december-4

Գլխավոր | Հրաշքներ | Դու այլևս վախի ստրուկը չես

Դու այլևս վախի ստրուկը չես

Սիրելի՛ բարեկամ, իսկ քո կյանքում հաճա՞խ են լինում վախի դրսևորումներ։ Դրանք, անշուշտ, շատ բազմազան կարող են լինել։

Ոմանք վախենում են միայնությունից, ոմանք՝ հիվանդությունից, ոմանք՝ մահից, ոմանք՝ իրենց իսկ մտքերից, ոմանք՝ իրենց հարազատ միջավայրն ու հարմարավետությունը կորցնելուց, ոմանք՝ մարդկանց հնարավոր արձագանքից և այլն։ Նմանատիպ վախերը փորձում են կառավարել մեր կյանքը՝ ազդելով որոշումներ կայացնելու մեր վճռականության վրա։ Շատերը վախի զգացողություն են ունենում, երբ փորձում են ապրել սիրով ու խաղաղությամբ լեցուն այն կյանքը, որն Աստված է պատրաստել իրենց համար։

Վախը կարող է մարդուն հետ պահել լավ ուսում ստանալուց, քանի որ հեռավոր համալսարանում սովորելու համար ուսանողը պետք է թողնի իր ընտանեկան օջախը։ Վախը կարող է հետ պահել քեզ այնպիսի մարդկանց հետ ընկերություն անելուց, որոնք իրապես կարող են դրական ազդեցություն ունենալ քո կյանքի և հոգևոր ընթացքի վրա։ Վախը կարող է քեզ հետ պահել Տեր Հիսուս Քրիստոսի մասին մյուսների առաջ վկայելուց, ինչը կարող է շատերի ապաշխարության պատճառ դառնալ։

Սակայն Աստվածաշունչն ասում է հետևյալը. «Որովհետև դուք ծառայությա՛ն հոգին չստացաք, որ դարձյալ վախենաք, այլ որդեգրությա՛ն Հոգին ստացաք, որով աղաղակում ենք. «Աբբա՛, Հա՛յր» (‭‭Հռոմեացիս‬ ‭8․15‬‬‬

Ցանկացած վախից կա՛ ազատագրում, և վերը բերված աստվածաշնչյան ճշմարտությունն իր մեջ մի կարևոր հուշում ունի։ Երբ մարդը դառնում է Քրիստոսի աշակերտ, երբ հավատում է Նրան և ապաշխարում, այդ ժամանակ նա դառնում է Աստծու զավակ։ Եվ այն համոզմունքը, որ դու Աստծու ընտանիքի մի անդամն ես, բավարար է, որպեսզի ազատվես վախի ամեն դրսևորումներից։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե դու հավատում ես Աստծուն և հնազանդ ես Նրա կամքին, ապա Հայրը Ինքն է քեզ պաշտպանում։ Քրիստոսի Հոգին բնակվում է նման մարդկանց մեջ և Նա հակառակ է վախի ստրկության ոգուն։ Դրանք անհամատեղելի են։ Խնդիրը քո մտքերի մեջ է։ Չարը վախի մտքերով ուղղակի խաբում է քեզ։ Իսկ Տեր Աստծու Սուրբ Հոգին պատրաստ է և կամենում է քեզ առաջնորդել դեպի Իր սիրտը և դարձնել քեզ Իր կամքի համեմատ ուժեղ և հաղթող մարդ։

Աստծու կամքի համեմատ անձնավորություն դառնալու համար դու պետք է անցնես Տեր Հիսուսի բացած ճանապարհով։ Նա այն Միակն է, Ով կարո՛ղ է ճշգրտորեն ձևավորել քո ինքնությունը, և Նրա զոհի շնորհիվ դու կարո՛ղ ես մուտք ունենալ Նրա գահի մոտ՝ վստահ լինելով, որ Նա կսպառազինի քեզ քո կյանքի յուրաքանչյուր հանգրվանի համար։

Բոլոր վախերն անհետանում են, երբ մարդն ընդունում է փրկությունը Քրիստոսով, գիտակցում է Աստծու զավակ լինելու իր նոր ինքնությունը և հավատում է ու վստահում ամենակարող Աստծո հոգատարությանն ու պաշտպանությանը։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: