Այսօր ևս շարունակում ենք «Տեր Հիսուսի ուսուցանած «երանիները»» անվանումը կրող մեր շարքը, որը հիմնված է Մատթեոս 5․3-12 հատվածի ուսումնասիրության վրա։ Անդրադառնանք Տեր Հիսուսի ուսուցանած երանիներից յոթերորդին․
«Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ կկոչվեն» (Մատթեոս 5․9):
Սիրելի՛ բարեկամ, Տեր Հիսուսի ուսուցանած վերջին երեք երանիները կապ ունեն մարդու վարքագծի հետ։ Երանելի կյանքով ապրելու համար կարևոր է ո՛չ միայն մարդու ապաշխարությունը, ո՛չ միայն սրտի մաքրությունն ու արդարության հանդեպ ծարավը կամ ողորմասիրտ լինելը, այլև կարևոր է, որ մեր սրտի հավատքը դառնա և՛ մարդկանց, և՛ Տեր Աստծու հանդեպ դրսևորվող վերաբերմունք ու հավատքի գործեր։
«Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ կկոչվեն»։ Ովքե՞ր են խաղաղարարները։ Ինչո՞ւ են հենց նրա՛նք Աստծու որդիներ կոչվելու։ Ի՞նչ կարող ես անել, որ այս երանությունը նաև քո՛ կյանքում դառնա սքանչելի մի իրողություն։
«Խաղաղարար» նշանակում է խաղաղություն արարող՝ խաղաղության հարաբերություններ և մթնոլորտ ստեղծող մարդ։ Մեզնից շատերը ո՛չ թե խաղաղություն են ստեղծում իրենց միջավայրում՝ ընտանիքում, աշխատավայրում, եկեղեցում, այլ՝ լարված հարաբերություններ ու պայթյունավտանգ մթնոլորտ։ Ինչո՞ւ է այդպես։
Պատասխանն այն ճշմարտությունն է, որ քանի դեռ մարդը խաղաղության հարաբերության մեջ չէ Տեր Աստծու հետ, քանի դեռ խաղաղություն չի ընդունել իր սրտում Տեր Աստծու շնորհած ներման ու մեկնած հաշտության ձեռքի արդյունքում, նա չի կարող խաղաղություն փոխանցել մյուսներին կամ խաղաղության մթնոլորտ ստեղծել իր շրջապատում։
Մեր խոսքերը, մեր վերաբերմունքը, մեր վարքագիծը գործիքներ են, որոնց շնորհիվ մենք կա՛մ խաղաղություն, կա՛մ լարվածություն ենք առաջացնում այն միջավայրում, որտեղ գործում ենք։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տեր Աստված Քրիստոսի յուրաքանչյուր աշակերտին վստահել է հաշտության պաշտոն՝ մարդկանց Իր հետ հաշտեցնելու կարևորագույն առաքելությունը։ Եվ ինչպե՞ս կարող ենք մենք, որ մեր ներսում չունենք խաղաղություն, մարդկանց փոխանցել Տեր Աստծու հետ հաշտվելու Բարի Լուրը։ Ինչպե՞ս կարող ենք դառնալ խաղաղարարներ և խաղաղության գործիքներ մեր Տեր Աստծու ձեռքին։
«Ամեն ինչ Աստծուց է, որ մեզ Հիսուս Քրիստոսի միջոցով Իր հետ հաշտեցրեց ու մեզ հաշտության ծառայությունը տվեց։ Որովհետև Աստված էր, որ Քրիստոսով աշխարհն Իր հետ հաշտեցրեց և նրանց հանցանքներն իրենց ներեց և հաշտության խոսքը մեր մեջ դրեց։ Արդ Քրիստոսի անունով ենք պատգամաբերություն անում, որպես թե Աստված ինքն է մեր միջոցով պատգամում. հանուն Քրիստոսի աղաչում ենք, հաշտվե՛ք Աստծու հետ» (Բ Կորնթացիս 5․18-20):
Իսկ դու խաղաղությա՞ն մարդ ես քո տան ու քո շրջապատի մեջ, թե՞ կարիք ունես խորը անձնաքննության ու ապաշխարության, որպեսզի իրապես Աստծու զավակը կոչվելու արտոնությունն ընդունես․․․
Առաջարկում եմ ժամանակ հատկացնել և լսել «Երանի՜ խաղաղարարներին» անվանումը կրող այս կարճ ուսուցումը՝
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը