Novmeber-27

Գլխավոր | Հրաշքներ | Երանի՜ հեզերին

Երանի՜ հեզերին

Շարունակում ենք «Տեր Հիսուսի ուսուցանած «երանիները»» անվանումը կրող մեր շարքը, որը հիմնված է Մատթեոս 5․3-12 հատվածի ուսումնասիրության վրա։ Անդրադառնանք Տեր Հիսուսի ուսուցանած երանիներից երրորդին․

«Երանի՜ հեզերին, որովհետև նրանք կժառանգեն երկիրը» (Մատթեոս 5․5):

Սիրելի՛ բարեկամ, հեզ մարդու կերպարն աղավաղված է մերօրյա աշխարհում։ Շատերը հեզությունն ընկալում են որպես թուլություն, այնինչ՝ հեզությունը համարձակություն, նվիրվածություն և բավականին մեծ ուժ ու զորություն պահանջող որակ է։ Հեզությունն, աստվածաշնչյան իմաստով, կրում է Տեր Աստծու կողմից մարդու՝ հեշտությամբ ուղղորդվելու նշանակությունը։ Հեզ մարդը Աստծու կամքն իր անձից բարձր դասող մարդն է։ 

«Մովսեսը երկրի վրա ապրող բոլոր մարդկանցից շատ ավելի հեզ մարդ էր» (Թվոց 12․3):

Մովսեսը թույլ մարդ չէր։ Նա բազմամիլիոնանոց ժողովրդի առաջնորդ էր։ Մովսեսի հեզությունը Տեր Աստծու կամքին հնազանդվելու նրա պատրաստակամության մեջ էր։ Մովսեսի հեզությունը դրսևորվում էր, երբ նա հնազանդվում էր Աստծուն անգամ այն ժամանակ, երբ Աստծուն հնազանդվելը նրա համար անասելի մեծ խնդիրներ էր առաջացնում, երբ Աստծուն հնազանդվելը բացարձակապես տրամաբանական հիմնավորում չուներ և երբ անգամ իր կյանքն ու առաքելությունն է ին վտանգված այդ հնազանդության արդյունքում։ 

«Երանի՜ հեզերին․․․»։ Երանի՜ այն մարդկանց, որոնք այս կյանքում չեն առաջնորդվում իրենց պատկերացումներով, այլ՝ Աստծու Խոսքով և Տիրոջ Հոգու առաջնորդությամբ։ Այս մարդիկ, իրապես, կժառանգեն Աստծու կողմից խոստացված հավիտենական կյանքը։ 

Հեզության հականիշը ինքնակամությունն է։ Աստվածաշունչը զգուշացնում է մեզ ինքնակամ խոնարհությունից (տե՛ս Կողոսացիս 2.18 խոսքը)։ Ինքնակամ խոնարհությամբ առաջնորդվող մարդը փորձում է ապրել հավատքի կյանքը, սակայն ինքն է որոշում՝ երբ հնազանդվի Աստծու Խոսքին ու Նրա կամքին և երբ՝ սեփական կամքին ու հարմարությանը։ Ինքնակամ խոնարհություն ունեցող մարդու հնազանդությունն Աստծուն տեղային է, դրսևորվում է որոշակի ոլորտներում և երբե՛ք ամբողջական հնազանդություն չէ։ 

Հեզ մարդը խիզախություն ունի ամբողջական հնազանդության համար։ Հեզությունը չի նայում սեփական հարմարությանը, չի փնտրում սեփական շահը, չի վախենում մարդկանց արձագանքից, անգամ թշնամանքից ու մերժման դրսևորումներից։ Հեզությունը հավատացյալ մարդու նմանությունն է Տեր Հիսուս Քրիստոսին։ Մարդիկ չեն ծնվում հեզ, այլ սովորում են ապրել հեզության ու խոնարհության կյանքով։ 

«․․․Ինձանի՛ց սովորեք, որովհետև Ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր հոգիներին հանգստություն կգտնեք» (Մատթեոս 11.29):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ դու պատրա՞ստ ես Տեր Հիսուսից հեզություն և սրտի խոնարհություն սովորել։ Եթե քո հնազանդությունը երկնային Հոր կամքին դեռ ամբողջական չէ, ապա այսօր խորհուրդ եմ տալիս քեզ չընկճվել, այլ դառնալ Տեր Հիսուսի հավատարիմ աշակերտը։ Տերն էր ասում, որ մենք հե՛նց Իրենից պետք է սովորենք հեզություն և սրտի խոնարհություն։ Ուրեմն ե՛կ այսօր որոշում կայացնենք և մեր հնազանդությունը սկսենք կարգապահ ու հավատարիմ աշակերտ դառնալուց, որպեսզի դառնանք նաև այն երանելի մարդը, որը Տերն է ուզում, որ դառնանք։

Առաջարկում եմ ժամանակ հատկացնել և լսել «Երանի հեզերին» անվանումը կրող այս կարճ ուսուցումը՝

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: