January-11

Գլխավոր | Հրաշքներ | Ե՛կ ազատվենք այդ պիտակից․․․

Ե՛կ ազատվենք այդ պիտակից․․․

Սիրելի՛ բարեկամ,  երբևէ քեզ պիտակավորե՞լ են արտաքին տեսքիդ, անվանդ, ընտանիքիդ կամ կրթությանդ պատճառով: Իսկ միգուցե դպրոցական տարիքում կամ ավելի հասուն ժամանակ․․․ Այո՛, մյուսներից տարբերվելը կարող է հսկայական ազդեցություն ունենալ մեր կյանքի վրա:

Այսպիսով, մյուսներից պիտակավորմանն ու մեր մասին արտահայտած կարծիքներին հավատալով՝ մեզ կարող է թվալ, թե մենք ոչ պետքական ենք կամ պիտանի չենք կարող լինել որևէ լուրջ գործի համար։ 

Եթե դու քո մասին մյուսների կարծիքի և պիտակավորման զոհ ես դարձել, ապա ուզում եմ խրախուսել քեզ հետևյալ քաջալերանքներով։ 

  1. Քո ինքնությունն ու ինքնագնահատականը չպետք է կազմավորվի մյուսների կարծիքի ու քո մասին ասածների արդյունքում։ Դու այն չես, ինչն  ուրիշներն են ասում քո մասին: Եթե դու հավատացել ես Տեր Հիսուս Քրիստոսին և որոշում ես կայացրել ապրելու ըստ Նրա ուսուցանած սկզբունքների, ապա դու Աստծո զավակ ես, դու Նրա ժառանգն ես և Քրիստոսի  ժառանգակիցը: «Եվ եթե որդիներ ենք, ապա նաև ժառանգներ, Աստծու ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ, որպեսզի եթե Նրա չարչարանքներին կցորդ ենք, փառքին էլ հաղորդակից լինենք» (Հռոմեացիս 8․17):
  2. Դու անարժեք ու անպետք մեկը չես, այլ թանկ արժեք ունես, քանի որ Աստված Իր Որդու կյանքի գինն է վճարել քո փրկության համար։ «Մեծ գնով եք գնվել. մարդկանց ծառաներ մի՛ դարձեք» (Ա Կորնթացիս 7.23):

3. Քո անցյալը չի կարող որոշել քո ապագան, քանի որ Տեր Հիսուսը քո անցյալի բեռներն ու մեղքերի ողջ պատիժը վերցրել է Իր վրա: Եթե դու Քրիստոսի աշակերտն ես, ապա Աստված քեզ ազատել է քո հին կյանքից և հին կյանքի կուտակած անեծքներից: «Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նոր ստեղծված է. հներն անցան, ահա ամեն բան նոր եղավ» (Բ Կորնթացիս 5.17):

Ես աղոթում եմ, որ այս ճշմարտությունները գիտակցելը և դրանք հավատքով ընդունելը փոխեն քո կյանքը և օգնեն քեզ քո իրական էությունը տեսնելու հարցում։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, քաջալերում եմ քեզ, որ այսօր քո ճակատից պոկես մարդկանց կողմից քո վրա փակցված կեղծ ու սուտ պիտակները և թույլ տաս, որ Աստված Իր կնիքը դնի դրանց տեղում: Քրիստոսի պատվիրանները սիրող և անիրավության կյանքից հեռացող մարդիկ Տեր Աստծու կնիքն ունեն իրենց ճակատների վրա․

«Բայց Աստծու հաստատած հիմքը կանգուն է և այս կնիքն ունի. «Տերը ճանաչում է նրանց, որոնք Իրենն են», նաև՝ «Անիրավությունից թող հետ կանգնի ամեն ոք, ով Քրիստոսի անունն է կանչում» (Բ Տիմոթեոս 2.19):

Առաջարկում եմ աղոթել միասին այս աղոթով․ «Տե՛ր, խնդրում եմ, որ ներես ինձ այն բանի համար, որ թույլ եմ տվել, որ մյուսների կարծիքն ու խոսքերը կազմավորեն իմ ինքնությունը։ Դրանք ավելի շատ թերարժեքություն ու դատապարտություն են բերել իմ կյանքի մեջ: Այնինչ, Դու փրկագնել ես ինձ՝ այդքա՜ն մեծ գին վճարելով՝ Քո Որդու կյանքի գինը։ Ների՛ր ինձ, որ Քո Խոսքի ճշմարտությունների փոխարեն հավատացել եմ մարդկանց սուտ կարծիքներին ու պիտակներին, ինչպես նաև հավատքով չեմ դիմակայել չարի ուղարկած ստության մտքերին։ Հիմա ես շնորհակալ եմ, որ Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ իմ հավատքի արդյունքում ինձ դարձրել ես Քո ժառանգը և ինձ համար հույսով ու օրհնություններով լի ապագա ես պատրաստել։ Ես հավատում եմ Քո Խոսքի սկզբունքներին, Քո Խոսքի խոստումներին և ամեն ջանք անում եմ Քո կամքին հնազանդ կյանք ապրելու համար։ Աղոթում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»:

Քեզ օրհնյալ օր եմ մաղթում Տեր Հիսուսի քաղցր ներկայության մեջ։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: