November-2

Գլխավոր | Հրաշքներ | Դու ծնվել ես Քրիստոսի բնույթն արտացոլելու համար

Դու ծնվել ես Քրիստոսի բնույթն արտացոլելու համար

Սիրելի՛ բարեկամ, որքա՜ն գեղեցիկ է բնությունը լիալուսնի ժամանակ։ Աստված հրաշալի է ստեղծել բնությունը։ Իսկ երբ գիշերային մթության մեջ երկնակամարը լուսավորվում է լուսնի դեղնասպիտակավուն լույսի ներքո, Տիրոջ ձեռքի ստեղծագործությունն առանձնահատուկ հմայք է ստանում իմ աչքերում։ 

Երբևէ ասե՞լ ես կողքինիդ. «Հապա նայի՜ր, տե՛ս, թե որքա՜ն յուրահատուկ է լուսինն այսօր։ Տե՛ս, թե որքա՜ն լուսավոր է այն»։ Իրականում, դա այնքան էլ այդպես չէ… Լուսինն ինքն իրենով լուսավորելու կարողություն չունի։ Այն արտացոլում է արևից ստացած լույսը։ Արևն է, որ իր ճառագայթների շնորհիվ լույս է փոխանցում լուսնին։


Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, դու և ես նման ենք լուսնին։ Մենք, նույնպես, չենք կարող մեզնից որևէ լույս արձակել։ Այո, Աստվածաշունչն ասում է, որ մենք ենք աշխարհի լույսը և որ կանչված ենք այս խավար աշխարհը լուսավորելու համար (տե՛ս Մատթևոս 5.14 խոսքը), բայց դա մեր լույսը չէ… Մենք լուսավորում ենք Տեր Հիսուսի՛ շնորհիվ, քանի որ այլևս մենք չենք ապրում, այլ Նա՛ է ապրում մեր մեջ։

Դու կճառագես ու կփայլես միայն Տեր Աստծո շնորհիվ, երբ սկսես քո մեջ կրել Նրա բնույթը։ Դու լույս կտաս քո շրջապատին ամեն անգամ, երբ մարդկանց հանդեպ ցուցաբերես սեր, ներողամտություն ու կարեկցանք․․․, ամեն անգամ երբ նախընտրես լռել, քան խոսել բարկություն բորբոքող խոսքեր, երբ քո շուրթերը քաջալերանքի, խաղաղության ու քաղցրության խոսքեր բխեն, երբ հոժարակամ ընտրես ինքդ քեզ խոնարհեցնելը և անգամ քեզ ատող մարդկանց բարիք անելը։ Այսպիսով, քեզնից մի մաքրամաքուր լույս ես արձակելու։ Մաքրամաքուր, քանի որ այն բխում է լույսի միակ ու ճշմարիտ ակունքից՝ Տեր Հիսուս Քրիստոսից։ 

Առաջարկում եմ քեզ օրվա ընթացքում աղոթքով խորհել հետևյալ ճշմարտությունների շուրջ․

  • Դու լույս կլինես, եթե սկսես արտացոլել Տեր Հիսուսի Լույսը։ 
  • Դու կկարողանաս իրապես սիրել մարդկանց, եթե նախ գիտակցես, թե ինչպիսի՜ սիրով և որքա՜ն խորն է քեզ սիրում Տեր Հիսուսը։ 
  • Դու կսկսես ապրել իմաստալի և ցնծությամբ լի կյանքով, երբ հավատաս, որ Տերը Իր խաչի մահով հաղթել է մահին, և քեզնից ակնկալում է, որ հեռանաս մեղքից և ապրես արդարության համար։ 

Այսպիսով, քո վարքագծով, քո կյանքով և քո էությամբ դու Տեր Հիսուսի արտացոլանքը կարող ես դառնալ և դրսևորել Նրա աստվածային բնույթը, որը ներգործում է քո մեջ։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: