Սիրելի՛ բարեկամ, երբեմն մեր աղոթքները անպատասխան են մնում։ Իհարկե, հոգևոր մարդիկ ասում են, որ այդ անպատասխան աղոթքները երկու բան կարող են նշանակել։ Առաջինը, որ Աստված Ո՛Չ է պատասխանում մեր աղոթքներին, իսկ երկրորդը՝ ՈՉ ՀԻՄԱ․․․ Սակայն, այնուամենայնիվ, երբ մեր աղոթքները մնում են անպատասխան, մեզ կարող են այցելել կասկածներն ու անհանգստությունները։ Նեղացկոտ մարդիկ անգամ կարող են մտածել, թե Աստված մոռացել է իրենց կամ, որ ավելի վատ է, անտեսում է իրենց։
Սակայն Աստված Իր Խոսքի մեջ պատասխանում է Իր զավակների բոլոր անհանգստություններին. «Բայց Սիոնն ասաց. «Տերն ինձ լքել է, իմ Տերն ինձ մոռացել է»։ Մի՞թե կինը կմոռանա իր կաթնակեր մանկանը և չի՞ գթա իր որովայնի ծնունդին. եթե նա մոռանա իսկ, Ես, սակայն, քեզ չեմ մոռանա։ Ահա Ես Իմ ձեռքերի ափերի մեջ փորագրել եմ քեզ, քո պարիսպներն Իմ դիմացն են միշտ» (Եսայիա 49․14-16):
Տերն Իր Խոսքի մեջ խոսում է մեր սրտերին՝ փարատելով մեր բոլոր անհանգստությունները և ասես ասում հետևյալը․ «Ինչպե՞ս կարող եմ Ես՝ քո Հայրն ու քո Արարիչը, մոռանալ կամ անտեսել քեզ: Դու այնքա՜ն կարևոր ես Ինձ համար, Իմ հայացքը մշտապես քեզ վրա է և դու մշտապես Իմ աչքերի առջև ես՝ Իմ ափի մեջ»։
Եվ որպեսզի ես և դու լիովին հասկանանք ու ոչ մի կասկած չունենանք մեր հանդեպ Նրա սիրո և հոգատարության հարցում, Տերը մի հզոր համեմատություն է բերում՝ մայրը և նրա նորածին երեխան: Ո՞ր մայրը կանտեսի իր նորածին երեխային և չի արձագանքի սոված ժամանակ նրա լացի ճիչերին: Հետո Տերը շարունակում է՝ մեզ վստահեցնելով, որ եթե անգամ նման մայրեր գտնվեն այս աշխարհում, միևնույնն է, Աստված երբե՛ք չի անտեսի Իր զավակների կարիքի ճիչն ու աղաղակը։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ինչպես միշտ, Աստվածաշնչի նման հրաշալի խոստումների ժամանակ, ես փորձում եմ մարդու ուշադրությունը կենտրոնացնել տվյալ խոստման պայմանի վրա։ Իսկ այս խոստման պայմանը հետևյալն է՝ որպեսզի Տեր Աստծու այս հրաշալի խոստումը քո կյանքում դառնա իրականություն, դու պետք է մաս կազմես Աստծու ժողովրդի։
Այո՛, այս հրաշալի խոստումը չի վերաբերում ողջ մարդկությանը, այլ միայն Աստծու կամքը սիրող և Նրա պատվիրանները ընդունող մարդկանց։ Նոր Ուխտի ժամանակների Աստծու ժողովուրդը Եկեղեցին է՝ Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերին հավատացող և Նրա աշակերտները դարձած հավատացյալների ամբողջությունը։
Առաջարկում եմ աղոթել միասին այս կարևորագույն աղոթքով․ «Տե՛ր, շնորհակալ եմ Քո կատարյալ ու անսպառ սիրո համար: Ես հավատում եմ Քո Խոսքին՝ Աստվածաշնչին։ Ես հավատում եմ Աստվածաշնչում նկարագրված պատմություններին ու փոխանցված սկզբունքներին։ Ես հավատում եմ, որ Դու այնքա՜ն խորն ես սիրում ինձ, որ Քո միածին Որդուն ես զոհել Գողգոթայի խաչի վրա, որպեսզի ներես իմ մեղքերը։ Ես հավատում եմ Տեր Հիսուս Քրիստոսին և Նրա փոխանցած ճշմարտություններին։ Ես որոշել եմ ապրել Նրա հավատարիմ աշակերտի կյանքով և իմ որոշման ու հավատքի շնորհիվ դարձել եմ Քո զավակը՝ Քո ժողովրդի մի մասնիկը։ Ես երախտապարտ եմ Քեզ, որ Դու ամեն օր հոգ ես տանում ինձ համար և օգնում ես հաղթահարել իմ կյանքի բոլոր խոչընդոտներն ու խնդիրները: Ես շնորհակալ եմ ինձ Քո հայրական սիրո մեջ պահելու համար։ Ես սիրում եմ քեզ, իմ Հա՛յր, և ապրում եմ Քո կամքն այս երկրի վրա կատարելու փափագով: Աղոթում եմ Քո Որդի և իմ Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ ու պատվական անունով։ Ամե՛ն»:
Եթե այս աղոթքը բխում էր քո սրտից և համաձայն ես դրանում արտահայտված յուրաքանչյուր մտքի հետ, ապա կարող եմ վստահեցնել քեզ, որ անհնար է, որ Աստված երբևէ մոռանա քեզ:
Օրհնված և ուրախությամբ հագեցած օր եմ մաղթում քեզ:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը