March-17

Գլխավոր | Հրաշքներ | Աստված բոլոր բարիքների Աղբյուրն է

Աստված բոլոր բարիքների Աղբյուրն է

Հայտնի է, որ գորշ եղանակն ազդում է մարդկանց տրամադրության վրա։ Մառախլապատ ու ամպամած օրերին մենք կարող ենք մեզ հոգնած ու ընկճված զգալ, լինել անտրամադիր ու գործելու համար ոչ պատրաստակամ։

Սիրելի՛ բարեկամ, նման զգացողություն կարող է ունենալ յուրաքանչյուր ոք: Սակայն այն մարդկանց համար, ովքեր Տեր Աստծու փրկագնված զավակներն են, նման իրողությունը կարող է հիմնովին փոխել իր ազդեցությունը: Մենք՝ Քրիստոսին հավատացողներս, գիտենք, որ Աստծո Որդին՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսը, Իր արդարությամբ պայծառ արեգակի նման միշտ փայլատակում է մեր կյանք այցելած յուրաքանչյուր սև ու մութ ամպերի հետևից։

Եթե մենք մեր Տեր Աստծո մեջ ենք, ապա մռայլությամբ շրջապատվելու և անհիմն քաջալերանքներով ու սուտ խանդավառության փորձերով մխիթարվելու փոխարեն, Տիրոջ շնորհիվ կարող ենք պահպանել մեր իրական ուրախությունը:

Մի այսպիսի խոսք եմ լսել, որ մենք ավելի շուտ կանչված ենք «ջերմակայունացուցիչ» (թերմոստատ) քրիստոնյաներ լինելու, քան «ջերմաչափիչ» քրիստոնյաներ լինելու համար: Այլ կերպ ասած, մե՛նք պետք է ազդենք մեր միջավայրի ջերմաստիճանի հաստատման վրա, այլ ոչ թե պարզապես արտացոլենք (ջերմաչափենք) գոյություն ունեցող ջերմաստիճանը: Յուրաքանչուր քրիստոնյա պետք է «ջերմակայունացնող» դեր ունենա իր ազդեցության միջավայրում։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ամեն օր Տեր Հիսուսին մոտենալով՝ դու օգնություն և զորություն ես ընդունում բոլոր բարիքների Աղբյուրից:

«Նրա աստվածային զորությունը մեզ շնորհեց կյանքին և աստվածապաշտությանը վերաբերող ամեն ինչ՝ ճանաչեցնելով նրան, ով մեզ կանչեց փառքով ու առաքինությամբ, որոնցով ամենամեծ ու պատվական խոստումներ են մեզ տրված, որպեսզի դրանցով աստվածային բնությանը հաղորդակից լինեք՝ աշխարհիկ ցանկության ապականությունից խուսափելով» (Բ Պետրոս 1.3-4):

Նա՛ է այն սերը, որի կարիքը դու այդքա՜ն շատ ես զգում։ Նա՛ է այն ուրախությունը, որն առաջ է մղում քեզ և թարմություն հաղորդում քո կյանքի ընթացքին։ Եվ Նա՛ է այն զորությունը, որն ամեն օր օգնում է քեզ քո առօրյա կյանքում: Իսկ Նրան մոտենալու կերպը աշխարհի ցանկությունների ապականությունից հեռանալն է։

Այսպիսով, երբ քո կյանք են այցելում իրավիճակների սև ու մութ ամպերն ու բախվում ես կյանքի գորշ եղանակների իրողությանը, ապա ժամանակն է, որ գնաս դեպի բարիքների Աղբյուրը և ստանաս Նրանից այն, ինչի կարիքն ունես, որպեսզի նորից լիություն վերապրես կյանքիդ օրերում, կրկին ցնծաս քո կյանքում և այդ ցնծությունից փայլատակես ու շողշողաս քո շրջապատում:

Հնարավո՛ր է լինել դրական և անգամ խանդավառ, երբ շուրջդ ամեն բան գորշ է և ընկճող։ Հնարավո՛ր է լինել ջանասեր ու ջերմեռանդ, նույնիսկ եթե մռայլ ամպերը մեր տեսադաշտից պատնեշել են արևի պայծառ շողերը։ Այո՛, դա հնարավոր է, եթե մարդը Տեր Աստծո հետ է անցնում իր կյանք այցելած դժվարին ընթացքը և Տեր Աստծու Սուրբ Խոսքի օգնությամբ սովորում է Նրան ամեն օր ավելի ու ավելի մոտենալու կերպը:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: