի խոսքերն այս ուսուցման վերջաբանում․

«Չա՛ր ծառա, ես ամբողջ պարտքդ քեզ ներեցի, որովհետև դու ինձ աղաչեցիր։ Պետք չէ՞ր, որ դու էլ քո ծառայակցին ողորմեիր, ինչպես ես քեզ ողորմեցի“։ Եվ տերը բարկանալով՝ նրան հանձնեց դահիճներին, մինչև հատուցեր ամբողջ պարտքը։ Այդպես էլ Իմ երկնավոր Հայրը կանի ձեզ, եթե ձեզանից յուրաքանչյուրն իր եղբոր հանցանքները սրտանց չների» (Մատթեոս 18.32-35):

Այստեղ հստակ հասկանում ենք ողորմել բառի աստվածաշնչյան իմաստը։ Ողորմությունը մեր հանդեպ սխալ վարմունք ունեցողների նկատմամբ մեր սերն ու կարեկցանքն է, ներումը և նրանց անմխիթար վիճակի գիտակցումն ու աղոթքը՝ նրանց մեղքերի ներման համար։ Տերն Ինքը ողորմածության լավագույն օրինակը թողեց մեզ, երբ աղոթում էր Իրեն խաչողների համար․ 

«Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետև չգիտեն, թե ի՛նչ են անում» (Ղուկաս 23.34):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ողորմասիրտ կյանք ապրելու առաջին նախապայմանը Աստծուց մեր մեղքերի ներման ողորմությունն ընդունելն է։ Միայն Աստծուց ողորմություն ընդունած մարդը կարող է ողորմասիրտ լինել մյուսների հանդեպ։ Եվ մենք մշտապես պետք է ինքներս մեզ հիշեցնենք այն մեծագույն իրողությունը, որը կարող է կերտել մեր հավիտենական ճակատագիրը։

Հավանաբար, գոյություն չունի մի քրիստոնյա, որը ծանոթ չլինի Տերունական աղոթքի այս տողերին․ «Եվ ների՛ր մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին»։ Իսկ դու ծանո՞թ ես Տերունական աղոթքից անմիջապես հետո Տեր Հիսուսի այս կրկնակի զգուշացմանը․ «Որովհետև եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների։ Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձեզ չի ների ձեր հանցանքները» (Մատթեոս 6.14-15):

«Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն կգտնեն»:

Առաջարկում եմ ժամանակ հատկացնել և լսել «Երանի՜ ողորմածներին» անվանումը կրող այս կարճ ուսուցումը՝

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: