Novmeber-15 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Դու կարո՛ղ ես քո կյանքում վերականգնել Աստծու պատկերն ու նմանությունը

Դու կարո՛ղ ես քո կյանքում վերականգնել Աստծու պատկերն ու նմանությունը

Մենք շարունակում ենք «Հանի՛ր հին մարդուն և հագի՛ր նոր մարդուն» անվանումը կրող շարքը, որը հիմնված է Եփեսացիս 4․22-24 հատվածի ուսումնասիրության վրա։

«…հանե՛ք ձեր վրայից հին ընթացքն ունեցող մարդուն, որ ապականված է խաբուսիկ ցանկություններով, և ձեր մտքով ու հոգով նորոգվե՛ք ու նոր մարդո՛ւն հագեք, որ Աստծու պատկերի համաձայն է ստեղծված՝ ճշմարտությամբ և սրբությամբ, որ արդարությունից է» (Եփեսացիս 4․22-24

Սիրելի՛ բարեկամ, երեկ խոսեցինք հոգու նորոգության մասին և հասկացանք, որ այդ կարևորագույն գործընթացը տեղի է ունենում, երբ մենք մտերմանում ենք Աստծու հետ և վայելում Սուրբ Հոգու քաղցր ներկայությունը մեր կյանքում։ Իսկ ո՞րն է հոգու և մտքի նորոգության պտուղը։ Ի՞նչ է տեղի ունենում, երբ մենք Աստծու կամքը ճանաչելու և այդ կամքին հնազանդ կյանքով ապրելու շնորհիվ նորոգվում ենք մտքով և հոգով։ 

Նախքան այս հարցերին պատասխանելը՝ պետք է աստվածաշնչյան մի կարևորագույն ճշմարտություն հասկանանք։ Դրա համար պետք է վերադառնանք մեր գոյության ամենասկզբին, երբ Տեր Աստված արարեց մարդուն։

«Եվ Աստված ասաց. «Մեր պատկերով ու մեր նմանությամբ մարդ արարենք, որպեսզի իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, անասունների ու ամբողջ երկրի վրա և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»։ Եվ Աստված ստեղծեց մարդուն Իր պատկերով. Աստծու պատկերով ստեղծեց նրան. արու և էգ ստեղծեց նրանց» (Ծննդոց 1:26-27):

Աստված ինձ և քեզ ստեղծել է Իր պատկերով և նմանությամբ։ Աստված բարի ու կատարյալ է արարել մարդուն։ Սակայն մեղքը աղավաղել է մեր պատկերը։ Երբ մեղքը մուտք գործեց մեր կյանք, այն ապականեց մեր նմանությունը մեր երկնային Հորը։ Սակայն Աստված այնքան է սիրում մեզ՝ ինձ ու քեզ և ողջ մարդկությանը, որ ամեն բան արեց, որպեսզի վերականգնի մեր իրական ինքնությունը, բնույթն ու պատկանելությունը։ Նա Իր Որդուն ուղարկեց, որպեսզի Գողգոթայի խաչի վրա վճարի մեր փրկագինը՝ այն թանկ գինը, որն անհրաժեշտ էր խավարի գերությունից մեր ազատագրման համար։

«Նա մեր մեղքերն Իր մարմնով խաչափայտի վրա բարձրացրեց, որպեսզի մեղքերից հեռանալով՝ արդարության համար ապրենք. դուք Նրա վերքերով բժշկվեցիք» (Ա Պետրոս 2.24):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված արդար և արդարադատ Աստված է։ Նա սիրող ու ողորմած Տեր է։ Նրա պատկերն ու նմանությունը չեն վերաբերում մեր արտաքին տեսքին, այլ բնույթին ու որակներին։ Դու ստեղծված ես Նրա պատկերով ու նմանությամբ։ Քո շրջապատի մարդիկ ստեղծված են Նրա պատկերով ու նմանությամբ։ Աշխարհի բոլոր մարդիկ են ստեղծված Նրա պատկերով ու նմանությամբ։ Մեղքն է աղավաղել Աստծո նմանությունը մեր մեջ։ 

Երբ մենք նորոգվում ենք մտքով և հասկանում ենք Աստծու կամքը․․․ Երբ մենք նորոգվում ենք հոգով և ամեն ջանք անում ենք, որպեսզի ապրենք՝ հնազանդվելով Տեր Աստծու կամքին, Տեր Հիսուսը տեսնում է Իր խոսքերի հանդեպ մեր հավատքը, տեսնում է Իր պատվիրանները պահելու մեր ջանքն ու փափագը և ներում է մեզ ու Իր արյունով սրբում մեր կյանքի բոլոր մեղքերն ու հանցանքները (տե՛ս Ա Հովհաննես 1.7-9 հատվածը)։

Այդ ժամանակ տեղի է ունենում այս տիեզերքի ամենամեծ հրաշքներից մեկը։ Տեր Հիսուս Քրիստոսից հավատքով ներում ստացած և խոստովանության ու ապաշխարության շնորհիվ Քրիստոսի արյան մաքրագործումն ընդունած մարդու էության մեջ վերականգնվում է Տեր Աստծու պատկերն ու նմանությունը։ Նման մարդիկ Տեր Աստծու աչքին արդարներ են և Իր ընտանիքին որդեգրված թանկ ու սիրելի զավակներ։

Աստված կարո՛ղ է վերականգնել քեզ, եթե միայն հանես քո վրայից հին ընթացքն ունեցող մարդուն և հագնես նորը, որ Աստծու պատկերով է ստեղծված․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: