April-16

Գլխավոր | Հրաշքներ | Եվ ի՞նչ, եթե դու կատարյալ չես…   

Եվ ի՞նչ, եթե դու կատարյալ չես…   

Սիրելի՛ բարեկամ, խեցեգործությունը մանրակրկիտ ուշադրություն պահանջող արվեստ է։ Բրուտի նպատակը անձև ու ցեխանման կավին գեղեցիկ տեսք տալն է։ Կավե ամանն իր փառահեղ տեսքով գոյություն չի կարող ունենալ, քանի դեռ նախ չի պատկերվել բրուտի պատկերացման մեջ։ 

Վերջինս կավից համբերատարությամբ հեռացնում է կոշտ մնացորդները, կուտակված և ավելորդ մասերը․․․ Մի խոսքով՝ նա կավից հեռացնում է ցանկացած բան, որը խանգարում է կավի միատարր ու փափուկ լինելուն։ Եվ ահա վերջնական տեսքը՝ ողորկ, փայլուն մի անոթ՝ կատարյալ տեսքով և գեղեցկագույնս փայլեցված։ 

Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ ես և դու փոխաբերական իմաստով հենց այդ կավե ամանի նմանությունն ունենք։ Գուցե այսօր դու էլ քեզ կավի սկզբնական վիճակի նմանությամբ անկատար ես զգում՝ կոշտ, խամրած ու անփայլ․․․

Սակայն Աստված՝ մեր երկնային Բրուտը, աշխատանք է տանում քեզ հետ, որպեսզի դարձնի քեզ մաքուր, հարթ ու փայլուն մի անոթ։ Ճիշտ այնպես, ինչպես այս աստվածաշնչյան խոսքում ենք կարդում, որ Աստված է ասում Իրեն հավատացող ու Իր կամքը կատարելուն նվիրված ժողովրդի համար. «…քեզնից կմաքրեմ խարամը, ինչպես մաքրում են բորակով, և կվերացնեմ քո ամբողջ անագը» ‭‭(Եսայիա‬ ‭1․25‬)։ 

Հենց Ինքն՝ Աստված է այս գործը քո ներսում անողը։ Դու կարիք չունես վախենալու… Մեր Աստված զորավոր է, սակայն Նա նաև համբերատար է ու կարեկից, և Նրա սիրտը լցված է քո հանդեպ անսահման սիրով։ 

Այդ գործընթացը, հնարավոր է, որոշակի ժամանակ տևի, իսկ երբեմն էլ՝ բավականին երկար ժամանակ։ Սակայն ամենակարևորն այն է, որ Տիրոջ ուշադրությունը սևեռված է Իր սիրելի կավե ամանի վրա։ Նրա վայելքն ու հաճույքը Իր կերտած աշխատանքի վերջնական արդյունքի մեջ է։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այո՛, դու Նրա գլուխգործոցներից մեկն ես՝ Նրա ձեռքի աշխատանքը։ Դու Նրա պատվական անոթն ես, ինչպես նկարագրված է Բ Տիմոթեոս 2․21 խոսքում. «Եթե մեկն ինքն իրեն այդպիսի բաներից մաքրի, կդառնա պատվական անոթ՝ սրբագործված ու իր Տիրոջն օգտակար, պատրաստ ամեն բարի գործի»։

‭‭Ձգտի՛ր սրբության։ Ջա՛նք արա ճանաչելու և հնազանդվելու Տեր Աստծու կամքին։ Սիրի՛ր Տեր Հիսուսին՝ կատարելով Նրա պատվիրանները։ Սիրի՛ր այն մարդկանց, ում սիրում է Աստված․․․ բոլոր մարդկանց։ Հեռացրո՛ւ կամ խնդրի՛ր Աստծուն հեռացնելու քո կյանքից բոլոր այն խոչընդոտները, որոնք քեզ շեղում են Աստծու սրտի համեմատ զավակ լինելու Նրա նպատակից։ Եթե ամբողջ սրտով ձգտես այսպիսի կյանքի, ապա սրբագործված և Տիրոջը օգտակար անոթ կդառնաս հմուտ Բրուտի օրհնյալ ձեռքերում։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։   

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: