April-6---2025

Գլխավոր | Հրաշքներ | Աստծու սերն արձագանք է ենթադրում

Աստծու սերն արձագանք է ենթադրում

Այս ուղերձով մենք ավարտում ենք «Աստծու սիրո խորհրդանիշը» անվանումը կրող ուղերձների շարքը։ Հուսով եմ, որ Աստծու սիրո մասին ուղերձների այս շարքը օրհնություն էր քեզ համար և կմղի քեզ այդ անըմբռնելի և անսահման մեծ սիրուն համապատասխան արձագանքի։ 

Սիրելի՛ բարեկամ, այո՛, Աստծու սերն արձագանք է ենթադրում։ Աստված համապատասխան արձագանք է ակնկալում բոլոր այն մարդկանցից, որոնք այս կամ այն կերպ զգացել կամ ճաշակել են Իր սերը։

«Մի՛ սիրեք աշխարհը և ոչ էլ այն, ինչ աշխարհի մեջ է։ Եթե մեկն աշխարհը սիրում է, Հոր սերը նրա մեջ չէ, որովհետև այն ամենը, ինչ աշխարհի մեջ է, մարմնի ու աչքերի ցանկություն է և այս կյանքի ամբարտավանություն, Հորից չէ, այլ աշխարհից» (Ա Հովհաննես 2.15-16):

Աստծու սերն ու աշխարհի սերն անհամատեղելի են։ Աստված ակնկալում է, որ Իր սերն ընդունած մարդիկ կդադարեն աշխարհի մեղավոր հաճույքների հանդեպ սեր տածելուց։ 

«Հիսուսը նրան պատասխանեց. «Առաջին և ամենակարևոր պատվիրանը սա է՝ “Լսի՛ր, Իսրայե՛լ, մեր Տերը՝ Աստված, միակ Տերն է։ Եվ սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ մտքով ու ամբողջ զորությամբ”։ Սա է առաջին պատվիրանը։ Իսկ երկրորդը սրան նման է՝ “Սիրի՛ր քո ընկերոջը քո անձի պես” ։ Սրանցից ավելի մեծ պատվիրան չկա» (Մարկոս 12․29-31):

Երբ մենք մերժում ենք աշխարհի սերն ու եսակենտրոնության կյանքը, մենք ընդունում ենք մեր սրտերում Տեր Աստծու փոխակերպող ներգործությունը։ Հե՛նց այդ սիրո շնորհիվ է, որ մենք ունակ ենք դառնում մարդկանց մեր անձի պես սիրելու։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստծու սերն արձագանք է ենթադրում։ 

  1. Աստված ակնկալում է, որ մենք կճանաչենք Իրեն և մեր ամբողջ էությամբ Նրան կդարձնենք մեր կյանքի կենտրոնն ու առանցքը։
    «Ո՞վ ունեմ ես երկնքում, երկրի վրա էլ Քեզնից բացի ուրիշ բան չեմ ուզում» (Սաղմոս 73․25):
  2. Աստված ակնկալում է, որ մենք կսկսենք ապրել սրբության կյանքով։
    «Բոլորի հետ հետամո՛ւտ եղեք խաղաղության և սրբության, առանց որի ոչ ոք Տիրոջը չի տեսնի» (Եբրայեցիս 12․14):
  3. Աստված ակնկալում է, որ մենք կդառնանք Իր աշակերտները և կշարունակենք այս երկրի վրա Տեր Հիսուսի առաքելությունը։
    «Հիսուսը մոտեցավ, խոսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա։ Արդ գնացե՛ք, աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի։ Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը» (Մատթեոս 28.18-20):

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: