May-29

Գլխավոր | Հրաշքներ | Դարձիր հենց այն հրաշքը, որն ակնկալում ես

Դարձիր հենց այն հրաշքը, որն ակնկալում ես


Սիրելի՛ բարեկամ, այսօր ուզում եմ քեզ հետ խոսել շատ շատերին ծանոթ մի մարդու մասին, ում անունը Նիք Վույչիչ է: Հուսով եմ՝ քեզ նույնպես ծանոթ է Աստծո այս զորավոր ծառայի կյանքն ու վկայությունը։

Նիքը ծնվել էր առանց ոտքերի ու ձեռքերի: Երկար ժամանակ նա խորը տառապանքների միջով էր անցել և ձգտել էր հասկանալ, թե ինչո՞ւ է Աստված թույլ տվել, որ այդ ողբերգությունը հենց ի՛ր հետ պատահի: Սակայն այսօր նա երջանիկ է, խաղաղ ու Աստծո հետ հաշտված, և Տերը նրան զորեղ կերպով օգտագործում է մյուս մարդկանց մխիթարելու և փրկության ճանապարհը ցույց տալու գործում:

Նիքի ամենահաճախ արտաբերած խոսքերից մեկը հենց սա է. «Եթե դու չես արժանանում քո սպասած հրաշքին, ապա ինքդ դարձիր հրաշք մեկ ուրիշի համար»:

Հենց սա է այն քաջալերանքը, որ այսօր ուզում էի փոխանցել քեզ: Մենք երբեմն չենք հասկանում Աստծո ծրագրերը, և բազմաթիվ հարցեր կարող են տանջել մեզ ու գողանալ ոչ միայն մեր կյանքի ուրախությունը, այլև անգամ ապրելու ցանկությունը։ Հենց այսպիսին էր իրականությունը Նիքի պարագայում։ Սակայն ինչպես նա, այնպես էլ մենք, անկախ ամեն ինչից, կարող ենք դառնալ Աստծո ծրագրի մի մասնիկը մեզ շրջապատող մարդկանց կյանքում:

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, գուցե դու նույնպես չես կարողանում պատկերացնել, թե ինչու է Աստված թույլ տալիս որոշակի իրավիճակներ քո կյանքում: Այո՛, շատ անգամ մեր նմանատիպ հարցերը մնում են անպատասխան, հատկապես՝ մեր սիրելիների կամ մեր կյանք այցելած ողբերգությունների ու ծանր հիվանդությունների պարագայում։ Սակայն հենց այդ ժամանակ է, որ պետք է հիշենք առանց ոտքերի ու ձեռքերի ծնված Նիքի խոսքերը․ «Օգտագործի՛ր այս գաղտնի օրհնությունը՝ ինքդ դարձիր հրաշք ու քաջալերանք մեկ ուրիշի համար»:

Եթե Նիք Վույչիչի նման մեկը՝ առանց ոտքերի ու ձեռքերի, կարող է անել դա, ապա ինչո՞ւ դու չպետք է կարողանաս նույնն անել:

Աղոթում եմ քեզ համար, որպեսզի դու էլ ամեն օր մեկ ուրիշի համար հրաշք դառնաս և վայելես հրաշք լինելու բերկրանքը:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։   

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: