April-4---2025

Գլխավոր | Հրաշքներ | Աստծու սիրո փոխակերպող ներգործությունը

Աստծու սիրո փոխակերպող ներգործությունը

Շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Աստծու սիրո խորհրդանիշը» անվանումը։ Շատ կարևոր է հասկանալ, որ Աստծու սերը ոչ միայն մեր փրկության համար է ուղի բացել Տեր Հիսուսի զոհի շնորհիվ, ոչ միայն Տեր Աստծու շնորհի օգնության մղիչ ուժն է մեր կյանքերում, այլև ունի աննկարագրելիորեն զորավոր փոխակերպող ազդեցություն ու ներգործություն այն սրտանց ընդունողների վրա։

Սիրելի՛ բարեկամ, Աստծու սերը մերժվածներին դարձնում է ընդունելի ու ցանկալի։ Աստված վերցնում է կոտրված ու փշրված սրտերը և նորոգում ու բժշկում հոգու վերքերը։ Աստծու ձեռքերի մեջ անփայլ քարակտորը սկսում է ադամանդի պես փայլել։ Եվ այդ ամենը Տեր Աստծու սիրո փոխակերպող ներգործության շնորհիվ։ 

«Եվ արդ, այսպես է ասում Բարձրը, Բարձրյալը, հավիտենության մեջ բնակվողը, որի անունը Սուրբ է. «Ես բնակվում եմ բարձունքում և սուրբ տեղում, բայց բեկված և խոնարհ հոգի ունեցող մարդու հետ եմ լինում, որպեսզի վերակենդանացնեմ խոնարհների հոգին, վերակենդանացնեմ բեկվածների սիրտը» (Եսայիա 57․15):

Երբ մենք հավատքով ընդունում ենք Տեր Հիսուսի շնորհած փրկությունը, երբ ապաշխարում ենք մեր սխալ ապրելակերպից և որոշում կայացնում այս կյանքն ապրել Քրիստոսի հավատարիմ աշակերտի կյանքով, մենք միանում ենք Աստծու ընտանիքին և դառնում Նրա կողմից որդեգրված զավակները։ 

«Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները Նրան չընդունեցին։ Սակայն նրանց, ովքեր ընդունեցին Նրան և հավատացին Նրա անվանը, իշխանություն տվեց Աստծու որդիները լինելու։ Նրանք չծնվեցին արյունից, ո՛չ էլ մարմնի ու մարդու կամքից, այլ ծնվեցին Աստծուց» (Հովհաննես 1.11-13):

Աստծուց ծնվածները իրենց մեջ կրում են երկնային Հոր հոգևոր գեները։ Աստծու սերը մեր փրկության պատճառն է և մեր փոխակերպման միջոցը։ Ինչպես Աստված սիրեց մեզ և Իր Միածին Որդուն զոհեց՝ որպես մեր մեղքերի փրկագին, այնպես Նա Իր անսահման խորը սիրով հոգացել է, որ Իրենից հոգևորապես ծնված նոր արարածները Իր Խոսքի շնորհիվ, Իր Հոգով լցված և Իր Եկեղեցու խնամքի ներքո աճեն, հասունանան և նմանվեն Իր Որդու պատկերին։

«Որովհետև նրանց, ում սկզբում ճանաչեց, նախասահմանեց կերպարանակից լինել Իր Որդու պատկերին, որպեսզի Նա անդրանիկը լինի բազում եղբայրների մեջ։ Եվ որոնց նախասահմանեց, նրանց նաև կանչեց, որոնց որ կանչեց, նրանց նաև արդարացրեց, իսկ որոնց արդարացրեց, նրանց նաև փառավորեց» (Հռոմեացիս 8․29-30):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստծու սիրո ներգործության ներքո մերժվածները դառնում են ընդունելի, անտեսվածները՝ գնահատված, կոտրված ու փշրվածները դառնում են մյուսների վերքերը ամոքող, իսկ ուրիշներից օգնություն ակնկալողները՝ առատաձեռն բարեգործներ։ Այս և նմանատիպ շատ այլ հրաշքներ տեղի են ունենում հոգևոր աճի և հասունության արդյունքում, որը նույնպես Աստծու սիրո դրսևորումն է մեր նկատմամբ։ 

Իսկ դու գնահատո՞ւմ ես Աստծու սիրո հոգատարությունը քո հոգևոր ընտանիքի և հոգևոր աճի առնչությամբ։ Իսկ դու փափագո՞ւմ ես, որ քեզ փրկագնած Աստված Իր սիրով ներգործի քո կյանքի վրա և փոխակերպի քեզ՝ ավելի ու ավելի նմանեցնելով Իր Որդու պատկերին և քո մեջ արմատացնելով Տիրոջ սկզբունքներն ու մոտեցումներն այս կյանքի և Աստծու կամքի հանդեպ․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: