January-31

Գլխավոր | Հրաշքներ | Դու անցնում ես նախապատրաստական ընթացքով․․․

Դու անցնում ես նախապատրաստական ընթացքով․․․

Սիրելի՛ բարեկամ, Աստված գիտի քո կյանքի պատմությունը։ Իսկ ո՞վ է գրում քո կյանքի պատմության գրքի գլուխները։ Կյանքի անկյունաքարային իրավիճակներում քո կայացրած կարևորագույն որոշումները ձևավորում են քո կյանքի պատմությունը, դրա ընթացքն ու վերելքների ու վայրէջքների մասին պատմող գլուխները։ Շատերս երանի՜ կտայինք, եթե հնարավոր լիներ կրկին գրել մեր կյանքի պատմությունը, սակայն, ավա՜ղ, անցյալը միշտ անդառնալի է․․․

Իսկ ինչպիսի՞ն կլիներ քո կյանքը, եթե կարևորագույն պահերին քո որոշումները կայացնեիր ո՛չ թե քո ցանկությունների, մարդկանց ճնշման կամ հնարավոր ապագայի հանդեպ քո ունեցած թյուր ընկալումների հիման վրա, այլ Աստծո Խոսքի սկզբունքների հիման վրա և Տեր Աստծու բարի, հաճելի և կատարյալ կամքին համահունչ։ Այդ պարագայում Տեր Աստված է դառնում քո կյանքի ընթացքի Հեղինակն ու կյանքիդ պատմության յուրաքանչյուր գլուխը Շարադրողը, քանի որ քո որոշումները բխում են Նրա Խոսքից ու Նրա կամքից։ 

Եթե կյանքդ վստահում ես Նրան, ապա Տեր Աստված դառնում է նաև քո կատարյալ Ուսուցիչն ու Մարզիչը: Երբեմն Նա տանում է քեզ Իր նախապատրաստական ճամբար, այնտեղ սովորեցնում տարբեր հմտություններ և ձևավորում քեզ որպես Քրիստոսի հավատարիմ ու հաղթող աշակերտ, որպեսզի պատրաստ լինես այն առաքելությանը, որի համար Նա կանչել է քեզ:

Որքան էլ ցավոտ ու դժվարին ընթացքով անցնես, հիշի՛ր, որ Տեր Աստծու ուսուցման ռազմավարությունը կատարյալ է: Այն բացահայտվում է քո առօրյայի մեջ, որպեսզի դու սովորես այնպիսի կարևորագույն որակներ, ինչպիսիք են…

  • Հնազանդությունը, որն անհրաժեշտ է Նրա կամքը կատարելու համար (Մատթեոս 6.10
  • Խոնարհությունը, որպեսզի Աստված ավելի ու ավելի երևա քո կյանքում, իսկ դու սկսես ավելի ու ավելի քիչ երևալ (Հովհաննես 3.30
  • Աստծուն վստահելը, որպեսզի կարողանաս տեսնել այն, ինչը հնարավոր չէ տեսնել ֆիզիկական աչքերով (Բ Կորնթացիս 4.18
  • Իմաստությունը, որպեսզի ամբողջովին ապավինես Աստծուն (Առակաց 3․5
  • Խոհեմությունը, որպեսզի սովորես հաղթահարել սատանայի լարած բոլոր թակարդները (Հռոմեացիս 12․2

Այս աստվածային մարզման ընթացքում դու կարող ես զգալ հոգնածություն կամ հիասթափություն, անգամ դատարկություն ու սառնություն․․․ Քեզ մեղավոր մի՛ զգա։ Մարդկային տեսանկյունից կարելի է քեզ հասկանալ։ Նման զգացողությունները բնական են։ Պարզապես համբերի՛ր։ Մի՛ հանձնվիր։ Մարզումներ անցնող հատուկ ջոկատայինների նման դու էլ հիշի՛ր, որ քո բոլոր չարչարանքներն ու հոգևոր որակների ձեռքբերման համար ներդրված ջանքերը վերջում պսակվելու են մարտի դաշտում ձեռք բերած հաղթանակների ուրախությամբ։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր լսի՛ր քո Փրկչի մեղմ ձայնը, որն ասում է քեզ. «Իմ լուծը քեզ վրա վերցրո՛ւ և Ինձնից սովորի՛ր, որովհետև Ես հեզ եմ ու սրտով խոնարհ, Ես թույլ չեմ տա, որ փորձությունը չափազանց ծանր լինի քեզ համար. Ե՛կ Ինձ մոտ, և դու իրական հանգիստ ու խաղաղություն կգտնես քո հոգու համար»:

Քեզ զորավոր կյանք է սպասվում որպես Քրիստոսի հավատարիմ աշակերտ։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: