April-24

Գլխավոր | Հրաշքներ | Աստված ամեն բան դեպի բարին կշրջի

Աստված ամեն բան դեպի բարին կշրջի

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Երբ անցնում ես ծանրագույն դժվարություններով» անվանումը։ Մեր նախորդ ուղերձի մեջ տեսանք, որ Տերը հրաշալի խոստում է տվել Իր Խոսքի մեջ, որ թույլ չի տա մեր կարողությունից վեր փորձություն մեր կյանքում, իսկ որևէ փորձության առկայության պարագայում ելք կպատրաստի, որպեսզի կարողանանք դիմանալ ու դուրս գալ մեր կյանքի ճգնաժամային իրավիճակներից։

Սիրելի՛ բարեկամ, այս ուղերձի մեջ ևս մեկ հրաշալի խոստման մասին ենք խոսելու, որը ո՛չ թե խնդիրների վերացման կամ դրանց անհապաղ լուծման մասին է, այլ մեր կյանքի դժվարություններն ու ծանր իրավիճակները դեպի բարին շրջելու և մեզ բնավորության, աստվածապաշտության ու մարդկանց հետ հարաբերությունների նոր մակարդակի բարձրացնելու մասին։ 

«Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են Նրա կամքով» (Հռոմեացիս 8․28):

Աստված բարի է, բայց այս աշխարհը լցված է չարիքով։ Մեղքը ապականել է մեզ շրջապատող աշխարհը, որի մեջ մենք ապրում ենք և գործում։ Մեր կամ մյուս մարդկանց մեղքերի ու սխալների պատճառով մեր կյանքում կարող են շատ անցանկալի և երբեմն էլ ողբերգական իրավիճակներ գալ։ Սակայն Աստծու զորավոր խոստումը միշտ գործել է և այսօր էլ գործում է Աստծուն սիրողների համար․ «Ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն․․․»։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ դու սիրո՞ւմ ես Աստծուն։ Անշուշտ, մարդկանց մեծամասնությունը դրական պատասխան կտա այս հարցին։ Սակայն այս հարցի իրական պատասխանն իմանալու համար մենք պետք է հասկանանք, թե Աստված ի՞նչ  նկատի ունի՝ Իրեն սիրել ասելով և ինչպե՞ս է բնութագրում Իրեն սիրող կամ չսիրող մարդկանց։ Սա չափազանց կարևոր է, քանի որ վերը բերված խոստման պայմանը Աստծու հանդեպ սիրո առկայությունն է․ «Ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն․․․»։

«Եթե Ինձ սիրում եք, պահե՛ք Իմ պատվիրանները։ Ով ունի Իմ պատվիրանները և պահում է դրանք, նա՛ է Ինձ սիրում. ով Ինձ սիրում է, պիտի սիրվի Իմ Հորից, Ես էլ պիտի սիրեմ նրան և Ինձ պիտի հայտնեմ նրան»։ Հիսուսը պատասխանեց ու ասաց նրան. «Եթե մեկն Ինձ սիրում է, Իմ խոսքը կպահի։ Եվ Իմ Հայրը կսիրի նրան, և նրա մոտ կգանք ու բնակություն կհաստատենք նրա մոտ։ Ով Ինձ չի սիրում, Իմ խոսքերը չի պահում. և այն խոսքը, որ լսում եք, Իմը չէ, այլ Հորը, որ Ինձ ուղարկեց» (Հովհաննես 14․15,21,23-24):

Կարո՞ղ ես անկեղծորեն ինքդ քեզ համար պատասխանել այս հարցին՝ իսկ դու սիրո՞ւմ ես Տեր Հիսուսին այնպես, ինչպես Նա է ակնկալում։ Տերը հստակ ու պարզ սովորեցնում էր, որ Իր հանդեպ մարդու սերը դրսևորվում է Իր խոսքերի և ուսուցումների հանդեպ հնազանդության որոշումներով։ Դու հավատո՞ւմ ես Տեր Հիսուսի ուսուցանած ճշմարտություններին։ Գիտե՞ս դրանք։ Կարդո՞ւմ ես Աստվածաշունչը, որպեսզի իմանաս Աստծու կամքը քո կյանքի տարբեր իրավիճակներում քո արձագանքի, մարդկանց հանդեպ վերաբերմունքի և կայացրածդ որոշումների առումով։ Դու սիրո՞ւմ ես Տեր Հիսուսին։

Նրան սիրողների համար ամեն ինչ գործակից է լինում բարիքի համար։ Քո կյանքի դժվարությունները դեպի օրհնություններ ու հաղթանակներ տանող ուղիներ են։ Շարունակի՛ր ապրել Քրիստոսի հավատարիմ աշակերտի կյանքով, և շուտով կյանքիդ ծանրագույն իրավիճակները Տիրոջ անվանը փառք բերող մեծագույն վկայությունն են դառնալու։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: