Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Դու կարո՛ղ ես հանդիպել Աստծուն» անվանումը։ Մեր նախորդ ուղերձների մեջ մենք խոսեցինք Տեր Աստծու հետ իրական հանդիպում ունենալու նախապայմանների մասին։ Սակայն երբե՛ք չպետք է մոռանանք, որ Աստված ինքնիշխան է և կարող է ցանկացած պահի այցելել ցանկացած մարդու առանց որևէ նախապայմանների։ Աստված երբե՛ք և ո՛չ մի կերպ չի սահմանափակվում որևէ պայմանով կամ նախապայմանով։
Սիրելի՛ բարեկամ, Աստված բազմաթիվ մարդկանց է այցելել հինկտակարանյան ժամանակներում։ Նա այցելեց Կայենին և զգուշացրեց մեղքի վրա իշխելու, այլ ոչ թե մեղքից հաղթվելու մասին։ Աստված այցելեց Նոյին և զգուշացրեց գալիք ջրհեղեղի ու դրանից փրկվելու համար տապան կառուցելու մասին։ Աստված այցելեց Աբրահամին և նրան դուրս հանեց հեթանոսական միջավայրից ու խոստում տվեց, որ նրա սերունդները Իր ժողովուրդն են լինելու և երկնքի աստղերի չափ բազմաթիվ են լինելու։
Երբ Աստված կանչեց ու հանդիպեց Մովսեսին, հրահանգեց հանել ոտքերի կոշիկները, քանի որ նրա կանգնած տեղը սուրբ էր։ Երբ տարիներ անց Մովսեսն էր պատրաստում Իսրայելի ծերերին, որպեսզի գան ու երևան Աստծու առջև, Աստված կրկին օրեր շարունակ մաքրվելու ու սրբության հրահանգ տվեց։
Աստված բազմաթիվ մարդկանց է հանդիպել հինկտակարանյան ժամանակներում, Նա ինքնիշխան է։ Սակայն միշտ մարդու համար եղել է սրբության պահանջը կամ սեփական անսուրբ վիճակը գիտակցելու երկյուղը։ Բավականին ուսանելի է Եսայիա մարգարեի արձագանքը Տեր Աստծու ներկայության մեջ Տիրոջը հանդիպելուն։
«Ոզիա թագավորի մահվան տարում տեսա Տիրոջը, որ բազմած էր բարձր և վեհանիստ մի գահի վրա, և Նրա քղանցքը լցրել էր տաճարը։ Նրա վերևում կանգնած էին սերովբեներ, որոնցից յուրաքանչյուրն ուներ վեց թև. երկուսով ծածկում էր իր դեմքը, երկուսով՝ իր ոտքերը և երկուսով թռչում էր։ Կանչում էր մեկը մյուսին և ասում. «Սուրբ, Սուրբ, Սուրբ է Զորությունների Տերը, և ամբողջ երկիրը լի է Նրա փառքով»։ Աղաղակողի ձայնից դրանդիների հիմքերը երերացին, և տունը լցվեց ծխով։ Ես ասացի. «Վա՜յ ինձ, ես կորած եմ, որովհետև ես պիղծ շուրթերով մի մարդ եմ, պղծաշուրթ մի ժողովրդի մեջ եմ բնակվում, և իմ աչքերը տեսան Թագավորին՝ Զորությունների Տիրոջը»։ Ապա սերովբեներից մեկը թռավ ինձ մոտ՝ ձեռքին կրակի մի կայծ բռնած, որ ունելիով վերցրել էր զոհասեղանի վրայից։ Դրանով նա դիպավ իմ բերանին և ասաց. «Ահա սա դիպավ քո շուրթերին. քո անօրենությունը վերացած է, և քո մեղքը՝ քավված» (Եսայիա 6․1-7):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, տարբերություն կա, երբ թագավորն է այցելում մարդկանց, և երբ մարդն է պատրաստվում այցելել թագավորին։ Հնուց բազմաթիվ պատմություններ են մեզ հասել, երբ թագավորները հագնվել են հասարակ մարդկանց նման և այցելել մարդկանց։ Սակայն մեծ տարբերություն է եղել, երբ թագավորն է որևէ մարդու կանչել իր պալատ՝ հանդիպելու նրա հետ։ Թագավորի ներկայության մեջ մտնելու համար հատուկ նախապայմաններ են գործել, և մարդը հատուկ նախապատրաստություն է անցել, մինչև իրեն թույլ տային երևալու թագավորի առջև։
Նույնը ճշմարիտ է Տեր Աստծու պարագայում։ Նա բազմաթիվ մարդկանց է այցելել։ Սակայն երբ մարդը հայտնվում է տերերի Տիրոջ և թագավորների Թագավորի ներկայության մեջ, անմիջապես զգում է սեփական մեղավոր բնույթն ու Տեր Աստծու աննկարագրելի սրբությունը։ Նման հանդիպումների հետևանքը Տեր Աստծու հանդեպ ակնածանքն ու երկյուղն է լինում, ինչպես նաև սրբանալու ու մաքրվելու մեծագույն փափագը։
Իսկ դու երբևէ զգացե՞լ ես Աստծու ներկայության սրբությունը։ Երբևէ վերապրե՞լ ես Տեր Աստծու հանդեպ երկյուղն ու ակնածանքը։ Դու փափագո՞ւմ ես հանդիպել Տեր Աստծուն և վայելել Նրա ներկայության քաղցրությունը․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը