december-15 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Եթե ուզում ես, որ աղոթքներդ պատասխանվեն

Եթե ուզում ես, որ աղոթքներդ պատասխանվեն

Շարունակում ենք «Ինչպե՞ս ապրել Տեր Աստծու ապահովության ներքո» անվանումը կրող շարքը, որը հիմնված է Սաղմոս 91․11-16 հատվածի ուսումնասիրության վրա։

«Որովհետև քեզ համար հրամայել է Իր հրեշտակներին, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհների մեջ։ Նրանք իրենց ձեռքերի վրա կվերցնեն քեզ, որ քո ոտքը քարի չխփես։ Առյուծների և իժերի վրայով կքայլես, առյուծի կորյուններին ու վիշապին ոտքով կոխ կտաս։ Որովհետև նա Ինձ սիրեց, և Ես կփրկեմ նրան. Ես բարձր տեղում կպահեմ նրան, որովհետև Նա ճանաչում է Իմ անունը։ Նա կկանչի Ինձ, և Ես պատասխան կտամ նրան. Ես նրա հետ կլինեմ նեղության մեջ. կապրեցնեմ նրան և փառավոր կդարձնեմ նրան։ Երկար օրերով կկշտացնեմ նրան և նրան ցույց կտամ Իմ փրկությունը» (Սաղմոս 91․11-16):

Սիրելի՛ բարեկամ, այսօրվա ուղերձը կառուցել եմ վերը բերված հատվածի այս նախադասության վրա․ «Նա կկանչի Ինձ, և Ես պատասխան կտամ նրան.․․»։ Ինչպիսի՜ մեծ զորություն և աննկարագրելի օրհնություններ կան պատասխանված աղոթքների մեջ։ 

Երբ Տեր Աստծուն ուղղված մեր աղոթքները պատասխանվում են, մեր սիրտը լցվում է ուրախությամբ, և մեր սրտերում մի առանձնահատուկ ապահովության ու վստահության զգացում է առաջանում։ Այդ զգացումը Տեր Աստծու հետ անմիջական կապի ու հաղորդակցության արդյունքն է։ 

Իրականում, Տերը շատ է փափագում Իր զավակների աղոթքներին պատասխանելուն։ Սակայն նաև այս խոստումն ունի պայմաններ։ Նախ մենք պետք է վերացնենք մեր Աստծու և մեր միջև առկա հաղորդակցության բոլոր խոչընդոտները․ «Տիրոջ ձեռքը վստահաբար չի կարճացել, որ չփրկի, և Նրա ականջը չի ծանրացել, որ չլսի, այլ ձեր անօրենություններն են, որ բաժանում են առաջացնում ձեր և ձեր Աստծու միջև. ձեր մեղքերը ծածկեցին Նրա երեսը ձեզնից, որ ձեզ չլսի․․․» (Եսայիա 59․1-2):

Մեր և մեր Աստծու միջև հաղորդակցության այդ պատնեշը քանդվում է մեր ապաշխարության շնորհիվ։ Երբ Աստծու Սուրբ Հոգին մեզ մատնացույց է անում մեր կյանքի այն բնագավառը, վարքագիծը կամ բնավորությունը, որը հաճելի չէ Աստծուն․․․ Երբ Տերը հստակ պահանջում է, որ մենք փոխենք մեր մտածելակերպը և այս կյանքի ճիշտն ու սխալը որոշենք ըստ Իր Սուրբ Խոսքի անխախտ սկզբունքների, ապա մեր միակ ճշմարիտ արձագանքը պետք է լինի Նրան ու Նրա կամքին հնազանդվելը։ 

Պատասխանված աղոթքներ ունենալու առաջին քայլը մեր կյանքում մեղքի ու անօրենության պատնեշներն ապաշխարության շնորհիվ քանդելն է։ Իսկ երկրորդը՝ Տեր Աստծու կամքի համեմատ աղոթել սովորելը․ «Սա է այն վստահությունը, որ Նրա նկատմամբ ունենք, թե ինչ որ ըստ Նրա կամքի խնդրում ենք, լսում է մեզ։ Եվ եթե գիտենք, որ լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք նաև, որ Նրանից ստանում ենք մեր խնդրածները» (Ա Հովհաննես 5․14-15):

Եթե մենք վերացնենք մեր կյանքի մեղքի ու անօրենության պատնեշները, եթե նորոգենք մեր միտքը, որպեսզի ճանաչենք Տեր Աստծու բարի, հաճելի ու կատարյալ կամքը, եթե մեր խնդրվածքները ոչ թե մեր կամքը առաջ մղելու համար լինեն, այլ Տեր Աստծու կամքին հնազանդության աղոթքներ լինեն, ապա Տերն, անպատճառ, պատասխանելու է մեր բոլոր աղոթքներին։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր աղոթում եմ քեզ համար, որ կյանքիդ ապահովության հարցում սրտումդ վստահություն գա, քանի որ Աստված լսում է քո աղոթքները և պատասխանում դրանց։ Աղոթում եմ, որ Աստված այսուհետև հե՛նց քեզ համար ասի այս հրաշալի խոսքերը․ «Նա կկանչի Ինձ, և Ես պատասխան կտամ նրան.․․»։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: