May-11

Գլխավոր | Հրաշքներ | Աստված զննում է քո հավատարմությունը

Աստված զննում է քո հավատարմությունը

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Դասեր Դանիելի մարգարեությունից» անվանումը։ Այսօր անդրադառնալու ենք մի պատմության, որը Դանիելի քաջության, նվիրվածության և հավատարմության մասին է։ Հավատարմությունն այն որակն է, որն Աստված փնտրում է մարդկանց մեջ։ Սակայն հավատարմության ընթացք ունենալու համար նախ նվիրում է պետք, որպեսզի Տեր Աստծուն կարևորենք ամեն բանից առավել, իսկ հետո նաև՝ քաջություն, որպեսզի պատրաստ լինենք զրկանքների՝ հանուն դեպի Տերն ունեցած մեր հավատարմության։

Սիրելի՛ բարեկամ, երբևէ բախվե՞լ ես մարդկանց նախանձին և նախանձից բխող ատելության դրսևորումներին։ Ես շատ անգամներ եմ բախվել։ Երբ քեզ մոտ ինչ-որ բան հաջողվում է կամ Աստված որևէ ոլորտում բարձրացնում է քեզ, անմիջապես հայտնվում են մարդիկ, որոնք սկսում են թթվածնի պակաս զգալ՝ տեսնելով քո առաջխաղացումը կամ հաջողվածությունը։ Հենց նմա՛ն իրավիճակում էր հայտնվել Դանիել մարգարեն։ 

«Այն ժամանակ այս Դանիելը վերակացուներից և սատրապներից ավելի անվանի դարձավ, որովհետև նրա մեջ գերազանց հոգի կար, և թագավորը մտածում էր նրան ամբողջ թագավորության վրա կարգելու մասին։ Այն ժամանակ վերակացուներն ու սատրապներն աշխատում էին Դանիելի դեմ՝ կառավարման մեջ մի պատրվակ գտնելու, բայց ոչ մի պատճառ ու չարություն չկարողացան գտնել, որովհետև նա հավատարիմ էր, և ոչ մի հանցանք ու չար բան չգտնվեց նրա վրա» (Դանիել 6․3-4):

Սակայն Դանիելին ատող այդ մարդիկ կանգ չառան։ Նրանք գիտեին Դանիելի հավատքի և միակ ճշմարիտ Աստծու հանդեպ հավատարմության մասին։ Նրանք Դարեհ թագավորին համոզեցին, որպեսզի նա մի օրենք ընդունի, որ երեսուն օր մարդիկ իրենց աստվածներին չաղոթեն, այլ միայն թագավորին խնդրեն, և ով խախտի այդ արգելքը՝ գցվի առյուծների գուբը։ 

Հրովարտակի ստորագրվելուց հետո Դանիելն անմիջապես գնում է իր տուն, բարձրանում վերնատուն, որի պատուհանները բաց էին դեպի Երուսաղեմի կողմ, և, իր սովորության համեմատ, օրը երեք անգամ ծնկի է գալիս ու աղոթում և գովաբանում իր Աստծուն։ 

Նախանձի ատելությամբ բռնված մարդիկ անմիջապես տեղեկացնում են թագավորին, որը շատ է տրտմում, սակայն իր անվան և հեղինակության ճնշման ներքո ստիպված է լինում իրականացնել նախօրոք սահմանված դատավճիռը։ 

«Այդ ժամանակ թագավորը հրամայեց, և բերեցին Դանիելին ու նրան գցեցին առյուծների գուբը։ Թագավորն ասաց Դանիելին. «Քո Աստվածը, որին դու անդադար պաշտում ես, թող ազատի քեզ» (Դանիել 6․16):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ դու քո կյանքում բախվո՞ւմ ես Տեր Աստծու հանդեպ հավատարմության հարցում որոշում կայացնելու ծանր ու դժվարին իրավիճակների։ Եթե այո, ապա իմացիր, որ այդ ընթացքը բոլոր ճշմարիտ հավատացյալների բնականոն ընթացքն է։ Մարդիկ, որոնք ատում են քեզ Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ քո ունեցած հավատքի պատճառով կամ նախանձում են քեզ Աստծու բարհաճությանն ու հատուկ օրհնություններին արժանանալու համար, հնձելու են իրենց ցանած ատելության ու նախանձի սերմերը, եթե չապաշխարեն։ 

Աստված երբե՛ք չի անտեսում հավատարիմներին և չանտեսեց նաև Դանիելին։ Թագավորը վաղ առավոտյան գնաց առյուծների գուբի մոտ և ձայն տվեց Դանիելին ու հարցրեց, թե արդյոք Աստված, որին պաշտում էր Դանիելը, կարողացա՞վ փրկել նրան։ Դանելի արձագանքը ցնցեց նրան։

«Այդ ժամանակ թագավորը շատ ուրախացավ և հրամայեց, որ Դանիելին դուրս բերեն գուբից։ Եվ նրա վրա ոչ մի վնասվածք չգտնվեց, որովհետև վստահել էր իր Աստծուն։ Թագավորը հրամայեց, և բերեցին այն մարդկանց, որոնք Դանիելի դեմ չարախոսությունն էին արել, և գցեցին առյուծների գուբը. նրանց, նրանց որդիներին և նրանց կանանց։ Նրանք դեռ չէին հասել գբի հատակին, երբ առյուծները հափշտակեցին նրանց և փշրեցին նրանց ոսկորները» (Դանիել 6․23-24):

Եղի՛ր հավատարիմ Տեր Աստծուն և Նրա Խոսքի սկզբունքներին ցանկացած իրավիճակում։ Դանիելի պարագայում առյուծների բերանը փակող Տերն այսօր քո կողքին է, որպեսզի չեզոքացնի քո դեմ ծրագրված բոլոր չար դավերը և քեզ ազատի նախանձող ու ատող մարդկանց լարած թակարդներից։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: