October-27 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Դու հաջողվելո՛ւ ես, եթե․․․

Դու հաջողվելո՛ւ ես, եթե․․․

Այսօր մենք ավարտում ենք «Եղի՛ր ուժեղ և համարձակ» անվանումը կրող ուղերձների շարքը, որը հիմնված էր Հեսու 1․9 խոսքի ուսումնասիրության վրա։

«Ահա պատվիրում եմ քեզ, զորացի՛ր և քա՛ջ եղիր, մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ գնաս» (Հեսու 1․9):

Սիրելի՛ բարեկամ, այսօր Տերն ասում է քեզ. «․․․ամեն տեղ, ուր էլ որ գնաս»:

Աստված իրապես ուզում է օրհնել քեզ այն բոլոր վայրերում, որտեղ կլինես, և այն ամենի մեջ, ինչ որ ձեռնարկես: Եթե մարդն արժանացել է Աստծու բարեհաճությանը, ապա Տերն օրհնելու է նրա բոլոր ձեռնարկներն ու նախաձեռնությունները, քանի որ այդ մարդը գործում է Աստծու կամքի մեջ։ Հենց սա՛ է պատճառը, որ դու կարող ես հաջողվել քո կյանքի ցանկացած ոլորտում, եթե միայն փնտրես Աստծու կամքն ու քո ապրած կյանքով և սկզբունքայնությամբ արժանանաս Նրա բարեհաճությանը։ 

Փորձի՛ր մի պահ իրականացած պատկերացնել բոլոր այն երազանքները, որոնք Աստված է դրել քո մեջ։ Որքան էլ անհավանական դրանք թվան քեզ այսօր, ուզում եմ վստահեցնել քեզ, որ դրանք իրականություն են դառնալու, եթե այդ երազանքները ոչ թե քո ցանկությունն են, այլ Տեր Աստծու կամքը քո կյանքի համար։ Իմ կյանքում բազմաթիվ են նման երազանքները, որոնք արդեն իսկ իրականություն են դարձել, թեև ավելի շատ երազանքներ դեռ սպասում են իրականություն դառնալուն։ 

Մի բան հստակ է՝ մեր երազանքներն իրականություն դարձնողն ու մեր ձեռնարկները հաջողողն Աստված է։ Նա քեզ ուժ և քաջություն կտա դրանք իրագործելու համար: Ահա թե ինչ է գրված Աստծու Խոսքի մեջ․ «Ամեն ինչ, որ ձեռքդ գտնի անելու համար, ամբողջ ուժովդ արա՛» (Ժողովող 9․10): 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե ուզում ես հաջողվել քո ընթացքի մեջ, ապա կարևոր է, որ սկսես գործել, քանի որ Աստված ոչինչ չի կարող անել այն մարդու հետ, որը չի շարժվում դեպի իր նպատակը։ Իսկ երբ ինչ-որ մեկը առաջ է շարժվում, նույնիսկ եթե սխալ ուղղությամբ է ընթանում, ապա Տերը կարող է նրան ուղղել և ուղղորդել դեպի ճիշտ նպատակակետը: Այսօր որոշում կայացրո՛ւ առաջ ընթանալու, և երբ սկսես շարժվել, Տերն էլ կսկսի գործել քո կյանքում: Այո՛, մշտապես եղի՛ր շարժման մեջ, փնտրի՛ր Աստծու կամքը, և Տիրոջ զորավոր ձեռքը միշտ կառաջնորդի քեզ դեպի Իր սքանչելի ծրագրերը:

Ահա թե ինչպիսի զորավոր խոստում ունենք մեր հրաշալի Աստծուց․ «Տերն օրհնությունը կուղարկի քեզ քո շտեմարաններում և քո բոլոր ձեռնարկումներում։ Նա քեզ կօրհնի քո Տեր Աստծու՝ քեզ տված երկրում» (Բ Օրինաց 28․8)

Այո՛, եթե դու սիրում ես Աստծու կամքը և քո կյանքի ամեն իրավիճակի մեջ փնտրում ես Նրա բարի ու հաճելի կամքին հնազանդվելու ուղիները, ապա ուր էլ գնաս, որտեղ էլ լինես, ինչ էլ ձեռնարկես, անպայման Տիրոջ օգնական ձեռքը քեզ հետ է լինելու, Նրա օրհնություններն ուղեկցելու են քեզ, և դու հաջողվելու ես քո բոլոր նախաձեռնությունների մեջ։ 

Շարունակի՛ր լինել ուշադիր, ծառայել Նրան և առաջ շարժվել: Աստված խոստացել է՝ Նրա օրհնությունները հետևելու են քեզ: Հիշի՛ր սա՝ եթե դու քո ամբողջ էությամբ համաձայն ես Աստծու Խոսքի հետ և ձգտում ես հնազանդվել Նրա կամքին, ապա Տիրոջ բոլոր խոստումներն ու օրհնությունները հե՛նց քեզ համար են:

Առաջարկում եմ աղոթել միասին այս աղոթքով. «Տե՛ր, այսօր ուզում եմ հստակ որոշում կայացնել և առաջ ընթանալ Քո կամքի մեջ: Այո՛, ես ուզում եմ անցնել գործի: Խնդրում եմ՝ օգնիր ինձ հաջորդ քայլը կատարել դեպի Քեզ գալու իմ ընթացքի մեջ: Շնորհակալ եմ Քո ներկայության համար, որ քաղցրացնում է իմ կյանքը, Քո Խոսքի համար, որ լուսավորում է իմ ճանապարհը, և Քո օրհնությունների համար, որ սնուցում ու քաջալերում են ինձ դեպի Քեզ գալու իմ ընթացքի մեջ։ Աղոթում եմ Տեր Հիսուսի անունով։ Ամե՛ն»:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: