February-11

Գլխավոր | Հրաշքներ | Այս վերաբերմունքը արագացում կբերի քո կյանք։

Այս վերաբերմունքը արագացում կբերի քո կյանք։

Սիրելի՛ բարեկամ, այսօր մենք շարունակում ենք ուղերձների մեր շարքը, որը կրում է «Աստվածային արագացման բանալիները» անվանումը։ Ե՛կ շարունակենք խոսել այն բանալիների մասին, որոնք մեզ հնարավորություն են տալիս մեր կյանքում փորձառաբար վերապրելու աստվածային արագացումը: Երբևէ զգացե՞լ ես, որ դիմացինի դրական վերաբերմունքն ասես արևի ճառագայթների նման ջերմացնում է քեզ ու ուրախությամբ լցնում քո սիրտը։

Ես հաճախ եմ նման զգացողություն ունենում, հատկապես, երբ ինչ-որ մեկը մոտենում է ինձ և իր երախտագիտությունը հայտնում, քանի որ Աստված ինձ կամ մեր եկեղեցու ծառայություններն օգտագործել է այդ մարդու կյանքում դրական փոփոխություն բերելու համար։

Մարդու ամենադրական վերաբերմունքներից մեկը երախտագիտությունն է: Երբ մենք ունենք գոհացող սիրտ և շնորհակալ ենք Աստծուց այն ամենի համար, ինչ Նա տվել է մեզ, և այն մարդկանց համար, որ ուղարկել է մեր կյանք, ապա մեր սիրտն ու էությունը լցվում են Տիրոջ ողորմություններով և օրհնություններով:

Երբեմն, սակայն, մենք անցնում ենք կյանքի դժվարություններով: Դրանք կարող են այնպիսի՜ ուժգնությամբ դրսևորվել և ցավն այնքա՜ն իրական կարող է լինել, որ գրեթե անհնար է լինում դրանց դիմանալն ու նման կյանքով ապրելը։ Սակայն կյանքի այդպիսի ժամանակաշրջաններում չպետք է մոռանանք, որ նման իրավիճակներում Աստված դեռ չի ասել Իր վերջնական խոսքը։ Տիրոջ ողորմություններն ամեն օր նորանոր դրսևորումներ են ունենում, իսկ Նրա հանդեպ երախտագիտությունն ու գոհության դրսևորումը մեր մեջ և մեր շրջապատում մի առանձնահատուկ միջավայր է ստեղծում: Մենք դառնում ենք դժվարությունների մեջ հավատքով Տիրոջը վստահող մարդու իսկական օրինակ։ Դրանով մենք բարիք ենք անում թե՛ ինքներս մեզ և թե՛ մեր շրջապատի մարդկանց:

Իսկ եթե կարծում ես, թե չունես նման որակներ և անհնարին է քո իրավիճակում գոհացող սիրտ ունենալ, ապա լավ լուր ունեմ քեզ համար՝ երախտագիտությունը հնարավոր է զարգացնել սովորելու միջոցով։ Պողոս առաքյալն ասում է. «Կարիքի մեջ լինելուս համար չեմ ասում, որովհետև ես սովորել եմ բավարարվել նրանով, ինչի մեջ որ կամ» (Փիլիպպեցիս 4․11

Մտածի՛ր Պողոսի և Շիղայի մասին, ովքեր գիշերվա կեսին բանտախցի մեջ, դաժան ծեծի պատիժն ընդունելուց հետո երգում ու փառաբանում էին Աստծուն։ Աստված նրանց երախտագիտությունը վերածեց երկրաշարժի և արտասովոր օրհնության: Հենց այդ օրհնության արդյունքում էր, որ այդ գիշեր բանտապետը և նրա ընտանիքը հավատացին Տեր Հիսուսին ու մկրտվեցին (Գործք16․22)։ 

Այսպիսով, աստվածային արագացումը վերապրելու երկրորդ բանալին ամեն ժամանակ և ցանկացած իրավիճակում երախտագիտության դրսևորումն է: Շնորհակալ լինելը մեր կյանքը վերածում է օրհնության: Եվ այս օրհնությունը՝ նախ բխում է քո ներսից, իսկ հետո տարածվում նաև մյուսների վրա:

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, հրավիրում եմ քեզ այսօրվանից սկսած վարժեցնել քո անձը երախտագիտության վերաբերմունք և արձագանք զարգացնելու մեջ: Սկսի՛ր գոհանալ այն ամենի համար, ինչ ունես, նույնիսկ այնպիսի բաների, որոնք քեզ աննշան են թվում: Այսօր գրի՛ առ դրանք քո երախտագիտության տետրում և երեկոյան անկողին մտիր գոհությամբ լցված սրտով: Վաղն առավոտյան կրկնիր նույնը։ Եթե անես դա ամեն առավոտ և երեկո, ապա քո ամեն օրը իրական հրաշք կդառնա ոչ միայն քեզ, այլև քո շրջապատի մարդկանց համար:

Մաղթում եմ գեղեցիկ և Աստծո ներկայությամբ լեցուն օր:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: