Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Ասացվածքներ, որոնք վերցված են Աստվածաշնչից» անվանումը։ Այսօրվա ասացվածքը, որը մեր ժողովուրդը վերցրել է բացարձակ ճշմարտության միակ հավաստի աղբյուր Աստվածաշնչից, հետևյալն է՝ «Ասա՝ ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու»։
Սիրելի՛ բարեկամ, ընկերության թեման կարևոր տեղ ունի Աստվածաշնչում։ Աստված կարևորում է լավ ընկերների դերը մարդու կյանքում և հորդորում լավ ընկեր լինել մյուսների համար։ Սակայն Աստծու Խոսքը նաև զգուշացնում է մարդու կյանքի վրա վատ ընկերների թողած կործանարար ազդեցության մասին։
«Մի՛ խաբվեք. չար ընկերակցությունները ապականում են բարի վարքը» (Ա Կորնթացիս 15.33):
«Ասա՝ ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու»։ Ընկերությունը մարդկանց նմանեցնում է իրար։ Սա ճշմարիտ է թե՛ դրական և թե՛ բացասական իմաստով։ Իմ անձնական փորձից կարող եմ վկայել, որ իմ համար մեծ օրհնություն է եղել ոմանց հետ ընկերությունը, իսկ որոշների հետ ոչ մի կերպ չի ստացվել ընկերություն անելը, քանի որ մենք տարբեր ենք եղել կարևորագույն արժեքների հանդեպ մեր վերաբերմունքի ու մոտեցումների հարցում։ Եղել են նաև մարդիկ, որոնց հետ ընկերությունից հրաժարվելն է իրական օրհնություն դարձել իմ կյանքում։ Որքան էլ այս միտքը տարօրինակ հնչի, այն ունի աստվածաշնչյան հիմք։
«Ընկերներ կան, որոնք կործանում են բերում, բայց ընկեր կա, որ եղբորից ավելի հավատարիմ է» (Առակաց 18․24):
«Ասա՝ ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու»։ Աստվածաշունչն ասում է․ «Մի՛ խաբվեք. չար ընկերակցությունները ապականում են բարի վարքը»։ «Մի՛ խաբվեք» արտահայտությունը այն մասին է, որ մարդիկ հակված են իրենք իրենց խաբելու։ Նրանց հաճելի է չար ընկերակցությունը, ու նրանք մտածում են, թե իրենց պարագայում բացառություն է լինելու, և նման ընկերները բացասական ազդեցություն չեն կարողանալու թողնել իրենց վարքագծի ու արժեհամակարգի փոփոխության վրա։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, չար ընկերակցությունը նման է վարակի։ Մարդը չի տեսնում հիվանդության վարակի հարուցիչը։ Այն փոխանցվում է անկախ մեր ցանկությունից և զգուշավորության աստիճանից։ Պարզապես պետք է հեռու մնալ վտանգավոր ու վարակիչ հոգևոր հիվանդության վիրուսներով վարակակիր մարդուց։ Դա չի նշանակում, որ նման մարդուն պետք է անտեսել ու չօգնել։ Տեր Հիսուսը հատուկ գնում էր նման մարդկանց մոտ և օգնում նրանց՝ ցույց տալով ապաշխարության, մեղքից ազատագրվելու և Տեր Աստծու հետ հաշտություն գտնելու ուղին։
Աստվածաշնչի զգուշացման խոսքն ընկերության մասին է, երբ մարդուն հաճելի է տվյալ մարդու հետ անցկացրած ժամանակը։ Երբ մեզ հաճելի է մեղքի կյանքով ապրող և Քրիստոսի պատվիրաններն արհամարհող մարդու ներկայությունն ու նրա հետ ընկերությունը, ապա մեր բարի վարքը վաղ թե ուշ ապականվելու է, ինչպես ապականված է այդ մարդու վարքը։ «Ասա՝ ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու»։
Չար, Աստվածաշունչը մերժող ու Աստծու Խոսքին անհնազանդ մարդկանց հետ ընկերությունը նման է վարակի։ Մարդը վարակվում է նրանց հետ շփումից՝ առանց այդ հոգևոր վարակի որևէ տեսանելի դրսևորման։
«Բարկացկոտ մարդու հետ մի՛ ընկերացիր և մի՛ գնա ցասկոտ մարդու հետ, Որպեսզի հանկարծ չսովորես նրա ուղիները, և անձդ որոգայթի մեջ չընկնի» (Առակաց 22․24-25):
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը