June 29

Գլխավոր | Հրաշքներ | Աստված կպարգևատրի քո հավատքն Իր հրաշագործ օրհնություններով

Աստված կպարգևատրի քո հավատքն Իր հրաշագործ օրհնություններով

Սիրելի բարեկամ, առաջիկա յոթ օրերին ուզում եմ միասին անցնենք ուղերձների մի շարքով, որը կօգնի քեզ դառնալ քո շրջապատի մարդկանց կյանքերի փոխակերպման գործիք Աստծո ձեռքերում։ Ուզում եմ նաև խնդրել քեզ, որպեսզի աղոթես մեր ավետարանչական նախաձեռնության համար և խորհես, թե ինչպես կարող ես քո մասնակցությունն ունենալ Hisus.am կայքի ծառայություններին։ Թող է՛լ ավելի շատ կյանքեր փոխվեն և ազատագրվեն «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձների միջոցով։ Ողջ փառքն Աստծուն լինի:

Մոտ տասը տարի առաջ Աստծո գերբնական առաջնորդությամբ մի քանի ընտանիքներով միաբանվեցինք Էջմիածնում եկեղեցի հիմնելու այն ժամանակ անհավանական թվացող գաղափարի շուրջ։ Մենք որոշակիորեն գիտակցում էինք, որ մեր նոր ընթացքը արմատապես փոխելու էր թե՛ մեր կյանքը և թե՛ հավատքի ազդեցություն էր ունենալու Աստծո համար թանկ ու սիրելի շատ այլ մարդկանց կյանքերի վրա։ Սակայն որպեսզի մեր մղումն ու տեսիլքն իրականություն դառնային և մենք փորձառաբար ապրեինք այն ամեն զարմանահրաշ գործերը, որոնք Աստված գործել է այս տարիների ընթացքում, մեզ հավատք էր պետք լինելու։

Երբ մենք միասին որոշում կայացրեցինք կիրակնօրյա պաշտամունքներ սկսել Էջմիածին քաղաքում, ընդամենը մի քանի հոգի էինք, հավաքվում էինք մեր եղբայրներից մեկի տանը և բացարձակապես չէինք տեսնում այն ճանապարհը, որով ընթանալու էինք առաջիկա տարիներին։ Սակայն մենք վստահում էինք Աստծուն, Ում համար պատրաստվում էինք ծառայել և Ում հանձնարարությունն էինք կատարում՝ կանգնելով մի ճանապարհի վրա, որը լի էր լինելու հիասթափություններով ու անորոշություններով։

Այսօր էլ հստակ հիշում եմ, թե ինչպես էինք եկեղեցու նստարանների համար գնել մի քանի տախտակներ, մշակել դրանք իմ ծանոթներից մեկի մոտ և մի քանի եղբայրներով առաջին կիրակնօրյա պաշտամունքից մեկ օր առաջ սրտի ուրախությամբ ձգում էինք նստարանների պտուտակները, կատակում միասին և պատրաստվում մեր առաջին համատեղ պաշտամունքին։

Հիշում եմ նաև, թե ինչպես առաջին մի քանի կիրակիներից հետո եկեղեցին չունեցավ գերբնական աճ և չլցվեց Աստծո Խոսքի փափագն ունեցող մարդկանցով։ Անշուշտ, մենք շարունակեցինք մեր պաշտամունքները մի քանի հավատարիմ ընտանիքներով։ Սակայն անցնում էին ամիսներ և տարիներ, իսկ եկեղեցին չէր աճում։ Մեր եկեղեցու երգչախումբը բաղկացած էր վեց-յոթ անդամից, և այդ ժամանակահատվածում շատ անգամ լինում էր, որ պաշտամունքի ժամանակ երգչախմբում ծառայողների թիվն ավելին էր, քան այն մարդկանց թիվն, ում նրանք առաջնորդում էին Տիրոջը երկրպագելու մեջ։ 

Սակայն մեր ծառայողական թիմն ուներ հավատք։ Մենք հավատում էինք, որ Աստծո կամքով ենք սկսել եկեղեցի հիմնելու մեր ընթացքը։ Մենք հավատում էինք, որ Աստված մեր մեջ է, Ինքն է առաջնորդում մեր ծառայությունները։ Սակայն եկեղեցին չէր աճում, և այդ ընթացքը տևեց ոչ թե ամիսներ, այլ տարիներ։ Այդ օրերին հավատքն այն ամենն էր, ինչ մենք ունեինք։

Երբ ես սկսեցի իմ կիրակնօրյա պատգամները տեղադրել մեր YouTube-յան ալիքում (https://www.youtube.com/wwwhisusam), շատ շատերը խոսում էին, որ ես ինքնագովազդ եմ անում և զբաղված եմ ինքնամեծարմամբ։ Կողքից ճնշումներն այնքան ուժգին էին, որ ես անկեղծորեն գնացի Աստծո առջև աղոթքի և ինքնաքննության։ Ես աղոթում էի, որ եթե անգամ ինքնամեծարանքի մի փոքր նշույլ կա իմ ծառայությունների մեջ, ապա Տերը թող խափանի դրանք, իսկ եթե իմ շարժառիթը մարդկանց Արքայության Ավետարանը հասցնելն էր, ապա խնդրում էի Տիրոջից օրհնություն ու բազմապատկում մեր եկեղեցու բոլոր ծառայությունների մեջ։

Միայն հիմա, տասը տարի անց, հետ նայելով մեր անցած կարճ ճանապարհին, հասկանում եմ, որ Աստված ոչ այնքան հետաքրքրված էր եկեղեցու արագ աճով, որքան մեր ծառայողական թիմի անդամների հոգևոր ամրությամբ, նվիրվածությամբ ու հավատքի աճով։ Այս ընթացքում Աստված շատ անգամ է նշաններով ու հրաշքներով հաստատել, որ մեզ հետ է։ Անգամ մեր YouTube-յան ալիքի անվանումն էր մարգարեական։ Hisus.am ավետարանչական կայքը կսկսի գործել այս ամիս, սակայն այդ գաղափարը ես ունեցել եմ հենց ամենասկզբից, և պատահական չէ, որ իմ YouTube-յան ալիքի գրանցումը հենց այդ անվանմամբ եմ իրականացրել։
Հավատքն է, որ Աստծո տված երազանքները դարձնում է իրականություն։

Սիրելի բարեկամ, գուցե քո կյանքում էլ Աստված քեզ մղում է անել մի բան կամ ներգրավվել մի գործի մեջ, որը քեզ անհավանական ու անիրակա՞ն է թվում։ Գուցե հենց մե՞ր ծառայությանը պետք է միանաս կամ աջակցես դրա ազդեցության տարածմանը։ Արդյո՞ք քո ներսում արդեն իսկ զգացել ես այն կանչը, որը քեզ մղում է հնազանդվելու Աստծուն, ինչպես Աբրահամը որոշեց թողնել ամեն բան Աստծուն նվիրված կյանք ապրելու համար: Կամ գուցե Աստված այսօր այլ ուղղությամբ է քեզ մղում, որ գնաս, փոխակերպես կյանքդ ու ընթացքդ, և դա պահանջում է ընդլայնել սիրտդ ու մեծացնել հավատքդ։

Մի՛ վարանիր և հավատքի քա՛յլ արա։ Մի՛ նայիր անորոշությանն ու թերահավատների գնահատականներին։ Մի՛ լսիր փորձառություն չունեցող մարդկանց վերլուծությունները։ Նայի՛ր Աստծուն և Աստծո Խոսքի օրինակներից դասեր քաղիր։ Ահա թե ինչ ենք կարդում Աստվածաշնչում․ «Հավատով Աբրահամը հնազանդվեց, երբ կանչվեց գնալու այն տեղը, որն իբրև ժառանգություն էր ստանալու» (Եբրայեցիս 11․8

Ի՞նչ ես կարծում՝ ինչ է Աստված ուզում, որ անես։ Արդյոք պատրա՞ստ ես առանց բոլոր մանրամասները հասկանալու և հետևանքներին ծանոթանալու հավատքի քայլ անել և մուտք գործել այն ազատության մեջ, որի մեջ քեզ կանչում է Աստված: Խնդրում եմ, գրիր ինձ և տեղեկացրու, եթե ուզում ես, որ հատուկ աղոթեմ քո հավատքի ընթացքի և Աստծուն հնազանդվելու քաջության համար։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: