May-23

Գլխավոր | Հրաշքներ | Դու հատուկ տեղ ունես Տեր Աստծո սրտում

Դու հատուկ տեղ ունես Տեր Աստծո սրտում

Սիրելի՛ բարեկամ, մարդն անկարող է լիովին պատկերացնել ու ըմբռնել Աստծո սիրո չափն ու խորությունը: Աստվածաշնչի ամենահայտնի հատվածներից մեկը Հովհաննես 3․16 խոսքն է. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»:

Այս խոսքն ի ցույց է դնում աստվածային սիրո կրկնակի բնույթը՝ համընդհանուր և անհատական.

  • Համընդհանուր սեր. Աստված սիրում է աշխարհի բոլոր մարդկանց: Նա մեզ՝ Իր աշակերտներին հանձնարարել է այդ սիրո մասին Բարի Լուրը հասցնել բոլոր մարդկանց ու բոլոր ազգերին։ Ոմանք դա անում են այլ երկրներ ճամփորդելով ու Քրիստոսի մասին վկայելով, ոմանք էլ (ինչպես Hisus.am կայքի մեր թիմը) դա անում ենք համացանցի ընձեռած հնարավորությունների միջոցով։ Այո, մեր աշխարհը փոխվել է և, գնալով, ավելի ու ավելի արագ է փոփոխվում։ Սակայն մարդկանց փրկության առաջնային կարիքը նույնն է ինչպես դարեր առաջ, այնպես էլ այսօր՝ ճանաչել Աստծո սերը և հավատալ Տեր Հիսուսի Քրիստոսին:
  • Անհատական սեր. Վերը մեջբերված աստվածաշնչյան հատվածում «ով Նրան հավատում է» արտահայտությունը վերաբերում է յուրաքանչյուր մարդու և յուրաքանչյուր անհատի: Մարդն ավելին է, քան թվերն ու  վիճակագրական տվյալները։ Յուրաքանչյուր մարդ առանձնահատուկ կարևորություն է ներկայացնում հայրական սիրով նրանց սիրող մեր Տեր Աստծո համար: Դու թանկ ես, և Աստված քեզ շատ է սիրում: Ես և դու այնքա՜ն մեծ արժեք ունենք Նրա աչքերում, որ Նա հանուն մեզ զոհել է Իր միածին Որդուն։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված այնքա՜ն մեծ սիրտ ունի, որ բոլորի համար միշտ էլ տեղ կա անսահման մեծ սիրով լեցուն այդ սրտում։ 

Արի միասին փառաբանենք Աստծուն Նրա սիրո համար… «Իմ սիրելի՛ Հայր, ես շնորհակալ եմ իմ հանդեպ ունեցած Քո զարմանահրաշ և անսահման ու անըմբռնելի սիրո համար… Դու հանուն իմ փրկության զոհեցիր Քո Որդուն, որպեսզի ես փրկություն ընդունեմ և հավիտենական կյանքի պարգևը ստանամ։ Օգնի՛ր ինձ Քո Հոգով, որպեսզի իմաստուն և արդյունավետ կերպով կարողանամ բաժնեկցել Քո անզուգական սերը իմ շրջապատի մարդկանց հետ: Ես սիրում եմ քեզ իմ ամբողջ սրտով և ուզում եմ իմ կյանքն ապրել հանուն Քեզ և Քո հանձնարարած գործի հանդեպ անբեկանելի նվիրումով։ Շնորհակալ եմ և աղոթում եմ Տեր Հիսուս Քրիստոսի պատվական ու սուրբ անունով։ Ամե՛ն»:

Եվ վերջում ուզում եմ մի խոստովանություն անել։ Ես զգացմունքային մարդ չեմ։ Բայց կարծում եմ գոնե տարին մեկ անգամ կարող եմ կիսվել նաև իմ զգացմունքներով։ Այսօր իմ ծննդյան օրն է, և ես մի աննկարագրելի զգացում ունեմ իմ սրտում, որը գալիս է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձների այս ծառայությունից։ 

Թեև գուցե մենք իրար չենք ճանաչում, սակայն ես իմ ամբողջ սրտով հարազատություն և դրական վերաբերմունք եմ զգում քեզնից։ Այնպիսի տպավորություն ունեմ, որ մենք ամեն Աստծո օր միասին ենք օրը սկսում՝ մտորելով մեր երկնային Հոր մասին կամ Նրա Խոսքերի շուրջ։ Սա իրական հրաշք է։ 

Գուցե բառերը բավարար կերպով չեն կարողանում փոխանցել այն, ինչ հիմա ունեմ իմ սրտում, բայց ուզում եմ ասել քեզ, որ մենք մեկ ընտանիք ենք Քրիստոսով։ Մենք Աստծո զավակներ ենք Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի շնորհիվ։ Աստված սիրում է քեզ, և ես նույնպես, քանի որ Նա Իր սերն է դրել իմ մեջ քո հանդեպ։ Դու իմ քույրն ես կամ իմ եղբայրը։ Ես այսօր ինձ զգում եմ սիրելի մարդկանց մի մեծ բանակով շրջապատված։ Եվ ես մեծ երջանկության զգացում ունեմ իմ ներսում։ Չգիտեմ ինչպես, բայց դու քո վերաբերմունքով երջանկացնում ես ինձ։ Եվ այս ամենի հեղինակը մեր Տեր Աստծո անսահման սերն է իմ և քո հանդեպ․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: