December-31 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Դարձի՛ր Բարի Լուրը տարածող հավատարիմ քրիստոնյա

Դարձի՛ր Բարի Լուրը տարածող հավատարիմ քրիստոնյա

Այսօր ավարտում ենք «Սուրբծննդյան նվերներ հոգևոր ամրացման համար» անվանումը կրող շարքը։ Այսօր մեր քաջալերական ուղերձի մեջ ուզում եմ քեզ հետ կիսվել ևս մեկ գործիքով, որը կօգնի քեզ Քրիստոսի լույսը տարածել քո շրջապատի մարդկանց կյանքերում։ Աստվածաշունչը նկարագրում է խավարի մեջ նստած մարդկանց, որոնց համար Տեր Հիսուս Քրիստոսն իրական լույս էր։ Խավարը խորհրդանշում է խաբված կյանքը, իսկ լույսը՝ ճշմարտության ճանաչումը։

Սիրելի՛ բարեկամ, մեր այսօրվա նվերը կրում է «ԲԱԺՆԵԿՑԻՐ ԲԱՐԻ ԼՈՒՐԸ» անվանումը։ Տեր Հիսուսն Իր աշակերտներին հանձնարարեց գնալ աշխարհով մեկ և փրկության Բարի Լուրը փոխանցել բոլոր մարդկանց. «Արդ գնացե՛ք, աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը» (Մատթեոս 28.19-20):

Իսկ դու ինչպե՞ս ես վերաբերվում Տեր Հիսուսի այս հանձնարարությանը։ Արդյոք քեզ համարո՞ւմ ես Նրա աշակերտը։ Արդյոք Նա քո Ուսուցիչն ու Տե՞րն է։ Որպեսզի մենք՝ Նրա աշակերտներս, կարողանանք մարդկանց նվիրված ու հավատարիմ աշակերտներ դարձնել, նախ պետք է հասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում Բարի Լուրը։ 

«Նա մեր մեղքերն Իր մարմնով խաչափայտի վրա բարձրացրեց, որպեսզի մեղքերից հեռանալով՝ արդարության համար ապրենք. դուք Նրա վերքերով բժշկվեցիք» (Ա Պետրոս 2.24):

Բարի Լուրն այն է, որ Տեր Հիսուսը վճարել է մեր մեղքերի համար Գողգոթայի խաչի չարչարանքների ու մահվան միջոցով։ Մենք պիտի կրեինք այդ պատիժը, բայց Նա մեր մեղքերը Իր վրա է վերցրել ու մեր փոխարեն վճարել է մեր պարտքը՝ կրել է մեր մեղքերի պատիժը։ Սակայն խաչի մահից հետո և գերեզման դրվելուց հետո Նա հարություն է առել, հաղթել է մահին և կարող է կյանք պարգևել յուրաքանչյուր Իրեն հավատացողին։ Տերը կործանել է մեղքի ու մահվան իշխանությունը, և Նրան ճշմարիտ հավատքով հավատացող ամեն մարդ կարող է կործանել իր կյանքում առկա մեղքի իշխանությունը, հաղթել մեղքի դեմ մղվող պատերազմում և ապրել արդարության համար։ Այս մարդկանց համար է նաև Նրա վերքերով բժշկվելու խոստումը։ 

Ինչպիսի՜ սքանչելի Ավետարան։ Ինչպիսի՜ զարմանահրաշ լույս խավարում նստողների համար։ Ահա սա՛ է Բարի Լուրը։ Ահա հենց ա՛յս Ավետարանին հավատացողներն են, որ դառնում են Քրիստոսի նվիրյալ ու հավատարիմ աշակերտները։ Ուրիշ Ավետարան գոյություն չունի։ Սա՛ է Բարի Լուրը։ Սա՛ է Քրիստոսի Ավետարանը։ Եվ մենք կանչված ենք մյուսներին սովորեցնելու, որպեսզի նրանք ապրեն այն կյանքով, որ Տերն է ակնկալում տեսնել․․․, պահեն այն պատվիրանները, որ Տեր Հիսուսն է սովորեցրել։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, «ԲԱԺՆԵԿՑԻՐ ԲԱՐԻ ԼՈՒՐԸ» անվանումը կրող սուրբծննդյան մեր վերջին նվերը կարող ես ստանալ՝ այցելելով barilur.am կայք։ Այն հատուկ ավետարանչական կայք է, որտեղ բազմաթիվ հոդվածներ կան, որոնք կօգնեն քեզ Բարի Լուրը մյուսների հետ բաժնեկցելու հարցում։ Տարածի՛ր դրանք։ Աղոթքով մոտեցիր յուրաքանչյուր նյութին և փորձիր լսել Սուրբ Հոգու ձայնն ու ուղղորդումը, որպեսզի հասկանաս, թե քո ծանոթներից ու մտերիմներից ո՛վ ունի այդ հոդվածն ընթերցելու կարիքը։ Եվ ուղարկիր մարդկանց անհատական նամակով՝ լրացնելով ուղարկածդ սիրո ու քաջալերանքի խոսքերով։ 

Աստված սիրում է քեզ և ուզում է, որ դու մյուսների փրկության ու բժշկության միջոց դառնաս հոգատար ու կարեկցանքով լեցուն Իր ձեռքերում։ Աղոթում եմ, որ հմտանաս barilur.am կայքի նյութերը քո ավետարանչության մեջ օգտագործելու և այդ հարցում Սուրբ Հոգու ուղղորդումը հստակ ընկալելու մեջ։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: