Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Դու կարո՛ղ ես հանդիպել Աստծուն» անվանումը։ Այսօր խոսելու ենք Տեր Հիսուսի ժամանակներում Աստծու ներկայության մասին։ Տեր Հիսուսի երկրային ծառայությունը հե՛նց Աստծու այցելությունն էր մարդկանց։
«Հայտնապես մեծ է աստվածապաշտության խորհուրդը. Աստված մարմնով հայտնվեց․․․» (Ա Տիմոթեոս 3․16):
Սիրելի՛ բարեկամ, Տեր Հիսուսը թողեց Իր աստվածային փառքը Երկնքում և մարմնով աշխարհ եկավ, որպեսզի մեզ համար բացի ճանապարհը դեպի Տեր Աստծու փառավոր ներկայությունը։ Նա մարդկանց փրկության ուղին էր սովորեցնում և զգուշացնում ինքնախաբեությունից ու մոլորեցնողների ստություններից։ Նա ո՛չ միայն լուսավորեց դեպի Տերը տանող ճանապարհը, այլ հենց Ի՛նքը դարձավ այդ ճանապարհը՝ վճարելով մեղքից ու մահից մեր ազատվելու համար անհրաժեշտ փրկագինը։
«Հիսուսը նրան ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը. ոչ ոք Հոր մոտ չի գա, եթե ոչ Իմ միջոցով» (Հովհաննես 14․6):
Նրա խաչելությամբ վերից վար պատռվեց Տաճարի վարագույրը, որը խորհրդանշում էր մարդու և Աստծու ներկայության բաժանումը։ Տեր Հիսուսը ճանապարհն է, որի շնորհիվ մենք կարող ենք մուտք գործել Աստծու ներկայության մեջ և զորավոր ու փառավոր հանդիպում ունենալ Նրա հետ։ Եվ ո՛չ միայն հանդիպում, այլ հարատև հարաբերություն, ինչպիսին զավակները կարող են ունենալ իրենց երկնային Հոր հետ։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ ինչպիսի՞ն էր մարդկանց արձագանքը, երբ Տեր Հիսուսի մեջ տեսնում էին Նրա աստվածային գործերը։ Մեր նախորդ ուղերձի մեջ մենք տեսանք, որ հինկտակարանյան ժամանակներում մարդիկ լցվում էին Տիրոջ երկյուղով և ակնածանքով, երբ բացահայտում էին, որ Աստծու փառավոր ներկայության մեջ են։ Բազմաթիվ նմանատիպ օրինակներից մենք անդրադարձանք Եսայիա մարգարեի երկյուղի և Տիրոջ սրբության հանդեպ ակնածանքի օրինակին։
Բացարձակապես նույն արձագանքն էր Տեր Հիսուսի ժամանակներում։
«Եվ Սիմոն Պետրոսը, այդ տեսնելով, Հիսուսի ծնկներին ընկավ ու ասաց. «Տե՛ր, հեռո՛ւ գնա ինձանից, որովհետև ես մեղավոր մարդ եմ» (Ղուկաս 5․8):
Սակայն, ինչպես Եսայիայի պարագայում Աստված խոսեց ու կանչեց նրան ծառայելու Իրեն, այնպես էլ Պետրոսի պարագայում Տերը չնայեց վերջինիս մեղավոր լինելուն, այլ կանչեց նրան հետևելու Իրեն․ «Հիսուսը Սիմոնին ասաց. «Մի՛ վախեցիր. այսուհետև մարդկանց պիտի որսաս»։ Եվ նավերը ցամաք հանեցին, ամեն ինչ թողեցին ու Նրան հետևեցին» (Ղուկաս 5․10-11):
Իսկ դու երբևէ զգացե՞լ ես Տեր Աստծու ներկայությունը։ Ի՞նչ ապրումներ ես ունեցել։ Ինչպիսի՞ որոշումների է մղել քեզ Տիրոջը հանդիպելը։ Իսկ եթե դեռ չես հանդիպել, ապա այս բոլոր օրինակները քեզ մի պարզ ճշմարտություն են փոխանցում՝ դու կարո՛ղ ես հանդիպել Աստծուն։
«Խնդրե՛ք, և կտրվի ձեզ, փնտրե՛ք և կգտնեք, բախե՛ք, և ձեզ կբացվի. որովհետև ով խնդրում է, ստանում է, ով փնտրում է, գտնում է, ով բախում է, նրան բացվում է» (Մատթեոս 7․7-8):
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը