Դու կարող ես դառնալ աղոթքի ծառայող
Մենք շարունակում ենք «Սուրբծննդյան նվերներ հոգևոր ամրացման համար» անվանումը կրող շարքը։ Այսօր մեր քաջալերական ուղերձների մեջ կիսվելու ենք քեզ հետ ևս մեկ գործիքով, որը, հույս ունենք, օրհնություն կլինի քեզ համար և քեզ կօգնի ընդունել մյուս հավատացյալների աջակցությունն ու դառնալ աջակցություն մյուսների համար։
Սիրելի՛ Ընկեր, մեր այսօրվա նվերը կոչվում է «ԱՂՈԹՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»։ Անկախ նրանից, թե որտեղ ես ապրում և ինչ կարգավիճակում ես, դու կարող ես ընդունել մեր սուրբծննդյան այս յուրահատուկ նվերը և դառնալ կա՛մ մյուսների համար աղոթող, կա՛մ գրել քո աղոթքի խնդրանքները, որոնց համար կաղոթեն աղոթքի մյուս ծառայողները։
Աստվածաշունչը կարևորում է հավատացյալների՝ միմյանց համար կատարվող աղոթքները։ Տեր Հիսուսը սովորեցնում էր աղոթքի կարևորության մասին։ Առաքյալներն աղոթում էին, հորդորում էին մյուս աշակերտներին աղոթել և իրենք էլ խնդրում էին, որ հավատացյալներն աղոթեն իրենց համար։ Աղոթքը բանալի է, որը բացում է հոգևոր աշխարհի դռները և ճանապարհ հարթում Տեր Աստծու գերբնական միջամտության համար։
«Արդ, խնդրում եմ, որ ամեն բանից առաջ աղոթեք, խնդրանք ու աղաչանք անեք, գոհություն հայտնեք բոլոր մարդկանց համար» (Ա Տիմոթեոս 2.1):
«Ոչնչի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի» (Փիլիպպեցիս 4.6-7):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, «ԱՂՈԹՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» անունը կրող մեր սուրբծննդյան նվերը կարող ես ընդունել՝ այցելելով PrayForArmenia.org կայք։ Հիշի՛ր այս հասցեն։ Գրի՛ր քեզ, մոտ, որպեսզի ամեն առավոտ այցելես և աղոթես մարդկանց կարիքների համար։ Իսկ եթե ուզում ես, որ մյուսները քո աղոթքի կարիքի համար աղոթեն, ապա կարող ես գրանցվել և գրել քո աղոթքի խնդրանքը։
Ասեմ, որ գրանցումը շատ հեշտ է։ Համակարգը հնարավորություն է տալիս գրանցվել քո Ֆեյսբուքի կամ Գուգլի օգտահաշվով։ Հույս ունեմ, որ կհավանես նաև մեր այսօրվա նվերը և կդառնաս աղոթքի հավատարիմ ծառայող։ Այո՛, դու կարո՛ղ ես ծառայել Աստծուն՝ աղոթելով մյուսների համար, մեր երկրի համար և մեր ազգի մեջ հավատքի արթնության զորավոր ալիքի համար։
Ես էլ քեզ համար եմ աղոթում, որ հավաքես սուրբծննդյան մեր նվերների այս փունջը և օգտագործես այս գործիքները քո և մյուսների հոգևոր աճի ու ամրացման համար։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
