April-27---2025

Գլխավոր | Հրաշքներ | Աստված բնակվում է փառաբանության մեջ

Աստված բնակվում է փառաբանության մեջ

Մենք ավարտում ենք «Երբ անցնում ես ծանրագույն դժվարություններով» անվանումը կրող շարքը։ Հույս ունեմ, որ այն քաջալերանք էր քեզ համար, և դու գործնական խորհուրդներ ընդունեցիր քո կյանքի ծանրագույն իրավիճակների մեջ Տիրոջից օգնություն և մխիթարություն ստանալու համար։

Սիրելի՛ բարեկամ, այս շարքի վերջին ուղերձի մեջ ուզում եմ խոսել դժվարություններով անցնող մարդու մի կարևորագույն որակի մասին, որը չափազանց թանկ է Տեր Աստծու համար։ Մարդու սրտի մի վիճակ կա, որն ուղղակի ցնցում է Տեր Աստծու սիրտը։ 

Տեր Աստծու համար թանկ է մարդու երկրպագությունն ու փառաբանությունը։ Սակայն մեր երկրպագության գոհությունը հատկապես արժեքավոր է, երբ այն տեղի է ունենում մեր կյանքի ծանրագույն իրավիճակներում։ 

Առաջին հայացքից կարող է հակասական թվալ, թե ինչպե՞ս կարող է մարդը գոհության երկրպագություն ուղղել առ Աստված, երբ անցնում է դժվարություններով։ Մարդկանց մեծամասնությունը նման իրավիճակներում մեղադրում է Աստծուն կամ նեղանում Նրանից։ Սակայն Աստծուն ճանաչող և Նրա հետ մտերմություն ունեցող մարդիկ գիտեն, որ Աստված ամեն բան դեպի բարին է շրջելու Իրեն սիրողների համար։ Աստված շատ ավելին է տեսնում, քան մենք։ 

«Տիրոջը պիտի օրհնաբանեմ ամեն ժամանակ. Նրա փառաբանությունը միշտ իմ բերանում պիտի լինի։ Իմ անձը պիտի պարծենա Տիրոջով, խեղճերը պիտի լսեն և ուրախանան։ Ինձ հետ մեծարեցե՛ք Տիրոջը, իրար հետ բարձրացնենք Նրա անունը։ Ես դիմեցի Տիրոջը, և Նա պատասխան տվեց ինձ և իմ ամեն սարսափից ազատեց ինձ։ Նրան նայեցին և լուսավորվեցին, և նրանց երեսը չպիտի ամաչի։ Այս աղքատն աղաղակեց, և Տերը լսեց ու փրկեց նրան իր բոլոր նեղություններից։ Տիրոջ հրեշտակը բանակ է դնում Իրենից վախեցողների չորս կողմում և ազատում է նրանց» (Սաղմոս 34․1-7):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, երբեմն մենք կարող ենք անցնել դժվարագույն իրավիճակներով, որոնք ո՛չ թե Աստված է ուղարկում մեր կյանք, այլ մեղքով բռնված այս չար աշխարհի մեջ ապրելու հետևանքներն են։ Եվ հե՛նց այդ ժամանակ Աստված ակնկալում է, որ մենք ո՛չ թե չարանանք ու տրտմենք, ո՛չ թե ընկճվենք ու ապրենք անորոշության սարսափների մեջ, այլ մեր շրջապատի մարդկանց համար դառնանք Տեր Աստծուն Հոգով և ճշմարտությամբ երկրպագող հավատացյալի իրական օրինակ։ 

«Տիրոջը պիտի օրհնաբանեմ ամեն ժամանակ․․․»։ «Ամեն ժամանակ» նշանակում է՝ ամեն ժամանակ։ «Ամեն ժամանակ» նշանակում է նաև նեղությունների ու տառապանքների ժամանակ։ «Ամեն ժամանակ» նշանակում է, որ ես Հոգով ու ճշմարտությամբ երկրպագելու եմ իմ Աստծուն՝ անկախ նրանից, թե ինչպիսի իրավիճակներով է անցնում իմ կյանքի ընթացքը։ 

Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ Տերը բնակվում է Իր ժողովրդի փառաբանությունների մեջ։ Աստծու համար թանկ է մեր տառապանքի մեջ Իրեն ուղղված մեր երկրպագությունն ու փառաբանությունը։ Միայն Տեր Աստծուց իրական երկյուղ ունեցող մարդիկ կհասկանան այս մեծագույն զոհաբերության իրական արժեքը։ Մեր սրտից բխող գովաբանությունը և մեր շուրթերի փառաբանությունը դեպի մեզ է շրջում ամենակարող Աստծու հոգատար հայացքը։ 

Քո նեղությունների մեջ մեծագույն օրհնություն կարող ես ընդունել Տիրոջից, երբ հայացքդ կտրես քո կյանքի խնդիրներից, սրտանց փառաբանես Աստծուն այն բոլոր բարիքների համար, որ Նա արել է քո կյանքում, և այն բոլոր հրաշքների համար, որ Նա դեռ անելու է՝ որպես Իր հայրական սիրո ու հոգատարության դրսևորում։

«Տիրոջը պիտի օրհնաբանեմ ամեն ժամանակ․․․»։ Ծանրագույն իրավիճակներում գոհացող սիրտ ունենալը հավատքի մեծագույն դրսևորում է, որի հանդեպ Աստված երբե՛ք անտարբեր չի մնում․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: