Մենք շարունակում ենք «Դարձի՛ր Երկնքի Արքայության դեսպանը» անվանումը կրող շարքը։ Եվ այսօր Երկնքի ու Երկրի Արարիչը խոսք ունի քեզ համար․․․
«Տերը վաղուց երևաց ինձ և ասաց. «Հավիտենական սիրով եմ սիրել քեզ, դրա համար ողորմությամբ քեզ դեպի Ինձ քաշեցի» (Երեմիա 31․3)։
Սիրելի՛ բարեկամ, աշխարհի արարումից ի վեր Աստված երբեք չի դադարել Իր սերը մարդկությանը փոխանցելը։ Եվ այդ անսահման խորը և անըմբռնելի սիրո գագաթնակետը դարձավ խաչի վրա Տեր Աստծու կատարած մեծագույն զոհաբերությունը հանուն յուրաքանչյուր մարդու՝ հանուն իմ և քո փրկության։
Սերը Աստծու էությունն է՝ Նրա մտքերի և Խոսքի հիմքը։ Աստվածաշունչը լի է այնպիսի հատվածներով, որոնք նկարագրում են Տեր Աստծու սերն Իր ժողովրդի հանդեպ՝ Հին Կտակարանում՝ Իսրայելի հանդեպ, Նոր Կտակարանում՝ Եկեղեցու հանդեպ և այժմ էլ՝ իմ ու քո հանդեպ, որ այսօր մաս ենք կազմում Նրա Եկեղեցու։
Աստվածաշնչում կարդում ենք հետևյալ խոսքերը․ « ․․․բայց եթե սեր չունենամ, ոչինչ եմ» (Ա Կորնթացիս 13․2)։
Մեր ողջ սրտով, հոգով ու զորությամբ Աստծուն սիրելը և մեր մերձավորին մեր անձի պես սիրելը Աստծու հետ մեր հարաբերությունների վերականգնման բանալին է։ Իրականում, մեր էությունը․․․ մեր ո՛վ լինելը որոշվում է հենց նրանով, թե ինչպե՛ս ենք մենք սիրում։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, երբ շարունակաբար լցվում ենք Տիրոջ սիրով, կարողանում ենք թե՛ ավելի շատ սիրել մեր Տեր Աստծուն, թե՛ հատկապես ավելի ենք սիրում մյուս մարդկանց և նույնիսկ նրանց, ում սիրելը նախկինում դժվար էր և անգամ՝ անհնարին։
Եթե Աստված մեզ պատվիրում է սիրել, ապա դա նշանակում է, որ սիրելը ինքնաբուխ կամ մեզնից անկախ մի զգացում չէ։ Մե՛նք ենք որոշում՝ սիրե՞լ, թե՞ չսիրել։ Սերը կարող է իսկապես փոխել աշխարհը․․․ ո՛չ միայն այն աշխարհը, որի մեջ ապրում ենք, այլ, մասնավորապես, քո աշխարհը․․․ քո ներաշխարհը։
Երբևէ լսե՞լ ես Քորի թեն Բում անունով կնոջ մասին։ Նա վերապրել էր Երկրորդ Համաշխարհային պատերազմի արհավիրքները համակենտրոնացման ճամբարում, սակայն արտասովոր սեր դրսևորեց՝ հրապարակայնորեն ներելով իրեն կտտանքների ենթարկող նացիստներից մեկին։ Կարծում ես՝ այս կինն ավելի հոգևոր ու լա՞վն էր, քան դու, քանի որ նա կարողացավ ներման այդ քայլն անել։ Այդպես չէ։ Ահա՛, թե ինչ էր նա ասում․ «Այսպիսով, երանի՜, թե կարողանայի ասել, թե սովորելով ներել այդ դժվարագույն իրավիճակում՝ ես այլևս ներելու դժվարության չեմ բախվել իմ կյանքում։ Երանի՜ կարողանայի ասել, թե ներման և ողորմած լինելու մասին մտքերն այդ պահից ինքնաբուխ կերպով հորդում են իմ ներսից։ Բոլորովին ո՛չ։ Եթե իմ կյանքի 80 տարիների ընթացքում մի բան սովորել եմ, ապա դա այն է, որ ես չեմ կարող իմ ներսում կուտակել լավ զգացողություններն ու բարի վարքը։ Ես միայն կարողանում եմ դրանք վերցնել Աստծուց ու թարմացնել ամեն նոր օրվա համար»։
Եթե կարծում ես, որ չես կարող սիրել այնպես, ինչպես Աստված է ակնկալում քեզնից, բայց ամբողջ սրտով փափագում ես դա, ապա կարող ես անել միայն մեկ բան՝ սերը վերցրո՛ւ սիրո աղբյուրից՝ Տեր Աստծու սրտից։ Ահա՛, հենց սա՛ է նշանակում լինել Երկնքի Արքայության դեսպան այս երկրի վրա։ Դա նշանակում է դառնալ մեկը, ով իր Տեր Աստծուց ընդունում է սեր և հետո փոխանցում այդ սերը մյուսներին։
Այսօր ընդունի՛ր Աստծու շնորհքն ու օրհնությունները քո կյանքի մեջ և որոշի՛ր ստանձնել Նրա դեսպանը լինելու պատվավոր առաքելությունը այս երկրի վրա քո պանդխտության բոլոր օրերին։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը