July-4 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Այս տիեզերքի Արարիչը թակում է քո դուռը

Այս տիեզերքի Արարիչը թակում է քո դուռը

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Դու կարո՛ղ ես հանդիպել Աստծուն» անվանումը։ Երեկվա ուղերձի մեջ մենք տեսանք, որ սրբությունն իր մեջ մի զորավոր ձգողականություն ունի, որը թե՛ մարդկանց է ձգում դեպի իրեն և թե՛ Աստծուն, որպեսզի Տերը մտերիմ հարաբերություն հաստատի սրբության կյանքի փափագ ունեցող մարդու հետ։ Նաև խոսեցինք այն մասին, որ Աստված ինքնիշխան է և Իրեն կարող է հայտնել ցանկացած մարդու։ Սակայն Նրա ներկայության մեջ մուտք գործելու՝ Նրան հանդիպելու համար, մարդը պետք է հատուկ պատրաստվի և կարգի բերի իր հոգևոր հանդերձանքն ու հետևի Տեր Աստծու ներկայացրած մաքրության և սրբության պահանջներին։

Սիրելի՛ բարեկամ, հին ժամանակներում թագավորները հաճախ էին հասարակ մարդկանց հանդերձ հանգնում և գնում ու շփվում մարդկանց հետ, զրուցում, տեղեկանում նրանց խնդիրներին կամ հատուկ այցելություններ անում որոշակի մարդկանց։ Համոզված եմ, որ ֆիլմերում կամ գրքերում հանդիպած կլինես նման պատմությունների։ Սակայն, երբ մարդն ուզում էր գնալ թագավորական պալատ և հանդիպել այդ նույն թագավորին, նա պետք է հատուկ պայմանների բավարարեր։ Դրանցից ամենակարևորներն էին տվյալ մարդու լվացված ու մաքուր լինելը և մաքուր հանդերձանք ունենալը։ 

Երբ մատռվակապետը Եգիպտոսի փարավոնին պատմեց Հովսեփի մասին, որ կարողանում էր երազները մեկնել, և փարավոնը հրամայեց իր մոտ բերել Հովսեփին, վերջինիս հատուկ պատրաստեցին փարավոնի առջև կանգնելուն։

«Փարավոնը մարդ ուղարկեց և կանչեց Հովսեփին։ Շուտով նրան հանեցին բանտից։ Նա ածիլվեց, փոխեց իր հանդերձները և եկավ փարավոնի մոտ» (Ծննդոց 41․14):

Տեր Հիսուսն Իր պատմած առակի մեջ ներկայացնում է մի մարդու, որ առանց հարսանիքի հանդերձների եկել էր թագավորի որդու հարսանիքին։

«Երբ թագավորը ներս մտավ հյուրերին տեսնելու, այնտեղ մի մարդու նկատեց, որը հարսանքավորի զգեստ չէր հագել։ Նրան ասաց. “Ընկե՛ր, առանց հարսանքավորի զգեստ ունենալու ինչպե՞ս այստեղ մտար”։ Նա պապանձվեց» (Մատթեոս 22.11-12):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստվածաշունչը հստակ ուսուցում է փոխանցում այն մասին, որ Աստծուն երկրպագողները՝ Աստծու ներկայության մեջ Նրան պաշտողները, պետք է հատուկ հոգևոր հանդերձանք ունենան, որը սրբության կյանքն է՝ սրբության զարդարանքը։

«Տվե՛ք Տիրոջը Իր անվան փառքը. երկրպագե՛ք Տիրոջը սրբության զարդարանքով» (Սաղմոս 29․2):

Աստվածաշունչը սովորեցնում է նաև, որ սրբության կյանք ապրող մարդկանց հոգևոր հանդերձանքը սպիտակ և մաքուր բեհեզն է։ 

«Ուրախանանք և ցնծանք ու փառք տանք Նրան, որովհետև Գառան հարսանիքը հասավ, և Նրա կինը պատրաստեց ինքն իրեն։ Նրան տրվեց, որ հագնի սպիտակ, մաքուր և լուսափայլ բեհեզ», որովհետև բեհեզը սրբերի արդարությունն է» (Հայտնություն 19.7-8):

Իսկ գիտե՞ս արդյոք, որ Տերը Ինքն է ուզում քեզ հանդիպել։ Նա այսօր էլ թակում է քո սրտի դուռը, որպեսզի բացես ու ներս հրավիրես քեզ սիրող Աստծուն (տե՛ս Հայտնություն 3.20 խոսքը)։ Իսկ դու պատրա՞ստ ես հանդիպելու Նրան։ Քո հանդերձները մաքո՞ւր են։ Դու փափագո՞ւմ ես ապրել սրբության կյանքով՝ այն կյանքով, որը հաճելի է Աստծուն և որը Նա՛ է քեզնից ակնկալում։ Կբացե՞ս այն դուռը, որը Նա թակում է քեզ հանդիպելու համար․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: