March-10 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Աստված սիրում է քեզ, և Նրա աչքերում դու թանկ մեկն ես․․․

Աստված սիրում է քեզ, և Նրա աչքերում դու թանկ մեկն ես․․․

Դու թանկ մեկն ես Տեր Աստծու աչքերում։ Տերը սիրում է քեզ և ամեն բան հոգացել է, որպեսզի դու այս կյանքն ապրես այնպես, որ անբիծ ու անարատ լինես Նրա առջև։ Նա ամեն բան հոգացել է և ակնկալում է, որ մենք վստահենք Իրեն ու Իր նախատեսած լուծումներին։ Նա սպասում է, որ մենք հավատանք Իրեն և ապրենք ըստ Իր Խոսքի փոխանցած ճշմարտությունների։ 

Սիրելի՛ բարեկամ, ինձ ամենաշատը ցնցել է Տեր Աստծու մոտեցումն Իրեն հավատարիմ մարդկանց, երբ Տերը խոսում է մարդուն փառավորելու մասին։ Իրականում, ես այսօր էլ մինչև վերջ չեմ հասկանում, թե ինչպե՞ս կարող է մարդն արժանանալ նման պատվի՝ փառավորվել Աստծու կողմից։ Մենք ենք, որ պարտավոր ենք փառավորել Աստծուն։ Սակայն Աստծու անսխալական ու հավիտենական Խոսքը մեզ փոխանցում է ճշմարտություններ, որոնք հաստատում են վերը ասվածը։

«Ծա՛փ տվեք, բոլո՛ր ժողովուրդներ, ցնծության ձայնով աղաղակե՛ք Աստծուն, Որովհետև Տերը Բարձրյալ և ահեղ է. մեծ Թագավոր է ամբողջ երկրի վրա։ Ժողովուրդներին նա մեզ է հպատակեցնում և ազգերին մեր ոտքերի տակ դնում։ Նա մեզ համար ընտրում է մեր ժառանգությունը՝ Հակոբի փառավորությունը, որին Նա սիրում է» (Սաղմոս 47․1-4)։

«․․․Հակոբի փառավորությունը, որին Նա սիրում է»։ Աստված սիրում է փառավորել Իր հավատարիմ զավակներին։ Աստված սիրում է Իր զավակներին գովելը և Իր բարեհաճությանն արժանացնելը։ Տեր Աստծուն հաճելի է Իր՝ նվիրված ու հնազանդ զավակներին բարձրացնելը։ 

«Ահա դու պիտի կանչես մի ազգի, որին չես ճանաչում, և ազգեր, որ քեզ չեն ճանաչում, շտապելու են քեզ մոտ քո Աստծու՝ Տիրոջ պատճառով, Իսրայելի Սրբի պատճառով, որը փառավորել է քեզ» (Եսայիա 55.5):

Երբ Աստված է հավատարիմ մարդուն բարձրացնում, ոչ ոք չի կարող Նրան դեմ կանգնել ու արգելել Նրան գործելուց։ Իսկ ո՞ւմ է Աստված բարձրացնում։ Ովքե՞ր են արժանանում Աստծու կողմից փառավորվելու (առանձնահատուկ գովասանքի ու բարեհաճության արժանանալու) մեծագույն պատվին։ Աստվածաշունչը մեզ մի զորավոր սկզբունք է փոխանցում այս հարցի վերաբերյալ։

«Տերն ասում է. “Քա՛վ լիցի, որովհետև Ես կփառավորեմ ինձ փառավորողներին, և Ինձ արհամարհողները կանարգվեն» (Ա Թագավորաց 2․30):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, մենք կա՛մ փառավորում ենք Աստծուն՝ Նրա կամքին մեր հնազանդությամբ, կա՛մ արհամարհում Նրա Խոսքը՝ մեր պատկերացումներն ու ընկալումները բարձր դասելով Նրա Խոսքից ու ուսուցանած ճշմարտություններից։ 

Այսօր աղոթում եմ, որ դու անսասան ընթացք ունենաս հավատքի կյանքում, որ լինես Տեր Աստծու հավատքով արդարացած զավակը, որին Նա ո՛չ միայն արդարացրել է Իր Որդու խաչի զոհի շնորհիվ, այլև փառավոր մի կյանք հոգացել, որը Նրա շնորհիվ հոգևոր հաղթանակների մի զորավոր ընթացք է։ 

«Եվ որոնց նախասահմանեց, նրանց նաև կանչեց, որոնց որ կանչեց, նրանց նաև արդարացրեց, իսկ որոնց արդարացրեց, նրանց նաև փառավորեց։ Արդ ի՞նչ ասենք այս բաների մասին. եթե Աստված մեր կողմն է, ո՞վ է մեզ հակառակ» (Հռոմեացիս 8.30-31):

Իսկ դու Աստծուն փառավորո՞ղ մարդ ես․․․ Եթե այո, ապա կարո՞ղ ես քո ողջ սրտով, ծափերով և ուրախության ցնծությամբ փառաբանել Տեր Աստծուն, քանի որ Նա Ինքն է քեզ փառավորում՝ բարձրացնում և հաղթանակներ շնորհում, որովհետև Նա քո կողմից է։ Ինչպիսի՜ զորավոր ժառանգություն․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: