October-20

Գլխավոր | Հրաշքներ | Աստծու հրեշտակները քո կողքին են

Աստծու հրեշտակները քո կողքին են

Գիտե՞ս, որ մարդը երբե՛ք մենակ չի կարող լինել: Աստված տեսնում է յուրաքանչյուրին։ Իսկ Իր զավակների առումով Նա նաև հատուկ ծրագրեր ունի, որոնք ձգտում է իրականացնել նրանց կյանքում: Նա առաքելություն ունի քեզ համար և այդ նպատակով նաև օգնականներ է դնում քո կողքին…

Այո՛, Աստվածաշունչը խոսում է հրեշտակների մասին և նրանց անվանում է սպասավոր հոգիներ, որոնք թե՛ Աստծուն են ծառայում և թե՛ Աստծու կողմից ուղարկվում են օգնելու այն մարդկանց, որոնք փափագում են ապրել Աստծու կամքով և այս երկրային կյանքում իրականացնել այն առաքելությունը, որն Աստված է նրանց վստահել։

Սիրելի՛ բարեկամ, այնքա՜ն եմ ուզում, որ դո՛ւ էլ օգտվես այս գերբնական օգնությունից․․․ Իսկ այդ օգնությունն ընդունելու պայմանը Տեր Հիսուս Քրիստոսին հավատալն ու Նրա աշակերտը դառնալն է։ Տե՛ս, թե ինչ է այս մասին ասում Աստվածաշունչը․ «Չէ՞ որ բոլորն էլ սպասավոր հոգիներ են՝ ուղարկված ծառայելու նրանց, ովքեր փրկությունը պիտի ժառանգեն» (Եբրայեցիս 1․14

Մենք ունենք հոգևոր թշնամի։ Եվ երբ նրա զորքը հարձակվում է քեզ վրա, ապա Աստծու հրեշտակները գիտեն՝ ինչպես պաշտպանել քեզ:

Նման պաշտպանության վառ դրսևորում էր այն, ինչը պատահեց Պետրոս առաքյալի հետ, երբ նա բանտարկված էր։ Մինչ նա քնած էր երկու պահակների մեջտեղում, իսկ առնվազն ևս 16 այլ պահակներ հսկում էին նրա խցի դռան մոտ, Աստծու հրեշտակը եկավ և անհավանական կերպով ազատեց նրան բանտից՝ ապահով կերպով անցկացնելով նրան բանտի դռների միջով և պահապանների կողքով (տե՛ս Գործք 12․4-11)։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այս ամենը գրված է Աստվածաշնչում, որպեսզի ես և դու մի բան հասկանանք՝ եթե մենք մեր կյանքը վստահել ենք Աստծուն և դարձել Տեր Հիսուսի աշակերտները, ապա Նա՛ է վերահսկում մեր կյանքի ընթացքը, և մենք ոչնչից չպե՛տք է վախենանք։ Մենք երբե՛ք ու երբե՛ք չպետք է հրեշտակներից խնդրենք մեր պաշտպանությունը։ Նրանց ուղարկողն Աստված է։ Մենք պետք է վստահենք Աստծուն և միայն Նրանից ակնկալենք մեր օգնությունը։ Իսկ Տերը գիտի, թե ինչպես դա կազմակերպի և ում միջոցով։ 

Այո՛, եթե դու հավատում ես Տեր Հիսուս Քրիստոսին և նվիրվել ես Նրա կամքն այս երկրի վրա կատարելուն ու Նրա սովորեցրած սկզբունքներով ապրելուն, ապա դու երբե՛ք միայնակ չես։ Իսկ եթե, այնուամենայնիվ, քո կյանքում լինում են պահեր, երբ քեզ միայնակ ես զգում, ապա ինքդ քեզ հիշեցրո՛ւ աստվածաշնչյան անխախտ ճշմարտությունը՝ Աստված քո կողքին է և Նա անձամբ է հոգ տանում քո մասին: Եվ եթե թշնամու ողջ զորքն էլ հարձակվի քեզ վրա, ապա հիշի՛ր Սաղմոս 34.7 խոսքը, որն ասում է, որ Աստված հրեշտակների բանակ է կարգում Իրենից երկյուղ ունեցող մարդկանց շուրջ՝ սպասավոր հոգիների մի զորավոր բանակ, որոնք ամեն վայրկյան պատրաստ են օգնության հասնելու քեզ։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: