March 17

Գլխավոր | Հրաշքներ | Աստված հոգ է տանում քո սիրելիների համար

Աստված հոգ է տանում քո սիրելիների համար

Սիրելի՛ բարեկամ, այսօր ավարտում ենք մեր ուղերձների այս յոթնօրյա շարքը, որը նվիրված էր աղոթքի կարևորությանը մեր ընտանիքներում։ 

Երբ մեր սիրելիները անցնում են կյանքի դժվարություններով ու փորձություններով, մենք ցանկանում ենք հնարավորինս մոտ լինել նրանց, որպեսզի կարողանանք մխիթարել, կիսել նրանց ցավը և մեր հնարավորության սահմաններում օգնության ձեռք մեկնել նրանց։ Սակայն տարբեր պատճառների արդյունքում, միշտ չէ, որ դա հնարավոր է լինում անել։ Իսկ ինչպե՞ս կարող ենք օգտակար լինել մեր սիրելիներին նման պարագայում։ 

Երբ մենք չենք կարող ֆիզիկապես ներկա գտնվել մեր ընտանիքի անդամի կամ մեկ այլ հարազատ մարդու կողքին, ապա չպետք է մոռանանք, որ Աստված, որ լսում է մեր աղոթքները, կարողություն ունի մեզ իրար մոտեցնելու։

Որպես արձագանք քո աղոթքների, Տերը կարող է միջամտել քեզ սիրելի մարդկանց կյանքում։ Հակոբոս 5.16 խոսքը մեզ հենց դրա մասին է սովորեցնում. «…Արդարի աղոթքը ավելի ուժեղ է ներգործում» ‭‭(Հակոբոս‬5․16)։‬  

Աստծո միջամտությունը չունի սահմաններ։ Սակայն վերը բերված զորավոր խոստման մեջ նույնպես կա պայման։ Իսկ աղոթողը համապատասխանո՞ւմ է Աստծո ակնկալած արդարության պահանջներին։ Աստծո ակնկալած արդարությունը անսխալ ու անթերի կյանքը չէ։ Աստծո ակնկալած արդարությունը մեղքից զուրկ կատարյալ ընթացքը չէ։ 

Աստծո ակնկալած արդարությունը հավատքն է Իր Խոսքերի հանդեպ և հնազանդության մեծ փափագը Իր կամքի հանդեպ։ Աստծո ակնկալած արդարությունը մեր նվիրումն է Իր սկզբունքներին, արժեհամակարգին և Իր ակնկալած կենսակերպին։ Եթե ուզում ենք, որ մեր աղոթքները զորություն ունենան իրենց մեջ, ապա պետք է ունենանք հենց այն արդարությունը, որը Տերն է պարգևում անկեղծ սրտով Իրեն հավատացողներին։ 

Երբ աղոթում ենք մենք՝ Քրիստոսով արդարացածներս, անկախ մեր գտնվելու վայրից և անկախ նրանից, թե որտեղ է գտնվում մեր ընտանիքի անդամը, Աստծո հոգատար ու փրկարար ձեռքը հասնում է նրանց։ 

Ինչպիսի՜ արտոնություն է իմանալ, որ անգամ սիրելիներիցդ հեռու լինելով՝ աղոթքի միջոցով կարող ես օգնության հստակ քայլեր ձեռնարկել նրանց համար։ Եթե նույնիսկ չես կարող գտնվել քո կարիքը զգացող մարդկանց կողքին, ապա շնորհիվ աղոթքի նրանց կողքին է լինում մեզնից անհամեմատ ավելի զորավոր Մեկը՝ մեր Տերը Իր սիրող ու կարեկից ներկայությամբ։ 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, առաջարկում եմ քեզ սիրելիներիդ կյանքերն այսօր աղոթքով հանձնել Տեր Հիսուսի ձեռքերի մեջ։ Նա կարող է գործել այնտեղ, որտեղ դու գործելու հնարավորություն չունես։ Անմնացորդ վստահի՛ր Նրան և գոհացի՛ր ու փառաբանի՛ր Նրան այն ամենի համար, որ դեռ պիտի անի Իր սիրող սրտից բխած ողորմությունների և քո աղոթքների արդյունքում։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: