February-27

Գլխավոր | Հրաշքներ | Դու կարո՛ղ ես ճաշակել Աստծո առատ և հրաշալի օրհնությունները

Դու կարո՛ղ ես ճաշակել Աստծո առատ և հրաշալի օրհնությունները

Այսօր ուզում եմ կիսվել քեզ հետ իմ ընտանիքի և իմ անձնական փորձառությամբ։ Նախքան ամբողջական ժամանակով հոգևոր ծառայության անցնելը ես բավականին բարձր վարձատրվող աշխատավարձով աշխատանքներ եմ ունեցել։ Երբ անցա հոգևոր ծառայության, մեր ընտանիքի ամսական եկամուտը նվազեց ավելի քան տասն անգամ։ Սա լուրջ հարված էր մեր ընտանիքի բյուջեին։ Սակայն հիմա՝ ավելի քան տասնչորս տարի անց, հայացք գցելով մեր անցած ընթացքին՝ կարող եմ վկայել, որ Աստված բազմաթիվ հրաշքներ է գործել մեր կյանքում և հավատարմորեն հոգացել մեր բոլոր կարիքները։ Մենք երբե՛ք սոված չենք եղել, չենք մնացել առանց հագուստի կամ ջեռուցման։ 

Սիրելի՛ բարեկամ, վերջերս ուշադրություն դարձրեցի մի շատ հայտնի աստվածաշնչյան խոսքի և բացարձակապես նորովի հասկացա այն․ «Ամբողջ տասանորդը գանձատո՛ւն տարեք, որպեսզի Իմ Տան մեջ պաշար լինի, և սրանով Ինձ փորձե՛ք,- ասում է Զորքերի Տերը,- թե արդյոք ձեզ համար չե՞մ բացելու երկնքի պատուհանները և օրհնություն հեղելու ձեզ վրա, այնքան շատ, որ բավարար տեղ չլինի» (Մաղաքիա 3.10

Անկախ նրանից, թե դու ընդունում ես տասանորդը կամ մերժում այն, կարծում եմ՝  մի բանի հետ հստակ կհամաձայնես։ Աստված Իր Խոսքի մեջ խոստանում է օրհնել այն մարդկանց, որոնք հավատարիմ են ֆինանսների հարցում Իր պահանջներին՝ լինեն դրանք թե՛ հինկտակարանյան պահանջները, թե՛ նորկտակարանյանները։ 

Իսկ ինչպիսի՞ն են Աստծու խոստացած օրհնությունները։ Տերը խոստանում է բացել երկնքի պատուհանները։ Երբ խորհում էի այս մասին, մտքումս հարց առաջացավ՝ ի՞նչ նկատի ունի Աստված։ Եվ անմիջապես հասկացա, որ Իսրայելում մարդկանց բարեկեցությունը ուղղակիորեն կախված էր տեղումների քանակից։ Եթե տարվա մեջ տեղումների քանակը բավարար էր լինում, ուրեմն առատ բերքի տարի էր սպասվում։ Եթե չկար անձրև, լինում էր երաշտ և սով։ 

Իսրայելի գյուղատնտեսությունը տարբերվում էր Եգիպտոսի գյուղատնտեսությունից, որտեղ Նեղոսը ոռոգման ջուր էր ապահովում մշակաբույսերով հարուստ դաշտերի համար։ Աստված հատուկ էր Իր ժողովրդի համար այնպիսի երկիր ընտրել, որտեղ նրանց օրհնությունները միշտ կախված էին լինելու երկնքի պատուհանների վրա իշխանություն Ունեցողից։

Նախկինում ես երբե՛ք ուշադրություն չէի դարձրել այն փաստին, որ երկնքի պատուհաններից միայն անձրև է տեղում, այլ ոչ թե պատրաստի յուղ, ձեթ կամ ցորեն։ Աստված անձրևն է ուղարկում Իր ժողովրդի դաշտերի վրա։ Իսկ առատ բերքի համար ես պետք է առատ սերմ ցանած լինեմ իմ դաշտերի մեջ։ Երեկվա ուղերձի մեջ մենք տեսանք, որ Պողոս առաքյալը մեզ սովորեցնում էր ցանելու և հնձելու հոգևոր սկզբունքի մասին։ Կարիքավորներին օգնելու և Տեր Աստծու Արքայության գործին նպաստելու առումով քո առատաձեռնությունը հողի տակ ծածկված հրաշալի սերմերով մի դաշտ է, որի վրա եկած անձրևներն առատ օրհնություններով լի կյանք են քեզ խոստանում։

Շնորհակալ եմ Աստծուց, որ ես ու կինս միշտ միաբան ենք եղել առատորեն ցանելու հարցում։ Մենք ցանել ենք թե՛ ապահովված ժամանակներում և թե՛ այն ժամանակներում, երբ չենք իմացել, թե ինչպես ենք ապրելու հաջորդ ամիս։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր ուզում եմ քաջալերել քեզ մեր անձնական օրինակով, որպեսզի հավատարիմ լինես ֆինանսական նվիրատվության նորկտակարանյան սկզբունքների մեջ, և որպեսզի քո ֆինանսներից հատկացումներ ունենաս քո շրջապատի կարիքավորներին օգնելու և Տեր Աստծու Արքայության գործին աջակցելու նպատակով։ Ցանի՛ր առատությամբ։ Ցանի՛ր հավատարմորեն։ Ցանի՛ր սրտանց և ուրախությամբ։ Հավատում եմ, որ Աստված բացելու է քո կյանքում երկնքի պատուհանները, և դու վայելելու ես Նրա առատ և հրաշալի օրհնությունները քո կյանքում։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: