May-26

Գլխավոր | Հրաշքներ | Եկեղեցում հաստատվելու կարևորությունը

Եկեղեցում հաստատվելու կարևորությունը

Այս ուղերձը «Ինչպե՞ս է հավատքն օգնում ինձ ապրել» անվանումը կրող շարքի վերջին ուղերձն է, և այն շատ կարևոր է հավատքի կյանքում աճ ունենալու և հասուն ու պտղաբեր լինելու համար։ Նախորդ ուղերձի մեջ մենք տեսանք, որ Աստված խոնարհությունը սահմանում է որպես Իր Խոսքին ու Իր կամքին հնազանդություն։ Եթե մարդը հակառակ է գործում Աստծու կամքին, ապա դա բխում է նրա հպարտությունից։ Իսկ խոնարհներն իրենց հնազանդեցնում են Աստծու կամքին, որքան էլ դա դժվար ու ցավոտ լինի նրանց համար։

Սիրելի՛ բարեկամ, ցանկացած ողջամիտ մարդ կհամաձայնի այն մտքին, որ եթե որևէ մեկը Քրիստոսին Տեր է կոչում, ապա պետք է ամեն ջանք անի, որ ապրի Քրիստոսի հնազանդ ու խոնարհ ծառայի կյանքով, որպեսզի իր ասածը ճշմարտություն լինի, ոչ թե՝ սուտ։

Եփեսացիս թղթի չորրորդ գլխում տեսնում ենք, որ ճշմարիտ և առողջ եկեղեցու գործունեությունը կարգավորում է հե՛նց Տեր Հիսուսը։ Նա՛ է բարձրացնում ծառայողներ, որոնք կրթում են Քրիստոսի աշակերտներին և օգնում նրանց Քրիստոսի նման հեզ ու խոնարհ, ինչպես նաև սկզբունքային և համարձակ լինելու հարցում։

«Ձեր առաջնորդներին անսացե՛ք ու հնազանդվե՛ք, որովհետև նրանք հսկում են ձեր հոգիները, որպես թե հաշիվ են տալու ձեր փոխարեն։ Նրանք թող դա ուրախությամբ անեն և ոչ թե հառաչելով, քանի որ դա ձեզ օգուտ չէ» (Եբրայեցիս 13․17):

Աստվածաշունչը սովորեցնում է, որ ես և դու պետք է մաս կազմենք ճշմարիտ եկեղեցու, որն ուսուցանում ու կրթում է մարդուն Աստծու Խոսքի՝ Աստվածաշնչի փոխանցած սկզբունքներով, ինչպես նաև պետք է ունենանք հոգևոր առաջնորդներ, որոնց պետք է լսենք և հնազանդվենք այնքանով, որքանով նրանց խրատներն ու հորդորները համապատասխանում են Աստվածաշնչի փոխանցած ճշմարտություններին։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ դու ունե՞ս հոգևոր առաջնորդ, որն օգնում է քեզ քո հոգևոր աճի և ամրացման ընթացքի մեջ։ Դու անդա՞մ ես այնպիսի եկեղեցու, որի ուսուցումները չեն հակասում Աստվածաշնչին։ Քո եկեղեցին և քո հոգևոր առաջնորդը օգնո՞ւմ են քեզ մեղքի դեմ պայքարում հաղթանակներ գրանցելու հարցում, թե՞ ընդամենը ոգևորում են քեզ, լցնում ժամանակավոր խանդավառությամբ կամ ամեն բան պատում խորհրդավորության շղարշով ու ծիսական արարողակարգերով։

Ճշմարիտ եկեղեցին զինում է մարդուն մեղքի դեմ պայքարում և խավարի իշխանությանը հալածել ուսուցանում։ Կեղծ եկեղեցիները հիացնում ու զվարճացնում են մարդկանց, հեռու պահում Աստվածաշնչից և սնում ոգևորությամբ։

Ինչպե՞ս է հավատքն օգնում ինձ ապրել։ Ես հավատում եմ, որ եկեղեցին Տեր Հիսուսի կողմից հաստատված է այս երկրի վրա իմ հոգևոր աճի և հասունության համար։ Ես հավատում եմ, որ իմ հոգևոր առաջնորդն ինձ համար հաշիվ է տալու Աստծուն, և ամեն ջանք անում եմ, որ նա անի դա ուրախությամբ, այլ ոչ թե տրտմությամբ։ Ես հավատում եմ, որ եթե Քրիստոսին Տեր եմ ընդունել, ապա իմ հոգևոր կյանքն ու եկեղեցու մեջ իմ ներգրավվածությունը նույնպես պետք է լինեն Նրա կամքի համեմատ, այլ ոչ թե՝ իմ պատկերացումներով։

Իսկ քեզ հավատքն օգնո՞ւմ է ապրել․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: