May-16 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Աստված իրո՞ք բարի է

Աստված իրո՞ք բարի է

Երբևէ մտածե՞լ ես, թե ինչու է Աստված քեզ արարել, որն է կյանքի նպատակը և այն, ինչով զբաղված ես քո առօրյայում, արդյո՞ք Աստծու կամքն է քեզ համար, թե՞ ոչ։

Սիրելի՛ բարեկամ, եթե դու չունես այս հարցերի պատասխանը, ապա թույլ տուր, որ  փորձեմ քեզ օգնել այսօր:

Որոշ մարդիկ թյուր պատկերացում ունեն այն մասին, թե ինչպիսին է Աստծու ծրագիրը, նրանց կարծիքով Աստծու կամքն է, որ իրենք մշտապես…

  • Տառապեն։
  • Անեն այն, ինչն ամենաշատն են ատում։
  • Լինեն այնտեղ և այն միջավայրում, որտեղ չեն ուզում լինել:

Թեև մենք կարող ենք անցնել տառապանքների ու դժվարությունների ընթացքով, սակայն Տեր Աստծու կամքը մեզ համար այս երկրային կյանքի ընթացքում մշտապես տառապելը չէ։ Ավելին, անգամ տառապանքների ժամանակ Աստծուն վստահող մարդիկ ներքին խաղաղություն են ունենում և նաև չեն կորցնում Աստծո ներկայության քաղցրությունը վայելելու արտոնությունը։ Քրիստոսին Տեր և Փրկիչ ընդունած մարդու տառապանքները կարելի է բնութագրել որպես արտաքին դժվարություններ ներքին խաղաղության և առողջ հոգու առկայության պարագայում։ 

Այո՛, լինում են ժամանակներ, երբ Աստված մեր կյանքում թույլ է տալիս դժվար ու ցավալի իրավիճակներ։ Բայց Աստված երբե՛ք չի գործում առանց հստակ հիմնավորումների: Նրա ծրագիրը քեզ համար կատարյալ է: Նա կատարյալ է Իր բոլոր ճանապարհներում: Հակոբոս առաքյալը մեզ ասում է, որ «Ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է՝ իջած լույսի Հորից, որի մեջ փոփոխում կամ փոփոխման ստվեր բնավ չկա» (Հակոբոս 1.17):

Աստված բարի է։ Նա սիրում է քեզ։ Եթե անգամ դեռ չենք տեսնում Նրա ծրագրի վերջնանպատակը, մենք պետք է կատարելապես վստահենք Նրան։ Հավատում եմ, որ ողջ տիեզերքում ավելի վստահելի մեկը չկա՛ և չի՛ կարող լինել։ Ամբողջ հարցն այն է, որ մենք չենք տեսնում ամբողջական պատկերը։ Իմ կյանքում շատ անգամ է եղել, որ մի շատ վատ իրադարձությունից ու անհաջողությունից ամիսներ և անգամ՝ տարիներ հետո եմ գիտակցել, որ եթե չանցնեի այդ ամենով, ապա չէի հասնի այնտեղ, որտեղ հիմա եմ։ 

Աստծու բարության փաստը գիտակցելն ու ընդունելը հիմնարար կարևորություն ունի Նրա ծրագիրը մեր կյանքերում ընդունելու համար: Այն ամենը, ինչ Աստված նպատակ ունի իրականացնելու քո կյանքում, քեզ հետ և քո միջոցով, միտված է նրան, որ քո մեջ ավելի ու ավելի շատ ձևավորվի Նրա պատկերն ու նմանությունը:

Ինչպիսի՞ն է Աստված քո ընկալմամբ։ Ինչպիսի՞ն է Նրա բնույթն ու էությունը։ Որտեղի՞ց է ձևավորվել քո մեջ Աստծո ընկալումը։ Արդյոք Աստծո մասին քո պատկերացումները ներդաշնա՞կ են Աստվածաշնչի փոխանցած ճշմարտություններին, թե՞ հակասում են դրանց։ Սրանք շատ կարևոր հարցեր են, քանի որ այն պատկերացումը, որը Նա ուզում է, որ դու ունենաս Իր մասին, հենց այն նույն բնույթն է, որը Տերը ցանկանում է դրսևորել քո միջոցով։  

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Նրա բարության արտահայտությունը երևում է ոչ միայն այն ամենի մեջ, ինչը ստանում ես Աստծուց, այլև այն ամենի մեջ, ինչը խնդրել ես և չես ստացել Նրանից: Ուստի առաջարկում եմ այսօր սրտանց այս խոսքերն ուղղել Տեր Աստծուն. «Իմ Տե՛ր, ես հավատում եմ, որ Դու բարի ես: Դու կատարյալ բարի և խաղաղության ծրագրեր ունես իմ կյանքի համար։ Եվ եթե անգամ հիմա ես չեմ տեսնում քո ծրագրերի ամբողջական պատկերը և չեմ հասկանում որոշ բաներ, որոնք տեղի են ունեցել և տեղի են ունենում իմ կյանքում, միևնույնն է, ես վստահում եմ Քեզ։ Դու ես իմ կյանքի Տերը, և ես Քո շնորհին ու ողորմությանն եմ հուսացած»:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: