
Պասեքին հաջորդող կիրակի օրը Տեր Հիսուսը հարություն առավ մեռելներից՝ իրականացնելով Իր մասին մարգարեությունները։ Շաբաթից մեկ օր առաջ համեմունքներ և խունկ պատրաստած կանայք կիրակի առավոտ կանուխ վերադարձան Տեր Հիսուսի գերեզման, բայց այն գտան բաց ու դատարկ։ Մարիամ Մագդաղենացին առաջինը հասավ այնտեղ։
«Շաբաթվա առաջին օրն արշալույսին՝ դեռ լույսը չբացված, Մարիամ Մագդաղենացին եկավ գերեզման և տեսավ, որ քարը գերեզմանից վերցված է» (Հովհաննես 20.1)։
Երկու հրեշտակ հայտնվեցին կանանց և հայտնեցին, որ Տեր Հիսուսը հարություն է առել (Մատթևոս 28.2-7; Մարկոս 16.4-7; Ղուկաս 24.2-7)։ Կանայք, որոնք և՛ վախեցած էին, և՛ ուրախ նման լուրից, սկզբում ոչինչ չասացին, բայց այնուհետև շտապեցին փնտրելու աշակերտներին։ Մարիամն առաջ անցավ , որպեսզի հայտնի այդ լուրը Պետրոսին և Հովհաննեսին. «Այդժամ նա վազեց ու գնաց Սիմոն Պետրոսի և այն մյուս աշակերտի մոտ, որին Հիսուսը սիրում էր։ Եվ նրանց ասաց. «Տիրոջը գերեզմանից վերցրել են, ու չգիտենք, թե որտե՛ղ են Նրան դրել»։ (Հովհաննես 20․2):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տեր Հիսուսի հարությունը հավիտենական կյանքի հույս է փոխանցում մեզ։ Սակայն այդ հրաշափառ փաստը նաև մեր երկրային կյանքի համար ունի խոստումներ։
Ե՛կ միասին կարդանք Պողոս առաքյալի պնդումը Հռոմեացիս 5.17 խոսքում. «Որովհետև եթե մեկի մեղքով մահը թագավորեց այդ մեկի միջոցով, որքա՜ն առավել նրանք, որ ընդունում են շնորհի լիությունն ու արդարության պարգևը, կյանքի մեջ կթագավորեն այն մեկի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով»։
Քրիստոսի հարության փաստը խոսում է այն մասին, որ Նրան հավատացողները կանչված են այս կյանքում հաղթող լինելու, այլ ոչ թե՝ գոյատևելու կամ վախի ու ճնշվածության մեջ ապրելու համար։
Տեր Հիսուսը լավ է հասկանում, որ․
- Փորձություններն ու դժվարությունները կարող են ուժասպառ անել մեզ,
- Սիրելիի կորուստը կարող է ամբողջովին տապալել մեզ,
- Որքա՜ն ցավոտ կարող է լինել բաժանումը,
- Որքա՜ն տառապանք կարող են պատճառել ֆինանսական նեղությունները,
- Եվ այլն․․․
Այնուամենայնիվ, Աստված այսօր հիշեցնում է քեզ, որ եթե հավատաս և հավատարմորեն կատարես Իր կամքը, ապա այստեղ՝ քո երկրային կյանքում, դու արդեն իսկ ժառանգ ես, և քո այդ կարգավիճակով հասնելու ես Երկինք, որտեղ նստելու ես բարձունքում՝ արքաների Արքայի կողքին. «Հաղթողին թույլ կտամ նստել Ինձ հետ Իմ գահին, ինչպես Ես հաղթեցի և Իմ Հոր հետ Նրա գահին նստեցի» (Հայտնություն 3․21)։
Իր մահով և հարությամբ մեր Տերն արեց այն ամենը, ինչ հարկավոր էր, որպեսզի մենք վստահ լինենք, որ Նրա հարության զորությունը կարող է գործել նաև մեր կյանքում այսօր և հավիտյան։
Դու կանչված ես մի կյանք ապրելու, որը կարտացոլի Աստծու այս փառահեղ զորությունը։ Եվ որքան էլ թշնամին ջանքեր գործադրի, որ քո հավատքի կյանքում պարտություն կրես, միևնույնն է՝ Աստված ամեն բան բարուն գործակից է անելու, իսկ Նրա թշնամին հերթական անգամ խայտառակ պարտության է մատնվելու քո կյանքում։
Տեր Հիսուս Քրիստոսի հարության փաստը խոսում է այն մասին, որ դու կանչված ես այս կյանքում թագավորելու համար։ Թույլ մի՛ տուր, որ փորձությունները հաղթեն քեզ, իշխեն կամ վերահսկեն քո կյանքը… Այսօր որոշում կայացրու, որ քո այս ժամանակավոր երկրային կյանքում, որն Աստված է քեզ շնորհել, Նրա կամքը քո սեփական կամքից ու ցանկություններից վեր դասող մարդ ես լինելու։
Եղի՛ր օրհնված և վայելի՛ր Հարության Կիրակին արքաների Արքայի հետ։
Քրիստոս հարություն է առել մեռելներից։ Օրհնյա՜լ է հարությունը Քրիստոսի։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:

Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը